03.03.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ «ՀՈՐԻԶՈՆ-2020 ՄԵԳԱ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԼԻՏՎԱ
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ «ՀՈՐԻԶՈՆ-2020 ՄԵԳԱ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԼԻՏՎԱ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրամոլեկուլային միացությունների (ԲՄՄ) լաբորատորիայի գիտական խումբը հետազոտական աշխատանքներ է կատարում Լիտվայի Հանրապետության «Նանովերսա» ընկերությունում (ք. Կաունաս):

Հետազոտությունը կատարվում է «Ծանր մետաղներ չպարունակող արտանետիչներ նոր սերնդի լույսի աղբյուրների համար» («Heavy metal free emitters for new-generation light sources») դրամաշնորհային ծրագրի շրջանակում օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք․գ․դ․, պրոֆեսոր Նարինե Դուրգարյանի ղեկավարությամբ:

 

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում սինթեզվում և ուսումնասիրվում են ծանր մետաղներ չպարունակող, տարբեր բնագավառներում կիրառական բացառիկ նշանակություն ունեցող օրգանական լյումինեսցենտային նյութեր, ինչպես՝ «OLED» (օրգանական լույս առաքող դիոդ), օրգանական լազերներ: Ակնկալվում է, որ ստեղծված նոր նյութերը հնարավորություն կտան ապահովելու ավելի բարձր արդյունավետությամբ, պարզ կառուցվածքով, քիչ ծախսեր պահանջող և շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ արտադրություն:

 

Լիտվա կատարած այցի շրջանակում պրոֆեսոր Նարինե Դուրգարյանը՝ որպես հրավիրյալ բանախոս, «Կիսահաղորդիչ պոլիմերների և օլիգոմերների սինթեզը և ուսումնասիրությունը» խորագրով դասախոսություն է կարդացել Կաունասի տեխնոլոգիական համալսարանում (Լիտվա):

 

 

Դասախոսությանը հաջորդել է ակտիվ քննարկում, որի արդյունքում նոր կապեր են հաստատվել վերոնշյալ համալսարանի պոլիմերային քիմիայի լաբորատորիայի գիտաշխատողների հետ: Այս փոխգործակցությունը հնարավորություն կտա իրագործելու միջազգային նոր նախագծեր:

 

Նշենք, որ ԵՊՀ-ն Եվրոպայի ամենահեղինակավոր ծրագրերից մեկի՝ «Հորիզոն-2020 ՄԵԳԱ»-ի գործընկերն է 2022 թ․-ից:

Այլ նորություններ
«ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ...» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Համալսարանական» թատրոն-ստուդիայի բեմադրած «Վահան Տերյան...» ներկայացման առաջին ցուցադրությունը:
ԵՊՀ-Ն ԵՎ ՀՕՖ-Ը ՀԱՄԱՏԵՂ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայ օգնության ֆոնդ» միավորման Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ համատեղելու իրենց ռեսուրսներն ու ջանքերը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի «Ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանություն» մասնագիտացմամբ ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացումը խթանելու նպատակով։