29.11.2010 | 
Կրթություն
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր նշվեց մեծանուն գրող Հրաչյա Քոչարի 100-ամյակը:

ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր հոբելյանական ցերեկույթ էր: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնած միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ հայ բանասիրության, արեւելագիտության եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների համատեղ ջանքերով:

 

Միջոցառումը սկսվեց լուսանկարների ցուցադրությամբ: Մեծանուն գրողի ապրած տարբեր տարիները պատկերող նկարները մեկնաբանում էր գրողի դուստրը` Նվարդ Քոչարը: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Մարդու հիշողության պաշարը անսպառ չէ, ու ժամանակի ընթացքում շատ ու շատ բաներ դուրս են մնում այդ պաշարից: Հրաչյա Քոչարի հրապարակախոսությունն ու գեղարվեստական գրականությունը այն տեղեկատվական նյութն են, որ Քոչար կարդացած մարդու հիշողության մեջ մնում է հավերժ»,- նշեց Արամ Սիմոնյանը: Ըստ միջոցառման ձեւաչափի` ցերեկույթը Քոչարին նվիրված ելույթների փունջ էր: Մասնակցության հրավերին արձագանքել էին համալսարանական դասախոսներ, Քոչարին ճանաչած, երբեւէ նրա հետ շփված շատ ու շատ մարդիկ: Քոչարի կյանքից հետաքրքիր դրվագներ հիշեցին Քոչարի լավ ընկեր Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը, եւ Հովհաննես Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը:

 

«Քոչարից հետո երեւանյան փողոցները մի քիչ էլ դատարկվեցին, մեր քաղաքին պակասում է նրա իմաստուն քայլքը: Ես շատ կուզենայի, որ մեր երիտասարդները դառնան Քոչարի ժառանգորդը, ժառանգորդը Քոչար հրապարակախոսի, Քոչար գրողի եւ Քոչար հայի»,- իր ելույթում նշեց ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Ցերեկույթի ընթացքում Քոչարի ստեղծագործական կյանքի եւ հրապարակախոսության մասին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Քնարիկ Միրզոյանը եւ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Հրաժեշտից առաջ Նաղաշ Մարտիրոսյանն առաջարկեց նույն դահլիճում հավաքվել 10 տարի անց` նշելու Հրաչյա Քոչարի 110-ամյակը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։