26.05.2011 | 
Կրթություն
ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագիրը մեկնարկում է:

Այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ներկայացրեց «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային միջմասնագիտական նոր մագիստրոսական ծրագիրը: Այն իրականացվելու է 4 գործընկեր համալսարանների կողմից (Երեւանի պետական համալսարան, Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան եւ Մոլդովայի քաղաքական եւ տնտեսագիտական եվրոպական ուսումնասիրությունների համալսարան): Դասընթացի շրջանակներում նախատեսվում է ուսանողների եւ դասախոսների փոխանակում, ուսուցողական այցեր ԵՄ ինստիտուտներ, վերապատրաստում ծրագրին մասնակից երկրներում:

 

Ծրագրի տեւողությունը 2 տարի է: Անվճար ուսուցման 10 տեղ նախատեսված է տեղացի ուսանողների եւ 5-ական անվճար տեղեր գործընկեր համալսարանների ուսանողների համար: Բայց սա կրում է պայմանական բնույթ: Եվս 5, բայց վճարովի տեղ ավելացվել է կենտրոնի կողմից: Ուսանողները երկու կիսամյակ կրթություն կստանան Հայաստանում, այնուհետ իրենց ընտրությամբ կտեղափոխվեն գործընկեր համալսարաններ: Հայաստանում նրանց կդասախոսեն իրենց մասնագիտական ոլորտում կայացած, բարձրակարգ մասնագետներ: Յուրաքանչյուր երկրում ապրելու դեպքում ուսանողներն իրենց կացության եւ ծախսերի համար կստանան մոտ 250 եվրո ամսական կրթաթոշակ:

 

Ընդունելության քննությունները կսկսվեն մայիս ամսին, իսկ դասընթացները` նոր ուսումնական տարում: Յուրաքանչյուր առարկա դասավանդվելու է մեկ շաբաթ, այսինքն` առարկաներն ուսումնասիրվելու են հաջորդականության սկզբունքով: Կենտրոնի հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցները կօգնեն ուսանողներին գտնել անհրաժեշտ նյութերը: Անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտրվի դրանք տպագրելու եւ բազմացնելու: Ռեսուրս կենտրոնի ծառայություններն անվճար են, դրանցից կարող է օգտվել յուրաքանչյուր մարդ, ում հետաքրքրում են Եվրոպական Միությանն առնչվող հիմնահարցերը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։