15.11.2017 | 
Հասարակություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էդիկ Հարությունյանը նոյեմբերի 4-10-ը մասնակցել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային երիտասարդական ֆորումին:

Առաջին անգամ այս ձևաչափով անցկացվող Համաշխարհային երիտասարդական ֆորումը կազմակերպվել էր Եգիպտոսի Կառավարության կողմից և նպատակ ուներ լսելի դարձնել երիտասարդության ձայնը: Աշխարհի բոլոր անկյուններից մասնակցող երիտասարդ ներկայացուցիչների հետ ֆորումին մասնակցել են նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ և համաշխարհային քաղաքականության կարևոր դերակատարներ:

 

Էդիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ ծրագրին դիմելուց հետո Եգիպտոսում մասնակցել է նախընտրական մրցույթի, որտեղ էլ արդեն հաստատվել է նրա մասնակցությունը:

 

Էդիկը նշեց նաև, որ ֆորումն անցկացվել է երկու հատվածով՝ պաշտոնական և ոչ պաշտոնական. «Ոչ պաշտոնական հատվածի ժամանակ մենք լիովին ազատ էինք, կարող էինք մոտենալ յուրաքանչյուր երկրի պաշտոնյայի, այս կամ այն հարցերը քննարկել ու իմանալ նրանց կարծիքը միջազգային հարաբերությունների ու քաղաքական իրադարձությունների մասին»:

 

Ֆորումի պաշտոնական հատվածը բաղկացած է եղել հինգ ուղղություններից՝ համաշխարհային երիտասարդության հիմնախնդիրներ, կայուն զարգացման ուղղություններ, քաղաքակրթություններ և մշակույթ, ապագա լիդերների պատրաստում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մոդելավորում:

 

 

Էդիկ Հարությունյանի մասնակցությունը եղել է հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մոդելավորման շրջանակում. «Բոլորս համաձայնության եկանք, որ մեր ուղղության քննարկման հիմնական հարցը պետք է լինի միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, և քանի որ այս պայքարի շրջանակում Անվտանգության խորհրդում Հայաստանը ներկայացվածություն չունի, դերային բաժանման ժամանակ ես ներգրավվեցի Չինաստանի պատվիրակության աշխատանքներում: Մեր պատվիրակության մյուս անդամների և իմ աշխատանքի շնորհիվ մենք ստացանք «Լավագույն պատվիրակություն» մրցանակը»:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ուսանողը, խոսելով ծրագրի արդյունավետության մասին, ասաց, որ առավելություններից մեկը քաղաքական դերակատարների հետ անձնային շփման հնարավորությունն էր. «Եվ, իհարկե, այն, որ ֆորումին մասնակցում էին ներկայացուցիչներ բոլոր երկրներից: Ծրագրի շրջանակում ծանոթացա ապագայի նրանց տեսլականի հետ, քննարկեցինք, թե ինչպես են պատկերացնում համաշխարհային խնդիրների լուծումներն իրենց երկրներում, և կարողացա համեմատել մեր երկրների կրթական համակարգը: Պետք է նշեմ, որ Մայր բուհը մի շարք առումներով բավականին մրցունակ է»:

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: