17.05.2018 | 
Հասարակություն
ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը կրկին համաուսանողական քննարկում էր կազմակերպել:

Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան բոլոր, ինչպես նաև մարզային մի քանի բուհերի ներկայացուցիչներն ու բուհերում ստեղծված «Ռեստարտ» ուսանողական խմբերի անդամները:

 

Երիտասարդներին նախ ողջունեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Նելլի Ղահրամանյանը. «Ողջունում եմ բոլորին, հաճելի է բոլորիդ հյուրընկալել Մայր բուհում: Այսօրվա երիտասարդը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար, և դա, անկասկած, հավատ ներշնչող իրողություն է: Պատմության ֆակուլտետի ՈՒԽ-ն ի սկզբանե բարձրաձայնում է ուսանողին անհանգստացնող խնդիրները, և ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք պատրաստենք սերտ համագործակցություն ծավալել «Ռեստարտ» խմբերի հետ»:

 

Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչն էլ նշեց, որ համալսարանի ռեկտորին պաշտոնից հեռացնելուց անմիջապես հետո բուհում նոր գործընթացներ են սկսվել, որոնք միտված են բուհի առողջ մթնոլորտը վերականգնելուն:

 

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությանն անդամ Դավիթ Պետրոսյանը նախ ներկայացրեց աշխատանքային քննարկման օրակարգը, այնուհետև ընդգծեց, որ ուսանողների հաղթանակն իրենց համախմբվածություն մեջ է. «Մենք պետք է պատասխանատվություն ունեանք մեր քայլերի համար, քանի որ այդ պատասխանատվությունը քաղաքական նոր իրողությունների համատեքստում մեծանում է»:

 

Տարկետման իրավունքի քննարկման շրջանակում Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ներկայումս խմբի անդամները համագործակցում են ԿԳՆ ներկայացուցիչների հետ, և մինչև օրենսդրական փոփոխությունների ընդունումը պետք է մշակվի կարճաժամկետ որոշում, որը կնպաստի հետագա փոփոխությունների իրականացմանը: Այդ պատճառով նախատեսվում է ձևավորել ուսանողական խմբեր հումանիտար, բնագիտական և արվեստի ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու և առաջարկությունների փաթեթում ներառելու համար:

Նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն էլ հավելեց, որ ԿԳ նախարարությունում կձևավորվեն ՀՀ «Բարձրագույն կրթության մասին օրենքի» մեջ փոփոխություններ  իրականացնելու ուղղությամբ աշխատող հանձնաժողովներ, որոնց անդամներին պետք է ընտրեն ուսանողները: Այդ նպատակով նախատեսվում է անցկացնել հարցումներ, որոնց շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան առաջարկելու իրենց նախընտրած և վստահությունը վայելող դասախոսների թեկնածությունները:

 

 

Տարկետման իրավունքի մասին հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց: Հանդիպման վարողները խոստացան բոլոր հարցերի պատասխանները ճշտել և ներկայացնել ուսանողներին:

 

Այնուհետև ելույթ ունեցավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանն, ով իր աջակցությունը հայտնեց երիտասարդներին՝ ընդգծելով, որ ուսանողների խնդիրները նաև դասախոսների խնդիրներն են:

Յուրի Ավագյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց բուհերում առկա խնդիրները, ինչպես նաև առաջարկները թղթային և էլեկտրոնային տարբերակով փոխանցել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամներին:

 

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Ռեստարտ» խմբի ներկայացուցիչ Քնարիկ Զաքարյանը բարձրաձայնեց բուհի խնդիրների մասին. «Բուհի ուսանողական կառույցները հիմնականում ծառայում են ՀՀԿ-ի շահերին, ինչը մտահոգիչ է բոլորի համար: Խնդիրը շատ են՝ տարկետման իրավունք, ոչ բավարար լսարանային պայմաններ, ուսուցման հնաոճ մեթոդներ, գիտելիքների ցածր մակարդակ, դասախոսների ծանրաբեռնվածություն, ուսանողական ճաշարանների բարձր գներ և այլն: Հույս ունենք, որ այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն կունենանք լուծելու մեր առջև ծառացած խնդիրները»:

 

ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, դասախոս Լևոն Սարգսյանն էլ իր ելույթ ընթացքում անդրադարձավ դասախոսների ծանրաբեռնվածությանը, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում կրթության որակի վրա:

 

«Եթե դասախոսը տարեկան կտրվածքով լսարան է մտնում տասնյակից ավելի առարկաների շրջանակում, որոնց մի մասի վերաբերյալ գրեթե տեղեկություն չունի ու ժողովրդական լեզվով ասած՝«յոլա է տանում», ապա կրթության ի՞նչ որակի մասին կարող է խոսք գնալ, սիրելի՛ ուսանող: Սակայն, վստահ ենք, որ ազատագրումից հետո, երբ կարողանում ենք հանգիստ բարձրաձայնել մեր խնդիրները, կկարողանանք նմանատիպ մի շարք խնդիրներ լուծել, խնդիրներ, որոնք բխում են և՛ ուսանողի, և՛ դասախոսի շահերից»,- ասաց Լևոն Սարգսյանը:

 

 

Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ներկայացուցիչ Միքայել Նազարյանն էլ հայտարարեց, որ բուհի ուսանողական խորհուրդը լուծարվել է, իսկ ՈՒԽ-ի փոխարեն նախատեսվում է ստեղծել այլընտրանքային այլ ուսանողական կառույց: Լուրն ընդունվեց ծափողջույներով:

 

Երևանի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Արամ Արշակյանը ներկայացրեց բուհի «Ռեստարտի» գործունեությունը և նշեց, որ ուսանողները մի քանի անգամ արդեն հանդիպել են բուհի ռեկտորի  և ղեկավարության հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրները լուծել բուհի ներսում:

 

«Ուսանողների շրջանում հարցումներ են իրականացվել կրթության որակի և պրակտիկայի վերաբերյալ: Արդյունքում՝ ուսանողների 80 տոկոսից ավելիին չեն բավարարում ո՛չ կրթության որակը, ո՛չ գործնական աշխատանքների իրականացումը: Այդ նպատակով հանդիպումներ ենք ունեցել ոլորտի առաջատար մասնագետների հետ, ինչպես նաև կոնկրետ առաջարկներ ներկայացրել բուհի ղեկավարությանը, որն էլ խոստացել է համագործակցել ուսանողների հետ»,- փաստեց Արամ Արշակյանը:

 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խմբի ներկայացուցիչն էլ անդրադարձավ բուհի ներքին խնդիրներին և հավելեց, որ բուհի ղեկավարության հետ կոնկրետ աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ:

Ժամանակը ճիշտ և արդյունավետ օգտագործելու համար մի շարք բուհերի ներկայացուցիչները խնդիրներն ու առաջարկները գրավոր տարբերակով փոխանցեցին նախաձեռնության անդամներին:

 

Հանդիպման ավարտին Դավիթ Պետրոսյանն ասաց, որ այսուհետ քննարկումներն ավելի գործնական ու արդյունավետ կազմակերպելու համար հանդիպումները կանցկացվեն բուհերի մեկ կամ մի քանի ներկայացուցիչների հետ, ովքեր էլ հստակ կներկայացնեն խնդիրներն ու առաջարկությունները:

Այլ նորություններ
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ». ՃԱՌԱԳԻՐ ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրն էր հայազգի գերմանաբնակ հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը: