22.11.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՀԱՂԹՈՂ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՉ-ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ» ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՀԱՂԹՈՂ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՉ-ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ» ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտներ Մերի Իսկանդարյանը և Լիանա Վանյանն «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում արժանացել են դրամաշնորհի։

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «PMI Science»-ի աջակցությամբ, նպատակ ունի աջակցելու երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում ու օժանդակություն նրանց գիտական և հետազոտական նախագծերի համար։

 

2018 թվականից 11 համալսարանի և հետազոտական ինստիտուտի 30 ասպիրանտ արդեն ներգրավվել է ծրագրում՝ վերջինիս շնորհիվ զգալի առաջընթաց գրանցելով հետազոտություններում։

 

 

Ծրագրին կարող էին դիմել այն ասպիրանտները, որոնց գիտական և հետազոտական նախագծերը համապատասխանում էին հայտարարված ոլորտներին։ ԵՊՀ ասպիրանտները մրցանակի են արժանացել «Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ» հայտարարված ոլորտում։

 

Մեզ հետ զրույցում Մերի Իսկանդարյանն ասաց, որ ներկայումս առաջնային են էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնումը և կենսաէներգիա ստանալու մեթոդների ու նոր ռազմավարությունների մշակումը. «Ոչ ախտածին «Ralstonia eutropha»-ի O2-կայուն հիդրոգենազները (Հիդ) գրավիչ թիրախներ են ֆերմենտային վառելիքի սարքերում (ՖՎՍ, EFC) հնարավոր կիրառման համար: Ակտիվ Հիդ-երն օգտագործվելու են որպես անոդային կատալիզատորներ՝ նպաստելով ՖՎՍ-ում հոսանքի արդյունավետ արտադրությանը: Հետազոտություններն այս ոլորտում նոր են, ունեն հիմնարար, ինչպես նաև բնապահպանական և տնտեսական առավելություններ, օգտակար են լինելու Հայաստանում ՖՎՍ տեխնոլոգիայի զարգացման համար»:   

 

 

Լիանա Վանյանն էլ, որի ընթացիկ գիտական նախագծի նպատակն է բացահայտել գլյուկոզի ցածր և բարձր խտությունների ազդեցությունը E.coli-ում ջրածնի արտադրության համար պատասխանատու ֆերմենտների՝ հիդրոգենազների վրա և պարզաբանել ջրածնի արտադրության օպտիմալ պայմանները՝ տնտեսապես մատչելի, արդյունավետ տեխնոլոգիաներ զարգացնելու համար,  հավելեց. «Ներկայումս լայնորեն ուսումնասիրվում է լիգնոցելյուլոզային թափոնների հավանական կիրառությունը ջրածնի ստացման նպատակով, սակայն քիչ հետազոտություններ են իրականացվում՝ հասկանալու այդ խառնուրդներում առկա շաքարների խտությունը և դրա ազդեցությունը մանրէների նյութափոխանակության վրա»։

 

 

Ասպիրանտները նշեցին, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են գիտության զարգացմանը, երիտասարդացմանը և առավել իրատեսական դարձնում կիրառելիությունը։

 

Հավելենք, որ «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում ֆինանսավորման է արժանացել 10 ասպիրանտ:

 

Այլ նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը: