20.10.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Հոկտեմբերի 12-16-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության ստուգատեսին Հայաստանը ներկայացնող երիտասարդների՝ Եվրոպայի գործող չեմպիոն 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը նվաճել է ոսկե մեդալ:

Գրիգոր Սահակյանը սովորում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսում:

 

«Գիտեինք, որ հեշտ չի լինելու: Տրամադրվածությունս լուրջ էր, և միևնույն ժամանակ մեծ սպասելիքներ ունեինք: Գոհ եմ արդյունքերից, որովհետև կարողացա լավ ներկայանալ ու ոսկե մեդալ նվաճել»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Սահակյանը:

 

Գրիգորը 9 տարեկանից զբաղվում է ձյուդոյով, իսկ հետո՝ սամբոյով. «Փոքրուց սիրել եմ երկու սպորտաձևերն էլ: Մարզաձևի ընտրության հարցում ոչ ոք ինձ չի ուղղորդել: Ես ու եղբայրս միասին ենք սկսել զբաղվել ձյուդոյով. նա՝ 12 տարեկանից, ես՝ 9: Մինչև 18 տարեկանը պարապել եմ սիրողական, իսկ դրանից հետո պայքարել եմ չեմպիոնի կոչման, ոսկե մեդալի համար»:

 

ԵՊՀ ուսանողը իրեն այլ սպորտաձևերում նույնպես փորձել է. «Շախմատ եմ խաղացել ու այդտեղ էլ հաջողություններ եմ գրանցել. առաջին կարգ ունեմ»:

 

Չնայած զբաղվածությանը՝ Գրիգորը փորձում է մարզումները, անցկացվող առաջնությունները համատեղել ուսման հետ. «Սիրում եմ տնտեսագիտությունը, բանկային հաշվարկները և այն ամենը, ինչը կապված է մասնագիտությանս հետ: Ազատ ժամանակ քիչ եմ ունենում, բայց առկայության դեպքում փորձում եմ այն անցկացնել ընկերներիս, հարազատներիս հետ»:

 

Գրիգոր Սահակյանը մարզավիճակը պահելու համար պարբերաբար մարզվում է. «Առաջիկայում մրցումներ չկան: Հիմա օրական 2 ժամ եմ մարզվում, բայց մրցումներից առաջ, երբ գնում ենք հավաքների, օրական 3 պարապմունք եմ ունենում»:

 

Տեղեկացնենք նաև, որ ապրիլին Պրահայում անցկացված սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությանը երիտասարդների պայքարում Գրիգոր Սահակյանը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: