06.03.2018 | 
Հասարակություն
ՍԿՅՈՒՏԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԻԲԻՐ ՁԳՎՈՂ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
ՍԿՅՈՒՏԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԻԲԻՐ ՁԳՎՈՂ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ ականավոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Զապել Եսայանի ծննդյանի 140-ամյակին նվիրված միջոցառում, որն ուղեկցվեց գրողի երկերի ցուցադրությամբ:

Հայաստանի ազգային գրադարանի և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթին ներկա էին ականավոր գրականագետներ, ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ և հյուրեր:

 

«Զապել Եսայանն ապրեց իր ժողովրդի ցավերով և կարողացավ արժանվույն գնահատել Հայաստանի բնակիչներին, որի վառ վկայությունը նրա թողած գրական ժառանգությունն է և ծավալած հասարակական գործունեությունը: Ճշմարիտ արվեստագետ էր նա և գրականության մեջ գեղեցիկի նրա իդեալը բխում էր մարդու և ժողովրդի նկատմամբ ունեցած հավատից»,- միջոցառման սկզբում ասաց Հայաստանի ազգային գրադարանի աշխատակցուհի Անահիտ Մանուչարյանը:

 

20-րդ դարի սկզբին հայ գրականությանը նոր շունչ հաղորդած Զապել Եսայանի կյանքը նույնպես բացառիկ էր, քանի որ նա եղել է հայ ազգի նոր պատմության կարևորագույն փուլերում ներգրավված վկան: Գրողը վերապրել է կիլիկյան ջարդերը, 1915 թ.-ի հայերի ցեղասպանությունը, ականատեսը դարձել Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդին,  հայկական Սփյուռքի ձևավորմանը: Նա եկավ հայրենիք՝ քիչ անց  դառնալով  ստալինյան բռնապետության  զոհերից մեկը:

 

Ի դեպ, Զապել Եսայանը, երբ եկել է Երևան, աշխատանքի է անցել ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում՝ վարելով եվրոպական և ֆրանսիական գրականության դասընթացը: 

 

«Զապել Եսայանը մեր մեծերից մեկն է նախևառաջ իր գրական-ստեղծագործական նկարագրով: Նա օժտված մարդ էր և գրականության նվիրյալ: Բացի այդ՝ նա ծավալել է տարաբնույթ գործունեություններ, որոնք ծառայել են ազգափրկիչ գաղափարների իրագործմանը: Զապել Եսայանի ձևավորման միջավայրը մասամբ է Պոլիսը եղել, հիմնականում մեծ ազդեցություն է ունեցել Փարիզը»,- միջոցառման ընթացքում նշեց գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

 

 

Գրականագետը պատմեց նաև, որ գրողն առաջին անգամ Խորհրդային Հայաստան է եկել 1926 թ.-ին, որից հետո երազել է այստեղ վերադառնալու մասին. «Ընդ որում՝ դժվարին ժամանակահատված էր՝ ավերված երկիր, մեծաքանակ գաղթականներ, իշխանափոխություններ և այլն: Ի դեպ, շատ աղբյուրներում նշվում է, որ Զապել Եսայանը Հայաստան տեղափոխվել է 1933 թ.-ին, բայց նրա դատական գործերում նշվում է, որ նա այստեղ է եկել 1932 թ.-ի վերջին»:

 

Դավիթ Գասպարյանն ուշագրավ փաստ էլ ներկայացրեց՝ ասելով, որ Հայաստան այցելած ժամանակահատվածում Զապել Եսայանը մասնակցել է Չարեցի դատավարությանը, որը սկսել էր դեռևս 1926 թ.-ի սեպտեմբերի 5-ին. «Այդ նույն թվականի նոյեմբերի 9-ին էլ տեղի ունեցած դատավարությանը մասնակցել է գրողը և իր ստեղծագործության մեջ բավականին մեծաթիվ էջեր նվիրել հենց այդ դատավարության ընթացքին»:

 

Միջոցառման ընթացքում Զապել Եսայանի հեղափոխական կյանքին և ողբերգական մահվան, նրա գրական, հասարակական, քաղաքական գործունեությանն անդրադարձան նաև բանաստեղծուհի, թարգմանչուհի և լրագրող Կարինե Խալաթովան, գրականագետներ Հռիփսիմե Գասպարյանը, Գոհար Աքելյանը: Ելույթով հանդես եկան նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լարա Ահարոնյանը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Դիանա Գևորգյանը: Միջոցառման մշակութային մասն էլ ապահովեցին ՈՒԳԸ անդամներ Վարդուհի Բարսեղյանը և Դիանա Էվինյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: