05.04.2016 | 
Մշակույթ
ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը:

Միջոցառումը ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ի զորակցություն հայ զինվորների՝ պայմանավորված այս օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձություններով, թեև այն ի սկզբանե պետք է նվիրված լիներ մայրության և գեղեցկության տոնին:

 

Երևանի կամերային երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը, ով ավելի քան 10 տարի ղեկավարել է ԵՊՀ «Կոմիտաս» երգչախումբը, նշեց, որ Կոմիտասի աշխարհիկ խմբերգերով բազմիցս հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում: Պարոն Թոփիկյանի տեղեկացմամբ՝ նախատեսված է համերգային շրջագայություններ կազմակերպել նաև բուհերում: Ծրագրի մեկնարկն էլ տրվեց հենց Մայր բուհում:

 

20 տարվա պատմություն ունեցող երգչախմբի անդամները Մշակույթի կենտրոնի դահլիճում կատարեցին հիմնականում Կոմիտասի մշակումներից («Հարսանեկան շար», «Գութանը հաց է բերում» և «Չինար ես» և այլն): Այդ երգերը համերգների ժամանակ մեծ ոգևորություն ու հետաքրքրություն են առաջացնում: Պարոն Թոփիկյանը չմոռացավ խոսել նաև երգերի ու դրանց պատմության մասին:

 

Խմբի ղեկավարը հավելեց, որ Կամերային երգչախմբի նպատակն է աշխարհին տեղեկացնել Կոմիտաս հանճարի մասին. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սերունդ պետք է գա ու բացահայտի այն հանճարին, ում ստեղծագործությունները մինչ օրս շարունակում են հնչել աշխարհի հեղինակավոր բեմերում: Եվ իսկապես, Կոմիտասի երգն ու երաժշտությունն առանձնանում են իրենց յուրահատկություններով»:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ նշեց, որ այս համերգով համագործակցության սկիզբ է դրվում Երևանի պետական կամերային երգչախմբի միջև: Նշենք, որ Կամերային երգչախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ մասնակցել է նաև համալսարանի օրհներգի ստեղծմանը, ինչը տիկին Դավթյանը մեծ ձեռքբերում է համարում:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։