21.05.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԻԶԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
ԵՊՀ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԻԶԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վերակառուցված մարզահամալիրը շահագործման հանձնվեց 2016 թ.-ի դեկտեմբերին: Շահագործումից հետո այն հանդես եկավ նոր որակով, նոր չափորոշիչներով: Մարզահամալիրի բաղկացուցիչ մասն է ժայռամագլցման հատուկ պատը, որը եզակի է տարածաշրջանում: ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի և «Ապառաժ» ակումբի հիմնադիր նախագահ Սուրեն Սեպանյանի ջանքերի շնորհիվ ավելի քան հիսուն տարվա ընդմիջումից հետո անցկացվեց Հայաստանի ժայռամագլցման առաջնությունը, որին մասնակցեցին նաև համալասարանականները: Բոլորովին վերջերս մարզահամալիրը դարձավ սուսերամարտի եվրոպական առաջնության «թատերաբեմ»:

Ուսանողների մասնակցությունը ֆիզդաստիարակությանը

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Արսեն Մանջիկյանը սովորում է երկրորդ կուրսում: Նա Արարատի մարզի Գեղանիստ գյուղից է, մարզումները սկսել է ավելի վաղ՝ դեռևս դպրոցական տարիներից, իսկ այստեղ հաճույքով է մասնակցում ֆիզդաստիարակությանը, քանի որ պարապմունքների համար կան բոլոր նպաստավոր պայմանները:

«Օր օրի զգալի է դառնում արդյունքը վերանորոգված նոր մարզահամալիրում: Ավելանում են սարքավորումներ, ուսանողները ակտիվ մասնակցում են պարապմունքներին և ցուցաբերում լավ արդյունք»:

Քսանամյա Դիանա Թադևոսյանը ևս սովորում է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում: Նա, բացի ֆիզդաստիարակությունից, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ակտիվորեն մասնակցում է վոլեյբոլի խմբակային լրացուցիչ պարապմունքներին:

«Ես սիրով եմ մասնակցում և ուսանողներին նույնպես խորհուրդ եմ տալիս մասնակցել լրացուցիչ խմբակների: ԵՊՀ-ն լավագույն պայմաններն է առաջարկում մարզվելու համար, ես այստեղ հմտանում և կատարելագործվում եմ իմ սիրելի մարզաձևում»:

Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտություն բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Տաթևիկը գտնում է, որ այս միջավայրը, պայմանները տրամադրում են ուսանողին լավ մարզվելու համար. «Իսկապես լուսավոր, մաքուր, կոկիկ միջավայրում հաճելի է մարզվելը: Երբ դասերից հետո մասնակցում ենք ֆիզդաստիարակությանը, թեթևանում ենք, իսկ հոգնած և ծանրաբեռնված օրվանից հետո կարողանում ենք լիարժեք հանգստանալ»:


Վերակառուցված մարզահամալիրը

Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող, Հայաստանի վաստակավոր լրագրող, մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեպետ մի փոքր ուշացած, բայց ժամանակին եղավ մարզահամալիրի վերանորոգումը:

«ԵՊՀ-ի համար շատ կարևոր էր մարզահամալիրի վերանորոգման հարցը: Պատվի հարց էր, ծրագրային առաջնահերթություն, և առաջին իսկ հնարավորության դեպքում համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, ձեռնամուխ եղավ մարզահամալիրի կապիտալ վերանորոգմանը: Վերանորոգվել և փոփոխվել են կոյուղու, տաք-սառը ջրամատակարարման, էլեկտրականության համակարգերը, 12 մետր բարձրության վրա կառուցվել է ջերմամեկուսացված շերտ, մարզադահլիճում նստատեղերի քանակը հասցվել է 650-ի, հիմնովին փոխվել է հատակը, ստեղծվել է գերժամանակակից կաթսայատուն: Մենք ուրախ ենք, որ ստեղծվել է նաև հիսուն մետրանոց հրաձգարան. չկա մի ուսանող, որ զենքին չտիրապետի, հետևաբար վստահ կարող եմ ասել, որ բանակ դեռևս չզորակոչված ապագա զինվորի առաջին քայլերը սովորեցնում է համալսարանը, և շատ կարևոր է նաև այն, որ այդ կրակոցը խաղաղություն պարտադրող է»,- ոգևորությամբ հավելեց Բարսեղյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք ուսանողները կարգապահ են և չեն վնասում գույքը, նա ասաց՝ իհարկե չեն վնասում, ուսանողները մաքուր և օրինակելի են պահում համալսարանը:

Մարզասրահի վերանորոգումից հետո մեծ դեր ունեցավ ժայռամագլցման պատի ստեղծումը, որը կարևոր է լեռնոտ երկրում լեռնագնացներ ունենալու համար:

«Այն տարածաշրջանում միակն է և համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին: Կիսապատերազմական վիճակի երկիր ենք, ունենք Լեռնային Ղարաբաղ, բայց բավարար չափով լեռնագնացներ չունենք: Սահմանապահի կամ հետախույզի համար զենքին հավասար ներուժ ունեն լեռնագնացի հնարավորությունները: Լեռնահաղթահարման, լեռնագնացի հմտությունները շատ կարևոր են լեռնային երկրում ապրողների համար»:

Բարսեղյանը հավելեց, որ շատ ուսանողներ նշում են՝ այսպիսի պայմաններում իրենց առողջությանը չհետևելը և ֆիզդաստիարակությանը չմասնակցելը միայն իրենց մեղավորությունը կլինի:

«Նույնիսկ ես այս տարիքում, ինչպես նաև ինձ հետ միասին շատ դասախոսներ մեծ հաճույքով ենք մարզվում այսպիսի բարեկեցիկ և հարմարավետ մարզահամալիրում»,- ավարտեց խոսքը Բարսեղյանը:



Ուսանողների ներգրավվածությունը ֆիզդաստիարակությանը

«Հարմարավետ պայմանները նպաստեցին դասախոսական կազմի աշխատանքի հեշտացմանը, ինչպես նաև ավելացել է ուսանողների ներգրավվածությունը ֆիզդաստիարակության դասաժամերին»,- մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ մարզակումբի նախագահ, դոցենտ Հենրիկ Թումանյանը: Վերջինս մեզ ծանոթացրեց մարզադահլիճի, դասախոսական կազմի, խմբակների և մարզահամալիրի ողջ աշխատանքի հետ:

«Գրեթե ողջ տարվա ընթացքում ԵՊՀ-ում անցկացվում են մրցումներ. դրանք սկսվում են հոկտեմբերից և շարունակվում մինչև դեկտեմբեր ու մարտից մինչև մայիս: Այժմ ընթանում են 19-րդ ուսանողական մարզական խաղերը: Ներառված են շուրջ 15 ուսումնական հաստատություններ: ԵՊՀ ուսանողները շախմատի, սեղանի թենիսի, հրաձգության մարզաձևերում ցուցաբերում են գերազանց և լավ արդյունքներ»,- հավելեց Հ. Թումանյանը:

Ըստ Թումանյանի՝ ուսանողների բացակայությունները կապված են ընթացիկ քննությունների, համալսարանի ներսում անցկացվող միջոցառումների, ինչպես նաև որոշ ֆակուլտետների և մարզասրահի միջև եղած հեռավորության հետ:

Թումանյանը ափսոսանքով նշեց, որ ֆիզդաստիարակության պարապմունքների ժամաքանակը նախատեսված է 408 ժամ, սակայն համալսարանը հնարավորություն ունի տրամադրելու ընդամենը 128 ժամ: Դասերից դուրս կազմակերպվում են նաև արշավներ՝ Հայաստանի ողջ տարածքում:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր մեկնարկեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամների ուխտագնացությունը դեպի Արցախ: ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին նվիրված ուխտագնացությունն Արցախում շարունակվելու է մինչև օգոստոսի 9-ը:
«ԴՈՒՔ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավոր արարողակարգով ստացան իրենց ավարտական վկայականները: