19.04.2017 | 
Կրթություն
ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵԶԴԻՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻՆ
ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵԶԴԻՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻՆ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ «Եզդիների կրոնական աշխարհայացքը» գրքի շնորհանդեսը:

Արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու Թերեզա Ամրյանի մենագրությունը նվիրված է եզդիների կրոնական կենտրոնի՝ Հյուսիսային Իրաքի և եզդիական մեկ այլ խոշոր համայնքի ներկայացուցիչների՝ Հայաստանի եզդիների կրոնական հավատալիքների, ավանդույթների և սովորույթների քննությանը: 

 

ԵՊՀ հրատարակչության ջանքերով հրատարակված գրքի շնորհանդեսին ներկա գտնվող համալսարանականներին և ՀՀ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչներին ողջունեց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը և ընդգծեց, որ մենագրությունը Թերեզա Ամրյանի բազմամյա գիտական պրպտումների և անխոնջ աշխատանքի արժանավոր արդյունքն է, որը գալիս է լրացնելու եզդիագիտության ասպարեզում առկա հսկայական ճեղքվածքը և պատշաճ մակարդակով հայալեզու ընթերցողին ներկայացնելու եղբայրական եզդի ժողովրդի կրոնական աշխարհայացքի յուրահատկությունները: 

 

«Հայ և եզդի ժողովուրդները, միևնույն տարածաշրջանում դարեր շարունակ բնակվելով միմյանց հարևանությամբ, գրանցել են համատեղ պատմության բազմաթիվ հերոսական էջեր, կիսել մեկը մյուսի հաջողությունները և դժվարությունները, ապրել միմյանց հույզերով և նաև ընդհանուր պայծառ ապագայի տեսլականով: Եվ բոլորովին պատահական չէ, որ հենց Հայաստանում է ձևավորվել նաև եզդի գիտնականների և մտավորականների մի ակտիվ խավ, որը հատկապես վերջին տարիներին բոլորովին նոր թափ և որակ է հաղորդել նաև մեր երկրում խորը արմատներ և ավանդույթներ ունեցող եզդիագիտական հետազոտություններին»,- հավելեց ամբիոնի վարիչը:  

 

Հեղինակը եզդիական կրոնական օրհներգերի, ժողովրդական բանահյուսության և առկա գիտական հետազոտությունների հիման վրա ներկայացնում է եզդի ժողովրդի կրոնական աշխարհընկալման և ընդհանրապես աշխարհայացքի համապարփակ պատկերը՝ ցույց տալով նրանց կրոնական աշխարհընկալման պատմական զարգացումը, կրած փոփոխությունները և տարբեր երկրների եզդիական համայնքներում դրա տարամիտման հակումները: 

 

 

«Մենք երախտապարտ ենք հայաստանաբնակ և իրաքաբնակ մեր բանասացներին սիրով մեզ ժամանակ տրամադրելու, հարցերին համբերատար պատասխանելու, եզդիների կրոնի նրբություններն ու յուրահատկությունները ներկայացնելու և պարզաբանելու համար»,- նշեց Թերեզա Ամրյանը և հավելեց, որ իր աշխատությունը նվիրել է Հայաստանի և Արցախի անվտանգության համար զոհված հայ և եզդի ազատամարտիկների հիշատակին:

 

Հավելենք, որ գիրքը նախատեսված է արևելագետների, ազգագրագետների, աստվածաբանների և մշակութաբանների, ինչպես նաև եզդիների հավատալիքներով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:

Այլ նորություններ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը:
ՀԱՅԱԶԳԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիսի 12-13-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում դասախոսություններով հանդես եկավ ԱՄՆ-ի Ռոչեստերի համալսարանի պրոֆեսոր Սևակ Մկրտչյանը: