Այսօր կայացավ Ուսանողական խորհրդի «Նոր խոսք» պարբերականի շնորհանդեսը: Ռոմանագերմանական լեզուներ դասավանդող ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված պարբերականը լույս է տեսնում միանգամից 6 լեզվով` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն: Նախաձեռնությունը Ուսանողական խորհրդինն է, իսկ այն իրագործել են մի խումբ խանդավառ առաջին կուրսեցիներ, ովքեր հույս ունեն համախմբելու ֆակուլտետի բոլոր ուսանողներին իրենց հետաքրքիր գաղափարի շուրջ:
«Նոր խոսք» պարբերաթերթի նպատակն է բացահայտել եւ ներկայացնել ամենանորը, թարմը, գեղեցիկը, արդիականը: Այն կոչված է լուսաբանելու ֆակուլտետի ուսանողական կառույցների աշխատանքները, ֆակուլտետի առօրյան` բարձրաձայնելով առկա խնդիրների մասին, վերհանելով կրթական գործընթացի դրական եւ բացասական կողմերը:
Ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանն ուրախ է, որ ուսանողները մեծ պատասխանատվությամբ եւ լրջությամբ են մոտեցել իրենց գործին, նախապես մանրամասնորեն մշակել են ինչպես բովանդակության, այնպես էլ դիզայնի մանրուքները: «Լեզուներն ուսումնասիրվում են ոչ միայն դրանք պարզապես իմանալու, այլեւ ճանաչելու տվյալ երկրի մշակույթն ու ժողովրդին, հասկանալու համար նրա կենցաղն ու կյանքը: Այս հարցում ֆակուլտետի դասախոսներին օգնության է գալիս հենց այս պարբերականը»,- ասաց դեկանը: Գլխավոր խմբագիր Սիրանուշ Սեյրանյանը խոստանում է, որ պարբերականը հավատարիմ կմնա բազմալեզու ֆակուլտետի էությանը` դառնալով կամուրջ դասավանդվող լեզուների միջեւ:
Ընտրված տարբերանշանը տարբեր ռասաներ ներկայացնող մարդկանց ձեռքերից կազմված շրջանն է, որ խորհրդանշում է միասնականություն եւ համերաշխություն: Իսկ պարբերականը «հավաքված» է տարբեր լեզուների տառերով: Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանն Ուսանողական խորհրդի պաշտոնաթերթի տպագրությունը կարեւոր եւ հեռանկարային ձեռնարկ է համարում. «Տպագիր տառը պարտավորեցնող է:
Թերություններ, իհարկե, կարող են սպրդել, բայց եթե դուք խստապահանջ լինեք առաջին հերթին ձեր նկատմամբ, ապա հետո ուրիշներից եւս կարող եք պահանջել պատասխանատվություն եւ պրոֆեսիոնալիզմ»: Բոլոր երկրներում միշտ էլ առաջատարն ու համարձակն ուսանողներն են եղել, եւ Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Վահան Սարգսյանը հույս ունի, որ «Նոր խոսք» պարբերականում կդրսեւորվի ուսանողների ակտիվությունը, էներգիան:
«Շատ ուրախ եմ, որ մենք` ամբիոնի վարիչներս, նախապես ոչինչ չգիտեինք: Սա ե´ւ անակնկալ է, ե´ւ ապացույց, որ դուք ինքնուրույն եք ամեն ինչ կազմակերպել»,- ասաց նա: Ի դեպ, ըստ ամբիոնի վարիչի, պարբերականի հրատարակման հաճախականությունը բավականին քիչ է, ինչը կազդի նրա օպերատիվության վրա:
Նույն կարծիքին է նաեւ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը, ով խոստացավ համալսարանի ՈՒԽ միջոցներից գումար հատկացնել «Նոր խոսքի» լույսընծայման համար: Ի դեպ, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը թվով երրորդն է համալսարանում, որ ունի Ուսանողական խորհրդի պաշտոնաթերթ: Եվ համեմատելով Պատմության ու Տնտեսագիտության ֆակուլտետների նմանատիպ թերթերի հետ` Ցոլակ Ակոպյանը վստահեցրեց, որ «Նոր խոսքը» տարբերվում է իր բարձր որակով եւ բովանդակությամբ: