23.09.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Սեպտեմբերի 22-ին և 23-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակեպված դատախաղ-մրցույթի բանավոր փուլը:

Միջբուհական դատախաղ-մրցույթի բանավոր փուլի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵՊՀ իրավագիտության դեկան Գագիկ Ղազինյանը, ողջունելով ներկաներին և հաջողություն մաղթելով մասնակիցներին, ուրախությամբ փաստեց, որ դատախաղ-մրցույթն արդեն ավանդական է դառնում. «Սա իսկապես իր տեսակի մեջ բացառիկ միջբուհական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս գործնականում կիրառելու և դրսևորելու տեսական գիտելիքները»:

 

Բանավոր փուլի կիսաեզրափակիչ խաղերն անցկացվեցին սեպտեմբերի 22-ին: Հայաստանում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) անմիջական գործընկեր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը մասնակիցներին բացատրեց մրցույթի կանոնները. «Ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր փուլի կիսաեզրափակիչ խաղերում յուրաքանչյուր թիմ հանդես է գալու 2 անգամ, մի խաղում՝ որպես պաշտպանող, մյուսում՝ որպես մեղադրող կողմ: Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակած 2 թիմերը միմյանց հետ կմրցեն հաղթողի գավաթը նվաճելու համար: Յուրաքանչյուր խաղի համար կհատկացվի 1 ժամ, որից 20-ական րոպեներ կտրվեն կողմերից յուրաքանչյուրին՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը, իսկ մնացած 20 րոպեն կտրվի ռեպլիկների, միմյանց և ժյուրիի կողմից տրված հարցերին պատասխանելու համար: Մրցակից թիմերը կորոշվեն վիճակահանությամբ»:

 

 

 

Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը տեղեկացրեց նաև, որ թիմերին առաջադրված գործը դեռևս ընթացքի մեջ է գտնվում և միանշանակ որևէ լուծում չունի. «Իրական դեպք է, որի պայմանները որոշակիորեն փոխված են: Երկու փուլերում էլ նույն գործն է լինելու, պարզապես եզրափակչում մեկ էպիզոդ ևս կավելացվի: Ընտրել ենք հենց այս դեպքը, քանի որ այն ուսանողներին ստեղծագործաբար մոտենալու և խնդիրը տարբեր տեսանկյուններից դիտարկելու հնարավորություն կտա»:

 

Դատախաղ-մրցույթի ժյուրիի կազմում էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի դատավոր Համլետ Ասատրյանը և Բրեմենի փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը:

 

Բանավոր փուլի կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակեցին և սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած եզրափակիչ փուլում իրենց ուժերը չափեցին «Երևանի պետական համալսարանի թիվ 2» և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմերը:

 

 

Դատախաղի ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռետկոր Ռուբեն Մարկոսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը և ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը:

 

Ժյուրիի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, ամփոփելով դատախաղ-մրցույթը, նշեց, որ մեծապես տպավորված և հիացած է. «Ես ուրախ եմ, որ ունենք նման փայլուն երիտասարդություն: Հավատացած եմ, որ մեր ոլորտը մեծ ապագա ունի: Կարևորում եմ նաև այն փաստը, որ մենք երկուստեք ունեցանք ձեռքբերումներ: Շնորհակալություն կազմակերպիչներին նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար»:

 

Ինչպես և նախորդ տարի անցկացված մրցույթին, այս տարի ևս մասնակից թիմերին հանձնվեցին պատվոգրեր և պարգևներ: Միջոցառման կազմակերպիչների կողմից բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և հուշանվերներ: Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշման համար պարգևատրվեց «Երևանի պետական համալսարանի թիվ 1» թիմը, լավագույն մեղադրական դիրքորոշման համար՝ «Երևանի պետական համալսարանի թիվ 2» թիմը:

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակությունը կարևորելու և դրանք լավագույնս կիրառելու համար մրցանակ ստացավ Արցախի պետական համալսարանի թիմը: «Լավագույն հռետոր» մրցանակին արժանացավ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմի ներկայացուցիչ Ռոզա Ամիրովան:

 

«Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Երևանի պետական համալսարանի թիվ 2» թիմի ներկայացուցիչ Տաթև Սողոյանը, իսկ «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Lex Dominus» թիմի անդամ Ներսես Զեյնալյանը: Առավել ինքնատիպ և հետևողական դիրքորոշում արտահայտելու համար պարգևատրվեց Գավառի պետական համալսարանի «Գեղամա» թիմը:

 

Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ միջբուհական դատախաղում հաղթող ճանաչվեց «Երևանի պետական համալսարանի թիվ թիմը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից փոխնախարար Վահրամ Մկրտչյանը մրցանակներ հանձնեց հաղթող թիմի մարզիչներին:

 

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ, իր խոսքում մեծապես կարևորելով նմանօրինակ միջոցառման անցկացումը և ԵՊՀ ռեկտորատի անունից շնորհակալություն հայտնելով ինչպես դատախաղի կազմակերպիչներին, այնպես էլ ժյուրիի անդամներին, նրանց հանձնեց նաև ԵՊՀ հրատարակչության կողմից վերջին տարիներին տպագրված գրքեր:

 

Այլ նորություններ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը: