21.05.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ԹԻՄԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ
ԵՊՀ ԹԻՄԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ
Առաջին անգամ մասնակցելով Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթին՝ ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստացել մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:

ԵՊՀ-ն՝ ի դեմս Իրավագիտության ֆակուլտետի, այս տարի առաջին անգամ մասնակցության հայտ է ներկայացրել Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթին: Այն կազմակերպվում է  Մարդու իրավունքների կենտրոնի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից Մարդու իրավունքների «Գլոբալ Կամպուսի» միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:

 

Դատախաղ-մրցույթի առանցքում մարդու իրավունքներն են, որոնք հիմնված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների դաշնագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային աղբյուրների վրա: Այս տարի դատախաղ-մրցույթի գործը վերաբերում է կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելքին և ընտանեկան կյանքին առնչվող մի շարք իրավունքներին:

 

Դատախաղ-մրցույթի առաջին փուլը ենթադրում է կողմերի դիրքորոշումների գրավոր ներկայացում: Արդյունքում լավագույն թիմերը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կմասնակցեն բանավոր փուլին:

 

Այս տարի դատախաղ-մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 230 համալսարանների թիմեր: ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի 50 լավագույն  թիմերի շարքում և հնարավորություն ստացել 2018 թ.-ի հուլիսի 15-20-ը Ժնևում մասնակցելու բանավոր փուլին: Բանավոր փուլին մասնակցելու են նաև այնպիսի հեղինակավոր համալսարաններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Յելի համալսարանը:

 

ԵՊՀ թիմի անդամներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Հարություն Հովհաննիսյանը և մագիստրատուրայի ուսանողուհի Շողեր Սահակյանը: Թիմի մարզիչն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ Գրիգոր Չոբանյանը

 

Բացի բուն դատախաղից՝ միջոցառման շրջանակում նախատեսված է նաև մեկօրյա գիտակրթական այց, որի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաև Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին:

 

Ի դեպ, այս դատախաղ-մրցույթն էլ ավելի նշանակալի է, քանի որ այս տարի նշվում են  Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը և Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթի 10-ամյակը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Եթե ես լինեի ուսանող և ունենայի այսպիսի լայն-լայն-լայն ընտրության հնարավորություններ, ամենայն հավանականությամբ, կմնայի հասարակագիտության ոլորտում»:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Պալեանների անվան դահլիճում հյուրընկալել էր «Երևակ» կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներին: