12.04.2019 | 
Ուսանողական
«ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑՍ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԴԻԱՑԻԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ Է». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԶԱՎԵՆ ՎԱՐՏՈՒՄՅԱՆ
«ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑՍ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԴԻԱՑԻԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ Է». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԶԱՎԵՆ ՎԱՐՏՈՒՄՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Զավեն Վարտումյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում հասարակագիտություն ոլորտում բակալավրի կրթական ծրագրով զբաղեցրել է 2-րդ տեղը:

ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:

 

Զավենը մեզ հետ զրույցում պատմում է իր ձեռքբերումների ու առաջիկա ծրագրերի մասին:


Մրցանակը հեշտությամբ չտրվեց, նման մրցանակների համար երկար աշխատանք է պահանջվում: Շնորհակալ եմ բոլոր դասախոսներին, որոնք հնարավոր ամեն ինչով օգնել են մասնագիտական կայացման համար, որի արդյունքներից մեկն էլ այս մրցանակն էր:
Անկեղծ ասած, այս մրցանակն առաջին հերթին ընկալեցի որպես կատարված աշխատանքի գնահատական:
Մասնագիտությանս ընտրության պահը մինչև հիմա հստակ հիշում եմ. ավագ դպրոցի 11-րդ դասարանում էի. ընկերոջս հետ դեռևս խիստ չկողմնորոշված ու անվստահ քննարկում էինք, թե որ բուհի որ ֆակուլտետն ենք պատրաստվում ընդունվել, այդ պահին մեր դասղեկը լսեց մեր խոսակցությունն ու ասաց՝ Զավե՛ն, դու լավ իրավաբան կարող ես դառնալ: Հենց այդ օրվանից էլ կողմնորոշվեցի ու ընտրեցի մասնագիտությունս, առանց որի այժմ ինձ չեմ պատկերացնում:

 


Մասնագիտության ընտրությունից հետո երկընտրանք չունեի. ընտրեցի ԵՊՀ-ն: Մանկուց միշտ իմացել եմ, որ Հայաստանի լավագույն իրավաբաններին պատրաստում են Երևանի պետական համալսարանում, անկեղծ ասած, նույնիսկ չգիտեի էլ, որ այլ բուհերում իրավաբանական ֆակուլտետներ կան, բայց իմանալու դեպքում, անշուշտ, ընտրությունս չէր փոխվի:

 

Համալսարանում ակտիվությունս ցուցաբերեցի դեռևս ուսանողական առաջին տարում, երբ մասնակցեցի ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից կազմակերպված բանավեճի առաջնությանը, հետո արդեն սկսվեց ակտիվ գործունեությունս Ուսանողական խորհրդում: Կարծում եմ՝ լավ կլիներ, որ ցանկացած ուսանող առաջին իսկ կուրսից ընդգրկվի ՈՒԽ-ում կամ ՈԻԳԸ-ում, քանի որ նման կառույցները համալսարանական միջավայրում ինտեգրվելու լավագույն օղակներն են, դրանք բարձրացնում են ուսանողի վստահությունը և հավատը սեփական ուժերի նկատմամբ: Ամենակարևորն այն է, որ այդ կառույցներում ձեռք ես բերում լավ ընկերներ: Համալսարանական լավագույն ընկերներիս մեծ մասին հանդիպել եմ հենց ԵՊՀ ուսանողական խորհրդի հետ համագործակցելիս:


Իմ կյանքի հաջողություններից կամ ձեռքբերումներից մեկը համարում եմ այն, որ մասնակցել եմ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցած միջազգային դատախաղ մրցույթին՝ ներկայացնելով ԵՊՀ-ն և Հայաստանի Հանրապետությունը:


Նպատակներս շատ արագ են փոփոխվում, ամիսների ընթացքում կարող են լրիվ տարբերվել միմյանցից: Բայց կարևորագույն հեռակա նպատակս է ՀՀ-ում ամենապահանջված փաստաբանը դառնալը:

 


Արդեն մի քանի ամիս է՝ որդեգրել եմ մի կարգախոս, որին, սակայն, ինքս էլ հաճախ չեմ կարողանում հետևել.երբեք պետք չէ փորձել լինել իդեալական և անթերի. սեփական սխալները հանգիստ ընդունելը մեծագույն ընդունակություն է:

 

Կարծում եմ՝ այսօր իմ մասնագիտության մեջ ուսանողին կայանալու և հաջողության հասնելու համար ուղղակի անհրաժեշտ է մի քանի հատկանիշների համակցություն, որն այդքան էլ բարդ չէ. լեզուների իմացություն (գոնե անգլերենը՝ պարտադիր), շփման և բանակցելու որոշակի ընդունակություններ, տրամաբանություն, հիշողություն և աշխատասիրություն: 

 

Այն հատկանիշը, որը, ըստ իս, իմ հաջողության գրավականն է, ցանկացած տեղեկատվություն էլեկտրոնային աղբյուրներում արագ գտնելու ընդունակությունն է, ինչը 21-րդ դարում անհրաժեշտ հմտություններից մեկն է:

 

Ինչ վերաբերում է մերօրյա ուսանողների խնդիրներին, նշեմ, որ այսօր ԵՊՀ-ում մտահոգիչ խնդիր կա՝ կապված համապատասխան նյութերի, դասագրքերի, ձեռնարկների առկայության հետ, որոնք շատ սակավաթիվ են և հաճախ արդեն ոչ արդիական, մինչդեռ 21-րդ դարի արագ փոփոխվող իրականությանը համահունչ լինելու համար անհրաժեշտ է անընդհատ տեղեկացված լինել:


Իմ ցանկություններն ու նպատակները համընկնում են. մասնագիտական ցանկություններիցս և նպատակներիցս մեկը Հայաստանում մեդիացիան նոր մակարդակի բարձրացնելը և դատարանների անհրաժեշտությունը միայն ծայրահեղ դեպքերի հասցնելն է:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
«ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆԱ». ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՑԵՆՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի ու տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողներն այսօր այցելեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան:
ԲԱՐՁՐԱՁԱՅՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈւԽ-ի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ուսանողների հանդիպումը ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ: