16.11.2022 | 
Կրթություն, Հասարակություն
ԵՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ
ԵՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի, ինչպես նաև ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների նախաձեռնությամբ Արմավիրի 4-րդ դպրոցի աշակերտներն այցելեցին Հայկական ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու աշխատանքի հնարավորություններին:

ԵՊՀ-ն մեծ կարևորություն է տալիս «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ հետ համագործակցությանը, որը միտված է ՀՀ տնտեսական և  և սոցիալական զարգացման գործում էական նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանը:

 

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ-ն անհրաժեշտ է համարում ոչ միայն ուսանողների համար նախատեսված ծրագրեր իրագործելը, այլև ՀՀ ավագ դպրոցներում ՀԱԷԿ-ի մասին տեղեկատվական հանդիպումներ կազմակերպելու գործընթացը:

 

 

«Հաշվի առնելով երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար ատոմային էներգիայի դերը՝ այսօրինակ այցերը կարևոր են հատկապես դպրոցականների համար: Վստահաբար կարող եմ ասել, որ այնտեղ շրջելով և ծանոթանալով կատարվող աշխատանքներին՝ աշակերտները մասնագիտության ընտրության հարցում կկողմնորոշվեն նաև այս ոլորտի ուղղությամբ: Այս հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալու նաև աշխատաշուկայի հնարավորություններին՝ տեսնելով ոլորտի մասնագետների պահանջվածությունը»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրենը:

 

 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ուսումնավարժական  կետի պետի տեղակալ Ահարոն Մանուկյանը մեզ հետ զրույցում ընդգծեց ԵՊՀ-ի հետ համագործակցության կարևորությունը: Նրա խոսքով՝ ԵՊՀ տված գիտելիքները հիմք են որակյալ մասնագետ դառանալու համար:

 

 

Անդրադառնալով աշակերտների շրջայցի կարևորությանը՝ նա նշեց. «Այցը կնպաստի ուսանողների ցանկության մեծացմանը՝ բարձրագույն կրթություն ստանալուց հետո ոլորտում աշխատելու, իսկ ատոմակայանը՝ որպես աշխատավայր, միշտ պատրաստ է ընդունելու որակյալ մասնագետներին»:

 

Այցի ընթացքում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի, մասնավորապես միջուկային ֆիզիկայի ամբիոնի գործունեությունը՝ նշելով, որ ֆակուլտետում դասավանդվող առարկաների շրջանակում ստացած գիտելիքները հնարավորություն են տալիս աշխատելու ինչպես ատոմակայանում, անպես էլ գիտական տարբեր հաստատություններում:

 

 

Հատկանշական է, որ այցի ընթացքում դպրոցականները տեղեկացվեցին ֆիզիկայի ֆակուլտետում մասնագիտական կողմնորոշման նպատակով հաճախակի կազմակերպվող դասախոսությունների մասին, որոնց բանախոսները լինում են նաև օտարերկրյա մասնագետներ։

 

Արմավիրի 4-րդ դպրոցի ուսուցիչ Լիլյա Խաչատրյանը, անդրադառնալով այցին ու դրա կարևորությանը, ասաց, որ այն նպաստում է բնագիտական ոլորտի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, ինչը մեր երկրում մեծ կարևորություն ունի:

 

 

«ԵՊՀ կազմակերպած միջոցառումները, այսօրինակ այցերը, ինչպես նաև աշակերտներին ընձեռված հնարավորությունը ծանոթանալու աշխատաշուկային, մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից շատ մեծ նշանակություն ունեն: Վստահ եմ՝ այսօրվա այցը ևս կնպաստի դրանց»,- ասաց Լ. Խաչատրյանը:

 

 

ԵՊՀ-ի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի համագործակցության վերաբերյալ մանրամասները՝ այստեղ:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
«Հայ-ռուսաստանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում Երևանի պետական համալսարան էր այցելել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Վասիլի Վ. Սազոնովը:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԿԱՊԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԵՊՀ-Ն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ
ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները, ցուցաբերելով բարձր առաջադիմություն և ակտիվություն, արժանանում են տարբեր կրթաթոշակների։ Այս տարի Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի հատկացրած կրթաթոշակը տրամադրվել է մագիստրոսական ծրագրի ուսանող Շուշան Գրիգորյանին: