04.11.2014 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Երկու բուհերի մասնագետները որոշել են կրթագիտական կապերը տեղափոխել նոր՝ ավելի բարձր հարթություն:

Վերջին տարիներին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) քաղաքագիտության բաժինների դասախոսների միջև հաստատվել են մասնագիտական սերտ կապեր, սկսվել է կրթական և գիտամեթոդական համագործակցությունը: Նպատակը ԵՊՀ քաղաքագետ մասնագետների արդյունավետ օգնության կազմակերպումն է Արցախի գործընկերներին:  

 

Այս համագործակցության շրջանակներում արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ քաղաքագիտական երկու ամբիոնների առաջատար մասնագետներ գործուղվում են ԱրՊՀ` ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովները ղեկավարելու համար, որն ուղեկցվում է ավարտական քննությունների համար նախատեսված գիտամեթոդական գրականության և այլ նյութերի տրամադրմամբ:

 

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, նույն ամբիոնի դասախոսներ քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը Արցախի համալսարանականների հրավերով այցելեցին Ստեփանակերտ: Նոյեմբերի 1-ին նրանք պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների լսարանի առջև հանդես եկան ընդարձակ դասախոսությունների շարքով, որոնք ընդգրկում էին քաղաքական կուսակցությունների պատմական տիպերի ծագման և զարգացման, քաղաքական մասնակցության արդիական հիմնախնդիրների և քաղաքական բանակցությունների վարման տեխնոլոգիաներին վերաբերող թեմաները:

 

Դասախոսություններն անցան ակտիվ հարց ու պատասխանով և քննարկումներով: Արցախցի ուսանողներն առավել մեծ ակտիվությամբ ու ոգևորությամբ մասնակցեցին Խաչիկ Գալստյանի կազմակերպած բանակցային խաղին:

 

Այնուհետև տեղի ունեցան հանդիպումներ և քննարկումներ ԱրՊՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, որին մասնակցում էին նաև պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, Քաղաքագիտության ամբիոնի վարիչը:

 

ԱրՊՀ-ի հայագիտական հետազոտությունների կենտրոնը և Քաղաքագիտության ամբիոնը որպես նվեր ստացան ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուղարկած շուրջ 50 անուն մենագրություններ, դասագրքեր, ամսագրեր և մեթոդական գրականություն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ապագայում շարունակել համագործակցությունը և գտնել համատեղ աշխատանքի նոր ձևեր:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂ
«Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը կազմակերպել էր այցելություն Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոց, ինչպես նաև Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը, ինչի առթիվ նոյեմբերի 9-10-ը կազմակերպում է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (ACOS’18):