14.11.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
2019 թ. նոյեմբերի 13-14-ը Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանում տեղի է ունեցել «PRINTeL» նախագծի տեղեկատվության տարածմանը նվիրված համաժողով «Ակտիվ և տեխնոլոգիապես հագեցած դասավանդում և ուսուցում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով:

Այն «PRINTeL»-ի «Փոփո­խու­­­­թյուն լսարանում. նորարարա­կան դասավանդման և ուսումնառության օժանդա­կում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառու­թյան բարելավման նպատակով» նախագծի հերթական համաժողովն էր։

 

Համաժողովին մասնակցում էին «PRINTeL» նախագծում ներգրավված եվրոպական հինգ և արևելյան գործընկերության ինը համալսարանների շուրջ 50 մասնակիցներ։

 

Երևանի պետական համալսարանից համաժողովին մասնակցում էին «PRINTeL» նախա­գծի ղեկավար, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը և նույն կենտրոնի առաջատար մասնագետ, նախագծի համակարգող Մարի Սանթուրջյանը, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դո­ցենտ Մենուա Սողոմոնյանը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Աննա Ալեքսանյանն ու Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը։

 

Համաժողովի նպատակն էր գնահատել նախագծի շրջանակում իրա­կա­նաց­ված բոլոր միջոցառումների, այդ թվում՝ վերապատրաստումների արդյու­նա­վետությունը, ինչպես նաև ձեռքբերված արդյունքներն ու առկա մարտահրավերները:

 

 

Համաժողովի առաջին օրը տեղի ունեցավ 5 նիստ, որոնք ամփոփեցին գործընկեր եվրոպական բուհերում անցկացված վերապատրաստումների արդյունավետությունը, ինչպես նաև բուհերում դրանց ներդրման հաջողությունները և առկա խնդիրները:

 

Նշված նիստերը վարում էին եվրոպական գործընկեր ու Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի բուհերի այն ներկայացուցիչները, որոնք վերապատ­րաս­տվել էին հինգ ուղղություններով՝ համակցված դասավանդում և ուսուցում, տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք, համագործակցային ակտիվ ուսու­ցում լսարանում, ակտիվ ուսուցում «շրջված դասարանում», ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում:

 

Համաժողովի մասնակիցներն անդրադարձան նշված թեմաներին առնչվող հիմնական խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Աշխատանքային օրվա վերջում Լինշոպինգի համալսարանի դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրեն Գունվոր Լարսեն Թորսթենսդոթերն ամփոփեց օրվա քննարկումները:

 

Գիտաժողովի երկրորդ աշխատանքային օրը նվիրված էր վերապատ­րաստում­ների արդյունքներին, որոնք գնահատում էին և՛ դասախոսները, և՛ ուսա­նողները:

  

 

Ելույթ ունեցող դասախոսները և դասավանդման գործընթացում ներ­գրավ­ված այլ շահակիցները քննարկեցին վերապատրաստումների արդյունավետության, օգտակարության և գործնական կիրառության վերաբերյալ հարցեր, խոսեցին ապագա ծրագրերից, ինչպես նաև ցանկություն հայտնեցին և առաջար­կեցին, որպեսզի վերապատրաստումները շարունակական լինեն:

 

Քննարկվեց եվրոպական գործընկեր բուհերում դասախոսական կազմի վերապատրաստման կենտրոնների լավագույն փորձը: Եվրոպական գործընկեր համալսարանականները ներկայացրին իրենց փորձը և վերապատրաստման կենտրոնների իրենց մոդելը: Օրվա վերջում «PRINTeL» նախագծի ղեկավար Արմեն Բուդաղյանն ամփոփեց համաժողովը:

 

Նախագծի տեղեկատվության տարածմանը նվիրված համաժողովից հետո տեղի ունեցավ նաև «PRINTeL» ծրագրի համակարգման նիստը, որի ժամանակ Արմեն Բուդաղյանը ներկայացրեց նախագծի իրականացման առկա իրավիճակը:

 

Եվրոպական հինգ և արևելյան գործընկերության ինը համալսարանների համակարգողները ներկայացրին արդեն իրականացված միջոցառումները և ապագայի ծրագրերը:

 

Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը

Այլ նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2020»-ը և «ԱՐԻ՛ ԵՊՀ» ցուցահանդեսը հետաձգվում են:
ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։