18.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ, ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ, ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ, ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ, ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
ԵՊՀ-ում անցկացվեց «Անձնային բրենդինգ․ գործարար իմիջի ձևավորում» խորագրով դասընթաց, որի ժամանակ բանախոս Նվարդ Մելքոնյանը ծանոթացրեց ինքնաներկայացման էությանը, անդրադարձավ իմիջի և ոճի հարաբերակցության խնդրին և կարևոր այլ թեմաների:

ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը, մեզ հետ զրույցում մատնանշելով դասընթացի կարևորությունը, ասաց, որ այն սեղմ ժամանակահատվածում ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիքներ՝ գործատուին անհատական ունակություններն ու անձնային հատկանիշները ճիշտ ներկայացնելու, տարբեր աշխատանքներ կատարելու պատրաստակամության և այլնի վերաբերյալ:

 

 

Անդրադառնալով ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած թեմատիկ դասախոսություններին՝ Ն․ Մելքոնյանը վստահեցրեց, որ դրանք կունենան շարունակական բնույթ:

 

«Հատկանշական է, որ դասախոսություններին մասնակցում են այն շրջանավարտները, որոնք արդեն իսկ գիտեն աշխատաշուկայում իրենց ներկայացվող պահանջները և գալիս են լրացնելու արդեն իսկ ունեցած գիտելիքները: Վստահաբար կարող եմ ասել, որ դասախոսությունների շրջանակում ձեռք բերված հմտությունները կօգնեն նրանց՝ աշխատաշուկայում պահանջված մասնագետ լինելուն»,- ընդգծեց Ն. Մելքոնյանը:

 

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, անդրադառնալով «Կարիերայի ուղղորդման ակադեմիա» կազմակերպության հետ համագործակցությանը՝ ասաց, որ, չնայած այն նոր է ձևավորվել, այնուամենայնիվ արդեն իսկ հաջողություններ է գրանցել, ինչի վառ վկայությունն են կազմակերպված ուշարժան դասընթացները:

 

 

Կարևորելով երկու կառույցների համագործակցության շրջանակում կազմակերպված դասընթացը՝ Կ․ Նազարյանը հավաստիացրեց, որ այն լավ հնարավորություն է ձեռք բերելու այնպիսի գիտելիքներ, որոնք հիմնականում չեն տրվում ակադեմիական կրթություն ստանալիս:

 

 «Այսօրինակ դասընթացները նպաստում են համալսարանականների կարիերայի զարգացմանը և մասնագիտական աճին»,- ընդգծեց Կ. Նազարյանը:

 

«Կարիերայի ուղղորդման ակադեմիա» կազմակերպության հիմնադիր տնօրեն Լիլիթ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կազմակերպության համար կարևոր է համագործակցությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ:

 

 

«Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել տարբեր դասընթացներ: Ըստ էության, այս գործընթացում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը առանցքային դեր ունի: Կենտրոնի ներկայացուցիչների հետ մեր քննարկումներն օգնում են հասկանալ, թե համալսարանականներն ու շրջանավարտներն ինչ դասընթացների կարիք ունեն, որոնք կլրացնեն թե՛ գիտելիքների պաշարը, թե՛ գործատուին ճիշտ ներկայանալու հմտությունները»,- ընդգծեց Լ. Հակոբյանը:

 

 

Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը մշտապես կազմակերպում է նմանօրինակ միջոցառումներ, որոնք միտված են բուհ-գործատու կապի ամրապնդմանն ու զարգացմանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: