16.05.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «PETRI SOFIA» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «PETRI SOFIA» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Պետրոսյանը մասնակցել է «PETRI Sofia»-ի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային դպրոցին, որն անցկացվել է ապրիլի 18-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մարիան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին:

Երկար տարիների պատմություն ունեցող միջազգային դպրոցին, որի թեման այս տարի «Ծրագրերի կառավարում և բյուջեի հավաքագրում»-ն էր, մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր երկրից մրցութային կարգով ընտրվել է երկու մասնակից: Հայաստանը ներկայացնող մասնակիցներից մեկը եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Պետրոսյանը:

 

Ամենամյա միջազգային դպրոցը կազմակերպվել է «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցի կողմից, որը գործում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Այս տարի դպրոցի կազմակերպմանը նաև աջակցել են Բուլղարիայի ԱԳՆ-ն և «Բուլղարիայի զարգացման հիմնադրամը»:

 

«Դպրոցի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ ներկայացնել համաշխարհային կարևորության խնդիրները և գտնել առկա հիմնախնդիրների վերաբերյալ լուծումները: Այս դպրոցը երիտասարդներին համաշխարհային կառավարման մի մասնիկը լինելու հնարավորություն է տալիս: Այն նպատակ ունի նպաստել ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակների իրագործմանը, որը պետք է իրականացվի մինչև 2030 թվականը»,- պատմում է Մարիան:

 

Նա նաև նշեց, որ «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցը գործում է շուրջ 52 երկրներում, և յուրաքանչյուր տարի այդ երկրների երիտասարդներին «PETRI Sofia»-ն  հրավիրում է քննարկելու երիտասարդությանը հուզող խնդիրները:

 

«Այս ամենամյա միջազգային դպրոցը հիանալի հարթակ էր, որտեղ հանդիպեցին 52 երկրների ակտիվ երիտասարդները  և միմյանց  հետ քննարկեցին երիտասարդությանը վերաբերող կարևորագույն խնդիրները: Դպրոցի շրջանակում տեղի ունեցավ նաև միջազգային փորձի փոխանակում, որն էլ հետագայում  ինձ կօգնի  Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում ավելի վստահ և անկաշկանդ ներկայացնելու համար: Դպրոցի շրջանակում մասնակից երկրների երիտասարդները ներկայացրին նաև իրենց մշակույթը և ազգային խոհանոցը»,- ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհին:

 

 

Մարիայի խոսքով, միջազգային դպրոցի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների երիտասարդ թևի ներկայացուցիչների հետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով մշտական խորհրդականի հետ, ինչպես նաև Բուլղարիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ:

 

«PETRI Sofia»-ի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային դպրոցի ավարտից հետ բոլոր մասնակիցները ստացել են ծրագրի մասնակցության հավաստագրեր: 

 

«Ամենամյա միջազգային դպրոցում դրսևորած ակտիվության համար դարձել եմ Հայաստանում «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցի 3 որակավորված թրեյներներից մեկը»,- պատմում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհին:

 

«Y-PEER Հայաստան» երիտասարդական ցանցը մեկնարկել է իր գործունեությունը 2014 թ.-ին, որը բաց է ակտիվ երիտասարդների համար: «Ես՝ որպես թրեյներ, ամենամյա միջազգային դպրոցում ձեռք բերված գիտելիքների և փորձի շնորհիվ «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցի Հայաստանի երիտասարդ անդամներին սովորեցնելու եմ, թե ինչպես նախագծել և իրականացնել հաջողված նախագծեր, ինչպես հավաքագրել անհրաժեշտ բյուջեն և հաղթել դրամաշնորհների մրցույթներում: Այս ամառ «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցի անդամներով տարբեր համայնքներում, հատկապես սահմանամերձ շրջաններում կազմակերպելու ենք մի շարք դասախոսություններ, որոնց ընթացքում իրազեկելու ենք ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակների մասին»,-ասաց նա:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԽ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ՈՒԽ նախագահության հերթական նիստի ընթացքում գիտակրթական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Վարդումյանը:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում 3 օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԽ համագումար նիստը: