27.07.2022 | 
«ԵՊՀ-Ի ՏՎԱԾ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՍՆԵԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՍ». ՄԻԼԵՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
«ԵՊՀ-Ի ՏՎԱԾ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՍՆԵԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՍ». ՄԻԼԵՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից է Միլենա Սարգսյանը, ով ընտրել է կորեերենը՝ որպես երկրորդ օտար լեզու: Մեր զրուցակիցը պատմել է Երևանի պետական համալսարանում ստացած կրթության, կորեերենի ու կորեական մշակույթի առանձնահատկությունների մասին:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու պատճառներից մեկը կորեերեն ուսումնասիրելու հնարավորությունն էր:

 

Համալսարանի ընտրությունը միշտ միանշանակ է եղել: Իսկ ֆակուլտետներն ու մասնագիտություններն ուսումնասիրելով՝ հասկացա, որ ինձ հարազատ է դիվանագետի մասնագիտությունը։ Իսկ կորեերենով սկսել եմ հետաքրքրվել դեռևս տասներկու տարեկանից: Երևանի պետական համալսարանի տված բարձրորակ կրթության շնորհիվ ես կարողանում եմ հասնել իմ սահմանած նպատակներին: 

 

 

Մեզ կորեերեն են դասավանդում և՛ հայ, և՛ կորեացի դասախոսներ:

 

Հայ դասախոսը մեր լեզվին համապատասխան է բացատրում քերականությունը, իսկ կորեացի դասախոսը սովորեցնում է մայրենի լեզվակրի տեսանկյունից: Իմ կարծիքով՝ օտար լեզու սովորելու համար այս ձևաչափն իդեալական է:

 

Կորեերենն իմ առօրյայի մի մասն է դարձել:

 

Հայերենը շատ ճկուն լեզու է՝ հարուստ հնչյունական կազմով։ Հայերենին տիրապետելն օգնում է հեշտությամբ յուրացնել կորեերենի հնչյունական համակարգը: Երբ սկսեցի ուսումնասիրել կորեերենն ու Կորեայի մշակույթը, ինքնըստինքյան սկսեցի այն կիրառել առօրյայում: Օրինակ, երբ փողոցում պատահաբար մեկին դիպչում եմ, շրջվում եմ, խոնարհվում և կորեերենով ներողություն խնդրում (ժպտում է- Կ․ Հ․):

 

 

Հայկական մշակույթից հետո կորեական մշակույթն այն միակն է, որում հարազատություն եմ զգում։

 

Չնայած նրան, որ երբեք չեմ եղել Կորեայում, այնուամենայնիվ այն ինձ շատ հոգեհարզատ է։ Հաճախ եմ ազատ ժամանակս լցնում կորեական մշակույթին առնչվող ֆիլմերի դիտմամբ ու գեղարվեստական ստեղծագործությունների ընթերցմամբ։

 

Կարինե Հովհաննիսյան