30.11.2021 | 
Հասարակություն
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դասախոսներ, ուսանողներ:

 

 

Նաղաշ Մարտիրոսյանը, ողջունելով հյուրին, նշեց, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են ոլորտի վերաբերյալ արդիական և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, մասնագիտական կարծիք լսելու առումով. «Ոչ ֆորմալ կրթության ձևաչափով հաղորդվող գիտելիքներն օգնում են ապագա լրագրողներին ճիշտ լուսաբանել, մեկնաբանել իրավական այն գործընթացները, որոնք տեղի են ունենում միջազգային հեղինակավոր ատյաններում»:

 

Ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկություններ ստանալու Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասով ՄԻԵԴ Հայաստանի կողմից ներկայացված հայցերի վերաբերյալ։

 

 

Եղիշե Կիրակոսյանի բանախոսության հիմնական առանցքը ՄԱԿ-ի արդարադատության դատարանի՝ Հաագայի դատարանի հայաստանյան հայցն էր, որը, հիրավի, պատմական հնարավորություն է Արցախյան հակամարտության խնդիրը միջազգային իրավունքի կարևորագույն հարթակում ներկայացնելու և լուծումներ պահանջելու համար։

 

Ուսանողները հնչեցրին բազմաթիվ հարցեր հայցի կարևորության, հիմնավորվածության և հնարավոր արդյունքների մասին։ Քննարկվեցին նաև 44-օրյա պատերազմի հետևանքները չեզոքացնելու, միջազգային իրավունքի գործիքակազմերը կիրառելու հնարավորություններն ու ռիսկերը։

 

 

Ֆակուլտետի դասախոս Գայանե Աբրահամյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումներն ու բանախոսությունները ոլորտի փորձագետների և պաշտոնյաների հետ պարբերական բնույթ ունեն, դրանք կազմակերպվում են «Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացի շրջանակում. «Հանդիպումները ոչ ֆորմալ կրթական հարթակ են ուսանողների համար, հնարավորություն են տալիս լսելու մասնագիտական բանախոսություններ, ինչպես նաև հարցեր հղելու ոլորտի մասնագետներին»։

 

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ Է». ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է ծննդյան հիսունամյակը: Հայաստանում իրանագիտության լավագույն ավանդույթների պահպանման, դրանց զարգացման և նոր սերունդներին փոխանցելու գործում մեծ ավանդ ունեցող Վ. Ոսկանյանի հետ զրուցել ենք ձեռքբերումների, առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչում» հետազոտության արդյունքների, ինչպես նաև «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայի ներկայացման վերաբերյալ քննարկում: