06.02.2019 | 
Գիտություն
ԵՐԹ, ՑՈՒՅՑ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է
ԵՐԹ, ՑՈՒՅՑ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է
ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից քայլերթով գնացին դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018 պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը:

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր որպես դրամաշնորհ, և որոշվել էր այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

 

Ընդունված որոշման հետևանքների մասին ԵՊՀ գիտաշխատողները բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումները՝ փաստելով, որ այն բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԵՊՀ գիտխորհուրդը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանել խնդիրը:

 

Այսօր արդեն գիտաշխատողները «Հանուն գիտության», «Չթողնենք, որ գիտությունը վերանա» կոչերով և «#գիտություն» պաստառներով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից հասան դեպի ՀՀ կառավարության շենք՝ իրենց դիմում-առաջարկությունը փոխանցելու պատկան մարմիններին և հարցի վերաբերյալ որոշակի արձագանք ստանալու: ՀՀ կառավարության շենքի մոտ քայլերթի մասնակիցներին միացան նաև գիտաշխատողներ այլ բուհերից ու գիտահետազոտական կենտրոններից:

 

 

Քայլերթի ժամանակ մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցն ասաց, որ մասնակցում է բողոքի ցույցին, քանի որ կրթագիտական ոլորտի շահառու է և մտահոգված է, թե ինչ ապագա կունենա այն. «Կարծում եմ՝ այսօր համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում այս ոլորտին և չեն պահպանվում դրա ներկայացուցիչների շահերը»:

 

ՀՀ կառավարության շենքի դիմաց գիտաշխատողները տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար պարզաբանեցին, թե որն է իրենց պահանջը: ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանն ասաց, որ պահանջում են հարցի վերջնական լուծում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված:

 

Հայկ Զաքարյանը փաստեց, որ բազային ֆինանսավորումը նախքան այս նորամուծությունը մրցույթով չի եղել, բայց միշտ էլ իրականացվել են մոնիթորինգներ և ստուգումներ. «Այսինքն՝ այն վարկածը, թե մրցութային ընթացակարգով ֆինանսավորումը արդյունավետության խնդիր է լուծում, իրականում թյուրըմբռնում է»:

  

ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանն ասաց, որ ԵՊՀ-ում դեմ չեն մրցութային կարգին, բայց դեմ են նման կտրուկ շրջադարձերին. «Այսպիսի հապճեպ որոշումներ կայացնելը խաթարում է մեր բնականոն աշխատանքը: Մենք բազմաթիվ միջոցառումներ, միջազգային համաժողովներ ենք պլանավորել, որոնք պետք է իրականացնենք, բայց այսօր չգիտենք, թե աշխատանքային ինչ կարգավիճակ ենք ունենալու մոտ ապագայում: Այսինքն՝ կկարողանա՞նք դրանք իրականացնել, թե՞ ոչ»:

 

ԵՊՀ ֆիզիկական քիմիայի ամբիոնի բազային լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գևորգ Գրիգորյանը նշեց, որ բողոքի ցույցը քաղաքական որևէ ենթատեքստ չունի. «Չենք պատրաստվում որևէ մեկի հրաժարականը պահանջել, կամ այլ կոչերով հանդես գալ: Պարզապես այստեղ ենք, որ մատնանշենք որոշման բացթողումները և դրանից բխող բացասական հետևանքները: Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կվերջանա»:

 

 

 

 

ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Հայկ Զաքարյանն ընթերցեց գիտաշխատողների դիմում-առաջարկը, որով պահանջվում է կասեցնել կառավարության 1515-Ն որոշումը, կազմակերպել հանրային քննարկումներ գիտության ֆինանսավորման մեխանիզմների, մասնավորապես բազային ֆինանսավորման, կատարելագործման և բարելավման համար ու նախքան գիտության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելը՝ հանրայնորեն քննարկել այն գիտական համայնքի հետ:

 

«Ամենևին կասկածի տակ չդնելով գիտական և գիտակրթական ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հույս ունենք, որ կառավարությունը հնարավորություն կգտնի փոփոխություններ կատարելու նշված որոշման մեջ: Հետագայում անհրաժեշտ է գիտական ոլորտի աշխատողների լայն մասնակցությամբ մշակել գիտության մասին նոր օրենք՝ սահուն անցում իրականացնելով դեպի ավելի արդյունավետ գիտական և գիտակրթական համակարգ»,- նշված է դիմումի մեջ:

 

Գիտական համայնքի ներկայացուցիչները ստորագրեցին փաստաթուղթը, որը հանձնվեց պատկան մարմիններին:

 

Ի դեպ, ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց փոփոխության ենթարկել 1515-Ն որոշումը և տրամադրել  հիմնադրամի կամ ՓԲԸ կարգավիճակ ունեցող կազմակերպություններին 2019 թվականի բազային և նպատակային ծրագրային ֆինանսավորումը:

Լուսանկարներն՝ այստեղ։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում այսօր տեղի է ունենում «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողով, որն ուղեկցվում է սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես-վաճառքով:
«ՍԱ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՍԿԻԶԲ Է». ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարին: