06.10.2021 | 
Հասարակություն
«ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԿԱՊԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ». ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՐՑԱԽՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԿԱՊԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ». ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, որին մասնակցում էին 16 տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, որոնք ներգրավված են Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործընթացներում, աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ:

 

«Ծրագիրը մեկամյա է, որն ունի տեսական և գործնական հատված: Մասնակիցների համար Հայաստանում ու Արցախում կազմակերպվել են մի շարք դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, որոնց արդյունքում երիտասարդներին հնարավորություն է տրվել ձեռք բերելու գիտելիքներ Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական հրատապ խնդիրների լուծման համար, միաժամանակ ընդլայնելու իրենց պատկերացումները համայնքային կյանքում ներգրավվածության և հայկական շահերի պաշտպանության հարցերում: Ծրագրի երկրորդ մասը ենթադրում է ձեռք բերված գիտելիքների փոխանցումն ու դրանց կիրառումն արդեն իրենց հարազատ համայնքներում»,- ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի մշտադիտարկման բաժնի պետ, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը:

 

Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ կարևոր բաղադրիչ են նաև մեդիա-կոնտենտին նվիրված միջոցառումներն ու հանդիպումները, որոնց շրջանակում էլ ծրագրի մասնակիցներն այսօր կհանդիպեն ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանի հետ:

 

 

«Մեր Սփյուռքի երիտասարդ դեսպանների հետ խոսել եմ հասարակայնության հետ կապերի փիառային հնարքների մասին, որպեսզի նրանք իրենց երկրներում հնարավորինս լավ ներկայացնեն Հայաստանը: Զրուցեցինք նաև երկրի վարկանիշի ձևավորման հիմնական սկզբունքների, դրանց կիրառման տեխնոլոգիաների մասին՝ շեշտը դնելով հետաքրքիր, բազմաբնույթ և լսարանին գրավող բովանդակություն ձևավորելու վրա»,- նշեց Նվարդ Մելքոնյանը:

 

 

Վրաստանից ժամանած Էմիլ Սարգսյանը, որն աշխատում է Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնում, կարևորում է նմանօրինակ ծրագրի իրականացումն ու երիտասարդների մասնակցությունը. «Մենք համախմբվել ենք Հայաստանում, և բոլորս մեկ ընդհանուր նպատակ ունենք՝ զարգացնել Արցախն ու ամրապնդել կապը Սփյուռքի հետ: Այստեղից ստացած տեղեկատվությունը, գիտելիքներն ու հմտությունները հնարավորինս կփորձեմ փոխանցել իմ գործընկերներին ու ընդհանրապես երիտասարդներին, քանի որ մենք պետք է հետագա համագործակցության նոր ճանապարհներ գտնենք»:

 

Հավելենք, որ երիտասարդները ծրագրի ավարտին կայցելեն նաև Հայաստանի պատմական, մշակութային և հիշատակի վայրեր, կրթական, գիտական, տեխնոլոգիական ինստիտուտներ, կմասնակցեն հասարակական, մշակութային միջոցառումների և կամավորական աշխատանքների։

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը: