21.12.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ
ԵՊՀ-Ն ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի՝ այս տարվա վերջին նիստը, որում ընդգրկված էին օրակարգային ինը և մեկ ընթացիկ հարցեր:

Oրակարգային առաջին հարցը վերաբերում էրդեկանների ընտրության մասին ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումների հաստատմանը, որը նիստի մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ գիտխորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանը: Մասնավորապես գիտխորհրդի անդամները փակ քվեարկությամբ հաստատեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի և արևելագիտության ֆակուլտետների դեկանների ընտրության արդյունքները: 

 

Գիտխորհրդի անդամները քվեարկությամբ ընդունեցին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին ԵՊՀ գիտական խորհրդի հումանիտար հոսքի մրցութային հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու առաջարկը: Քվեարկությամբ նույն հանձնաժողովում ընդգրկվեց նաև Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը:

 

Մրցութային հանձնաժողովներում ուսանող-անդամի կարգավիճակով Գևորգ Արշակյանին (հումանիտար հոսք) և Սևակ Գրիգորյանին (բնագիտական հոսք) ներգրավվելու առաջարկ էր ներկայացրել Ուսանողական խորհուրդը, որը նույնպես ընդունվեց գիտխորհրդի անդամների կողմից:

 

Այնուհետև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի (2016-2017 ուստարի) կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՊՀ-ում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ծրագրի 2016-2017 ուստարվա համալիր միջոցառումների կատարման արդյունքները:

 

«Այն, ինչ ծրագրվել էր, հաջողությամբ իրականացվել է: Իհարկե, կան նաև թերացումներ ու բացթողումներ, սակայն ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում կատարված աշխատանքները: Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք պատվով ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները և լավ արդյունքներ գրանցել: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված թերություններն էլ կվերլուծենք և ժամանակի ընթացքում կշտկենք»,- ասաց Արամ Սիմոնյանը և շնորհակալություն հայտնեց գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար:

 

Ինչ վերաբերում է բուհում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարին, ապա ռեկտորը նշեց, որ նվազման դինամիկա կա, ինչը ուրախալի է. «Անկասկած, կոռուպցիոն երևույթների նվազմանը նպաստել է մեր հետևողական պայքարը, ինչպես նաև հակակոռուպցիոն ծրագրերի հաջող իրականացումը: Այդ արատավոր երևույթն իսպառ չի վերանա, սակայն դրա սահմանափակումն ու նվազեցումը շատ կարևոր են, և ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվելու են»:

 

ԵՊՀ բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքի և բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին զեկուցեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Մասնավորապես պրոռեկտորը ներկայացրեց վերջերս հաստատված կարգը, որի շրջանակում բոլոր ֆակուլտետներում վերամշակվում են բակալավրի կրթական ծրագրերը: Այն ներառում է մեկ պարտադրական փոփոխություն. երկրորդ կուրսի ուսանողին նախկինում 11, իսկ այսօր արդեն 10 կամընտրական  առարկաներից առաջարկվում է ընտրել 2-ը՝ 3-ի փոխարեն: «Իրավունքի հիմունքներ» դասընթացը, ՀՀ Կառավարության որոշմամբ, դարձել է պարտադիր բոլոր մասնագիտությունների համար:

 

 

ԵՊՀ աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հաղորդեց ԵՊՀ միջազգային համագործակցության և գիտական քաղաքականության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ով մեկնաբանեց փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը և պատասխանեց գործընկերների հարցերին:

 

ԵՊՀ 2017 թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարողականի (հունվար-նոյեմբեր) ու 2018 թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի վերաբերյալ տվյալներ ներկայացրեց գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

«2017 թ.-ի ընթացքում ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշվի մուտքերը կազմել են 10.213.916.7 հազար դրամ, իսկ ծախսերը կազմել են 8.730.131.2 հազար դրամ, ինչը տարեկան նախահաշվի 85.8 տոկոսն է»,- նշեց բանախոսը:

 

Անդրադառնալով 2018 թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշվին՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ 2018 թ.-ի դրամական հոսքերը եկամուտների գծով կազմելու են 9.373.000.0 հազար, իսկ ծախսերի գծով` 9.473.000.0  հազար դրամ:

 

Իջևանի մասնաճյուղի 2016-2017 ուստարվա գործունեության մասին հաշվետվություն ներկայացրեց մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:

 

«Մասնաճյուղը 2016-2020 թթ. զարգացման ծրագրի համաձայն է պլա­նավորում իր գործունեությունը, որի գերակա նպատակն է ապահովել բարձրո­րակ կրթություն՝ նպաստելով տարածաշրջանում հայա­գիտության, հումա­նիտար, սոցիալ-տնտեսագիտական և բնական գիտությունների, մշակույթի զար­գացմանն ու նորովի մատուցմանը»,- նշեց Սամվել Առաքելյանն ու ընդգծեց, որ մասնաճյուղի գործունեությունը մշտապես գտնվել է ԵՊՀ ուշադրության կենտրոնում և բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները պայմանավորված են Մայր բուհով:

 

Նիստի ընթացիկ հարցը վերաբերում էր Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական նստաշրջանի նյութերի ժողովածուն տպագրության երաշխավորելուն, ինչպես նաև գիտական հրատարակությունների ցուցակում որպես ընդունելի պարբերական ընդգրկելու միջնորդությամբ ԲՈՀ դիմելուն:

 

Այս, ինչպես նաև օրակարգային բոլոր մյուս հարցերն ու առաջարկներն էլ ընդունվեցին և հաստատվեցին գիտական խորհրդի անդամների կողմից:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց բուհի ուսումնական գործընթացի կառավարման «Supervision» էլեկտրոնային ծրագրի աշխատակիցներին:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է». ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: