01.09.2021 | 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետն այսօր դիմավորեց առաջինկուրսեցիներին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, որը շնորհավորեց առաջինկուրսեցիներին ուսումնական տարվա սկզբի և մասնագիտական ճիշտ ընտրության կապակցությամբ:

«Հիրավի այսօր շատ յուրահատուկ ու պատմական օր է ձեզ համար, որի կարևորությունը դուք կզգաք ու կհասկանաք տարիներ անց՝ ավարտելիս»,- ասաց Գևորգ Բարսեղյանը:

Նա ուսանողներին ներկայացրեց Հայաստանի ամենահին բուհի՝ ԵՊՀ-ի ու վերջինիս ամենաերիտասարդ ֆակուլտետներից մեկի՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման պատմությունները:

 

«Սա այն դեպքն է, երբ ֆակուլտետի արժանիքները տարիքը չէ, որ որոշում է, ավելին՝ այս տարիների ընթացքում մեր ֆակուլտետը շատ արագ մեծ հեղինակություն է ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս»,- փաստեց Գևորգ Բարսեղյանը:

Դեկանն առաջինկուրսեցիներին ծանոթացրեց ֆակուլտետի կառուցվածքին, գործունեությանը և կրթական ծրագրերին:

Մեզ հետ զրույցում առաջինկուրսեցի Լիանա Մուրադյանը նշեց, որ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետն ընտրել է անգլերենի գիտելիքները հարստացնելու և իսպաներեն սովորելու նպատակով:

 

Նրա խոսքով, այստեղ մթնոլորտը շատ ոգևորող ու մոտիվացնող է, ուսանողուհին հուսով է, որ դասախոսական կազմին և կուրսին ավելի լավ ծանոթանալուց հետո էլ ավելի կսիրի ԵՊՀ-ն:

«Ես ընտրել եմ ԵՊՀ-ն, քանի որ այն մեր Մայր բուհն է, և այն գիտելիքը, որն ուզում եմ ստանալ, ձեռք կբերեմ հենց այստեղ»,- ասաց Լիանան: