11.05.2018 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, այլ բուհերի ուսանողներ, իսկ քննարկման առանցքում քաղաքական վերջին իրողություններն էին, «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, տարկետման իրավունքն ու կրթության որակի բարելավման հարցը:

Ուսանողներին ողջունեց «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը և շնորհակալություն հայտնեց երիտասարդներին քննարկումների կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ մասնակցելու համար:

Դ. Պետրոսյանը նախ ներկայացրեց քննարկման ձևաչափն ու հիմնական թեմաները՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր բուհի ներկայացուցիչ պետք է ներկայացնի իր բուհում տիրող իրավիճակը և առկա այն խնդիրները, որոնք կապված են զանգվածային բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցություն ունենալու հետ:


«Մեզ տեղեկություններ են հասել, որ մի շարք բուհերում շատ ուսանողներ և դասախոսներ խտրական վերաբերմունքի են արժանանում միայն այն բանի պատճառով, որ մասնակցել են քաղաքացիական անհնազանդություններին: Ուստի բուհերի ներկայացուցիչներին խնդրում եմ անդրադառնալ այս թեմաներին, որոնք կօգնեն մեզ հասկանալ մեր հետագա անելիքները»,- ասաց բանախոսը:


Այնուհետև ակտիվիստը նշեց, որ այսօր Հայաստանում հեղափոխություն է իրականացվել, որին ակտիվորեն մասնակցել են նաև երիտասարդները. «Կարևոր ժամանակաշրջան է մեր երկրում, որը և՛ պատվավոր է յուրաքանչյուր երիտասարդի համար, և՛ պատասխանատու: Այո՛, բուհը վերադարձել է ուսանողին, և մենք պարտավոր ենք մեր կրթօջախներում լավ ու բարենպաստ մթնոլորտ ստեղծել, քայլեր իրականացնել կրթության որակի բարելավման ուղղությամբ: Մենք պետք է ունենանք մրցունակ կրթություն և մեր մասնագիտական որակներով համապատասխանենք ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային աշխատաշուկայի պահանջներին»:


Դ. Պետրոսյանն ընդգծեց, որ քննարկման ընթացքում անդրադարձ կլինեն նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին փոխանցվող գումարների նպատակային օգտագործման, ինչպես նաև բուհերի ու ուսանողական կառույցների ոչ քաղաքական լինելու խնդիրներին:


«Բուհերում բարձր մակարդակով պետք է իրականացվեն կառույցի ծավալած գործունեության թափանցիկության և ուսանողին հաշվետու լինելու գործընթացները: ԵՊՀ-ն յուրաքանչյուր տարի մեծ գումարներ է վճարում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Այդ գումարներով ոչ միայն կրթաթոշակներ են հատկացվում որոշ ուսանողներին, այլև ընտրակաշառքներ բաժանվում: Բուհը պետք է հաշվետու լինի ուսանողին, թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակներով են օգտագործվում բուհերի ռեսուրսները»,-ասում է Դ. Պետրոսյանը և հավելում, որ բուհերի և ուսանողական կառույցների ազատականացման և ոչ քաղաքական լինելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն, ուստի ծրագրված մտքերն իրականացնելու համար պետք է լինել համախմբված և հետևողական:


«ԵՊՀ ռեստարտի» ներկայացուցիչ Վահան Կոստանյանն էլ իր ելույթում նշեց, որ նմանաբնույթ հանդիպումներ շատ կարևոր են ուսանողների համար, ուստի դրանք պետք է շարունակական լինեն:


«Երկու ամիս առաջ այս դահլիճում «Բարձրագույն կրթության օրենքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս հայտարարեցի, որ ԵՊՀ-ն, ինչպես նաև ոչ մի այլ բուհ քաղաքական որևէ գործչի «հոր դուքյանը» չէ: Մենք այսօր շարունակում ենք բուհերի ազատականացման գործընթացը: Հաջորդ քայլերը համալսարանների ու ընդհանարապես կրթության ոլորտի խնդիրների լուծումները պետք է լինեն: Այսօրվա իրավիճակը սխալ կառավարման արդյունք է: Տարիներ շարունակ ուսանողների մեջ քնեցնում էին քաղաքացիական գիտակցությունը, իսկ հիմա պետք է քաղաքացիական կրթության ու դաստիարակության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել, որպեսզի ուսանողը հասկանա՝ ինչո՞ւ է փողոց դուրս գալիս և ինչի՞ համար է պայքարում: Բուհերի ղեկավարներին խորհուրդ ենք տալիս հաշվի նստել ուսանողների կարծիքների հետ: Այսօր ղեկավարներից և ոչ մեկը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, նրանք պետք է իրենց կամքով վայր դնեն լիազորությունները, հակառակ դեպքում մենք գիտենք՝ ինչպես պայքարել նրանց դեմ: ՈՒԽ-ների հետ նույնպես լուրջ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի ուսանողական այդ կառույցները կայանան: Հիմա, իհարկե, պարզ չէ, թե այսօր նրանք ընդդիմություն են դարձել, թե կրկին «չեզոք» են»,- ասաց Վ. Կոստանյանը:


Իսկ այն հարցին, թե ինչպես պայքարել բուհի քաղաքականացման դեմ, եթե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, բանախոսը պատասխանեց. «Այո՛, նա շարունակում է զբաղեցնել տվյալ պաշտոնը, սակայն դա ժամանակի հարց է: Դեռ շատ փոփոխություններ կլինեն»:


Այնուհետև տարկետման իրավունքի խնդրին անդրադարձավ նախաձեռնության անդամ Սարգիս Բաբայանը, ով մանրամասն ներկայացրեց օրենքում կատարված փոփոխությունները՝ մասնավորապես տարկետման իրավունքը:


«Արդեն հստակ է, որ մտքի և մթնոլորտի հեղափոխություն է եղել: Շատ հարցեր պետք է քննարկվեն այլ մթնոլորտում, այլ մոտեցումներով ու ակնկալիքներով: Փաստորեն անցյալ աշնանը վերացվեց ուսանողին տարկետման իրավունք տրամադրելը, որոշ փոփոխություններ անելուց հետո ԱԺ-ում մեծամասնությունը կողմ քվեարկեց ու ընդունեց նախագիծը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը բավականին երկար պայքարեց, բայց կոնկրետ արդյունքներ չեղան: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետով ՀՀ կառավարությունը որոշեց միայն «բացառիկ հանճարեղ» ուսանողներին տարկետում տրամադրել, իսկ ներկայացված պահանջներն ու չափանիշներն այնքան բարձր են, որ գրեթե անհաղթահարելի են ուսանողների համար»,- ասաց Ս. Բաբայանը և հույս հայտնեց, որ այսօրվա քննարկումները փոփոխությունների հիմք կհանդիսանան:


Քննարկման կազմակերպիչները, պատասխանելով մասնակիցների հարցերին, նշեցին, որ պետք է առաջարկությունների փաթեթ մշակել և ներկայացնել ՀՀ կառավարությանը:



«Կարևոր է գիտակցել, որ նախ պետք է սպասել նախարարություններում կատարվելիք փոփոխություններին, հետո միայն կոնկրետ առաջարկություններ անել: Մենք ժամանակ ունենք քննարկումների միջոցով առաջարկությունների ու փոփոխությունների փաթեթ մշակելու համար»,- շեշտեց Դ. Պետրոսյանը:

Քանի որ տարկետման իրավունքի վերաբերյալ հարցերը բավականին շատ էին, Դավիթը ներկաներին առաջարկեց Սարգիս Բաբայանին հարցերն ուղղել վիրտուալ հարթակում՝ ֆեյսբուքի միջոցով:


«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դ. Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ իրենց պայքարը ոչ թե անձերի դեմ է, այլ հանուն գաղափարների: Եվ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն ակադեմիական ազատությանը, ապա այդ դեպքում նոր կանդրադառնան նրանց: Կարևոր է նաև այլ բուհերում ձևավորված «Ռեստարտ» խմբերի աշխատանքի կանոնակարգումը:


Հանդիպման երկրորդ մասում Դ. Պետրոսյանի նախաձեռնությամբ բուհերի ուսանողները խմբեր կազմեցին և սկսեցին հերթով ներկայացնել այն խնդիրներն ու փոփոխությունների առաջարկները, որոնք իրենց բուհի համար առաջնային են:


Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խնդիրներին անդրադարձավ Հայկ Մակյանը: Խոսեց այն մասին, որ բուհը հեռացել է Կոմիտասից և իր անունից, այն պետք է վերադարձնել իր արժեքներին կամ փոխել բուհի անունը: Բուհին անհրաժեշտ է բարոյական և գեղագիտական հեղափոխություն: Առաջնային խնդիրներից է նաև ուսանողի ազատ ինքնադրսևորումը: Այժմ երաժշտությունը միայն ծառայում է և մոռացել է արվեստի մասին: Կարևոր խնդիր է նաև ֆինանսների և գույքի ճիշտ տնօրինումը: Կոնսերվատորիայի ողջ գույքը պետք է ծառայի իր ուսանողին:


Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ներկայացուցիչ Էլինա Խանոյանը ներկայացրեց ուսանողների դժգոհությունն ուսումնական նյութի վերաբերյալ: Ըստ նրա՝ գրքերը շատ հին են, սովետական, կիսատ-պռատ կրկնօրինակներ. այս ամենը բժշկության բնագավառում անթույլատրելի է: Ուսանողների վարձավճարները բարձր են, բայց չունեն համապատասխան ուսումնական նյութ: Սրանք, իհարկե, փոխկապված են ֆինանսների հետ, և ուսանողներին անհանգստացնում է այն, որ անընդհատ բարձրացող վարձավճարները չեն լուծում ուսումնական նյութերի խնդիրները:

Առաջարկ եղավ, որ կիսամյակի վերջում ղեկավար անձնակազմը ներկայացնի հաշվետվություն, որտեղ արձանագրված կլինեն բուհի ծախսերը, որպեսզի ուսանողը հասկանա, թե ուր է գնում իր վարձավճարը:


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Դավիթ Աբրահամյանն էլ իր խոսքում առանձնացրեց ընդունելության քննությունների ոչ ճիշտ կազմակերպումը, դասախոսների խղճուկ աշխատավարձն ու այդ աշխատավարձով նվիրումով աշխատող դասախոսների աշխատանքը: Պետական ֆինանսավորման կրճատման պայմաններում դասախոսների նվիրումն անգնահատելի է:

Առաջարկվեց կոնսերվատորիայի ուսանողների հետ մշակութային հեղափոխություն սկսել, իսկ մարդկանց միավորել գեղագիտական ճաշակի շուրջ:


Շուշան Հարությունյանը, ով ներկայացնում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, առանձնացրեց կրթական ծրագրի ակտուալացման խնդիրը: Ուսանողները շատ հաճախ գիտական աշխարհից տեղյակ չեն լինում, իսկ գիտաժողովների մասին տեղեկանում են դրանց ավարտից հետո: Պետք չէ ամեն տարի ուսանողից ծնողազուրկ լինելու մասին թուղթ ուզել:


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Անդրանիկ Մարգարյանը խոսեց Երիտասարդական հիմնադրամի կողմից բուհին տրվող ֆինանսավորման ոչ ճիշտ կառավարման մասին և առաջարկեց բուհում միջազգային անկախ աուդիտ անցկացնել: Նա անդրադարձավ նաև դասախոսների ռեյտինգավորման խնդրին, որի արդյունքների մասին ուսանողները չեն տեղեկանում: Խոսելով ուսանողական խորհուրդների մասին, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ լավ կլինի բուհերում լինեն նաև ուսանողական այլ խմբեր, որոնք կապահովեն բազմակարծությունը:


Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, բուհում մասնագիտական առարկաները շատ քիչ են, իսկ հումանիտար առարկաները շատ: Անդրադառնալով մասնագիտական պրակտիկայի խնդրին՝ նշեց, որ իրենց պրակտիկան անցկացնում են Երևանի կենդանաբանական այգում՝ կենդանիներ նկարելով, որը հետագայում իրենց մասնագիտության մեջ պետք չի գալիս: Ըստ նրա՝ այս հարցը շատ լավ կլիներ, որ վերանայվեր:


Երևանի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Արամ Պետրոսյանը խոսեց իրենց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ցածր աշխատավարձի, ինչպես նաև դասախոսների մասնագիտական ցածր որակավորման մասին: Անդրադառնալով ուսանողական խորհուրդներին՝ նա նշեց, որ ուսանողական խորհուրդների վերաբերյալ «Կրթության մասին» ՀՀ օրենքում հատուկ կետ չկա այն մասին, թե ինչպես պետք է անցկացվի բուհի ՈՒԽ-ի ղեկավար կազմի ընտրությունը:


Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանող Մհեր Կորկոտյանը նշեց, որ իրենց համալսարանում նույնպես ստեղծվել է «Ռեստարտ» նախաձեռնություն, որը մեծ հաճույքով համագործակցելու է մյուս բուհերի նմանատիպ նախաձեռնությունների հետ: Նա նաև առաջարկեց ստեղծել համաբուհական «Ռեստարտ» նախաձեռնություն: Ուսանողի խոսքով, այսօր անհրաժեշտ է, որ տարբեր բուհերում գործող ուսանողական խորհուրդները լինեն ապակուսակցական: Նույն բուհը ներկայացնող ուսանող Աստղիկ Կիրակոսյանը նշեց, որ իրենց բուհի ուսանողական խորհուրդը կուսակցականացված է:


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Հեղինե Պապոյանի խոսքով, իրենց համալսարանի կարևոր խնդիրներից մեկն այն է, որ բացակայություններին ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան ուսանողի մասնագիտական հմտություններին: Նա նաև նշեց, որ իրենց բուհի լաբորատորիաներում վերապատրաստված լավ մասնագետների պակաս կա:


Երևանի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների խնդիրները ներկայացնող ուսանող Լևոն Չուկակլյանն անդրադարձավ բուհի հաշվետվողականության և տարբեր ֆակուլտետներում ուսման վարձավճարների գնագոյացման խնդիրներին: Ըստ նրա՝ բուհն իր ֆինանսական միջոցների մասին պետք է հաշվետու լինի, ինչպես նաև պետք է ներկայացնի, թե որ ֆակուլտետում ինչ հիմնավորմամբ է ուսման վարձավճարի չափը փոխվում: Նա նաև անդրադարձավ անվճար սովորողների կրթաթոշակների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև վճարովի լուծարքներին: Նրա խոսքով, բուհի ուսանողների փոխանակման ծրագրերի մասին տեղեկատվությունը համալսարանի տարբեր ֆակուլտետների կայքերում ուշ են տեղադրվում, և ուսանողները չեն հասցնում մասնակցել ծրագրերին: Լ. Չուկակլյանն, անդրադառնալով բուհում հաշմանդամ ուսանողների տեղաշարժման խնդրին, նշեց, որ բացակայում են թեքահարթակները:




ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների խնդիրների մասին բարձրաձայնեց նաև Ավետ Կարեյանը: Նա խոսեց մասնագիտական պրակտիկաների կրճատման խնդրի մասին: Ըստ նրա՝ պրակտիկաները չպետք է լինեն ընտրովի: Նա նաև խոսեց ոչ մասնագիտական առարկաների թերուսուցման և օտար լեզուների մատուցման ցածր որակի մասին: Անդրադարձավ հայալեզու գրականության պակասին, միջանկյալ գրավոր քննությունները մեկ շաբաթում հանձնելու հարցին:


Երևանի պետական համալսարանի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետների խնդիրները ներկայացնող Արշակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ԵՊՀ-ի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետներում անհրաժեշտ է դասախոսական կազմի երիտասարդացում: Նա ասաց, որ պետք է ստեղծել նոր հիմնադրամ, քանի որ «Լույս» հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը:


Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանող Մանյա Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել այսպիսի նախաձեռնություններին և օգնել բուհերում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել:

Հանդիպման վերջում ուսանողները հանդես եկան տարբեր առաջարկություններով, ինչպես նաև «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն նմանաբնույթ հանդիպումները շարունակելու մասին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԻԶԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վերակառուցված մարզահամալիրը շահագործման հանձնվեց 2016 թ.-ի դեկտեմբերին: Շահագործումից հետո այն հանդես եկավ նոր որակով, նոր չափորոշիչներով: Մարզահամալիրի բաղկացուցիչ մասն է ժայռամագլցման հատուկ պատը, որը եզակի է տարածաշրջանում: ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի և «Ապառաժ» ակումբի հիմնադիր նախագահ Սուրեն Սեպանյանի ջանքերի շնորհիվ ավելի քան հիսուն տարվա ընդմիջումից հետո անցկացվեց Հայաստանի ժայռամագլցման առաջնությունը, որին մասնակցեցին նաև համալասարանականները: Բոլորովին վերջերս մարզահամալիրը դարձավ սուսերամարտի եվրոպական առաջնության «թատերաբեմ»:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «PETRI SOFIA» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Պետրոսյանը մասնակցել է «PETRI Sofia»-ի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային դպրոցին, որն անցկացվել է ապրիլի 18-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մարիան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին: