24.10.2016 | 
Հասարակություն
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը մասնակցեց միջազգային կոնֆերանսի շրջանակներում հրավիրված «Երիտասարդության հետ աշխատանքի որակը. մարտահրավերներ և զարգացման ուղիներ» համացանցային բանավիճային հարթակի աշխատանքներին:

Այսօր Եկատերինբուրգում ՌԴ առաջին նախագահ Բ. Ելցինի անունը կրող Ուրալի ֆեդերալ համալսարանի (ՈՒՖՀ) նախաձեռնությամբ մեկնարկեց «Երիտասարդության նորարարական ներուժը. համաշխարհայնացում, քաղաքականություն, ինտեգրում» խորագրով 6-րդ միջազգային գիտահետազոտական կոնֆերանսը: Կոնֆերանսի լիագումար նիստը բացվեց երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող փորձագետների զեկուցումներով: Ներկայացվեցին Եվրասիական տարածաշրջանում երիտասարդության հետ աշխատանքի փորձը, սոցիալական անհավասարության երիտասարդների ընկալումը, ազգային երիտասարդական քաղաքականությունների տրանսֆորմացիայի միտումները և այլն:

 

Կոնֆերանսի ընթացքում կազմակերպվեցին նաև բանավիճային հարթակներ, որոնցից մեկը՝ «Երիտասարդության հետ աշխատանքի որակը. մարտահրավերներ և  զարգացման ուղիներ» թեմայով, ընթացավ ինտերնետ կոնֆերանսի ձևաչափով: Քննարկմանը հեռավար տարբերակով մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի և Ղրղզստանի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսում Հայաստանը ներկայացնում էր Երևանի պետական համալսարանը՝ ի դեմս ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց Հայաստանի երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրները, բուհական համակարգի մարտահրավերներն ու կենտրոնի գործունեությունը:

 

«ԵՊՀ-ն կոնկրետ միջոցառումներ է ձեռնարկում՝ շրջանավարտների զբաղվածությունը խթանելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես աշխատանքներ են իրականացվում բուհ-գործատու-աշխատաշուկա կապն ամրապնդելու ուղղությամբ, պոտենցիալ գործատու համարվող ընկերությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվում են սեմինարներ, թրեյնինգներ և դասընթացներ»,- նշեց կենտրոնի տնօրենը:

 

Բանավիճային հարթակի մյուս մասնակիցները նույնպես անդրադարձան երիտասարդության զբաղվածության խնդիրներին, հատկապես կարևորեցին ոչ ֆորմալ կրթության միջոցառումները՝ ուսանողներին անհրաժեշտ գործնական հմտություններ հաղորդելու տեսանկյունից:

 

 

Հարկ է նշել նաև, որ ՈՒՖՀ-ում գործում է Երիտասարդության հետ աշխատանքի ամբիոն, որի ջանքերով համապատասխան մասնագիտությամբ ուսուցում է իրականացվում բակալավրիատում և մագիստրատուրայում: Միջազգային կոնֆերանսին զուգահեռ՝ ՈՒՖՀ-ում այս օրերին տեղի է ունենում Երիտասարդության հետ աշխատանքի ուղղությամբ պատրաստվող ուսանողների համառուսաստանյան փառատոնը, որին մասնակցում են ՌԴ շուրջ 20 բուհերի ներկայացուցիչներ:

 

Հավելենք նաև, որ Ուրալի ֆեդերալ համալսարանի հրավերով Եկատերինբուրգում կոնֆերանսի աշխատանքներին որպես բանախոս մասնակցում է նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Այլ նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը: