20.04.2010 | 
Ուսանողական, Կրթություն
ՍՊԱՍՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՍՊԱՍՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Էկոլոգիայի եւ բնության պահպանության հիմունքներ» առարկան այսուհետ ուսանողները կսովորեն մեկ ընդհանրական դասագրքով:

ԵՊՀ դոցենտների ու պրոֆեսորների համատեղ աշխատանքի արդյունքում կազմվել է «Էկոլոգիայի եւ բնության պահպանության հիմունքներ» բուհական ուսումնական ձեռնարկը: Ձեռնարկում ընդգրկված են էկոլոգիայի առարկան ու խնդիրները, զարգացման պատմությունը, միջավայրի գործոնները, էկոհամակարգերի գործունեության սկզբունքները, ինչպես նաեւ բնության պահպանության ու շրջակա միջավայրի եւ մարդու առողջությանը վերաբերող հարցեր:

 

Գրքի պատրաստման ընթացքում հեղինակներն օգտագործել են հայրենական եւ արտասահմանյան հեղինակների` էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանման եւ բնօգտագործման վերաբերյալ դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների նյութերը: Ձեռնարկի նախաբանում նշված է, այն կազմվել է հիմք ընդունելով «Էկոլոգիայի եւ բնության պահպանության հիմունքներ» դասընթացի ծրագիրը:

 

Գրքի համահեղինակ, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն ասաց, որ արդեն 10 տարի է, ինչ բուհերում դասավանդվում է «Էկոլոգիայի եւ բնության պահպանության հիմունքներ» առարկան, սակայն չի եղել կոնկրետ դասագիրք, որից ուսանողները կարողացել են օգտվել: Ոլորտի մասնագետները մատնանշում են, որ համահեղինակությամբ կազմված ձեռնարկի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ էկոլոգիայի եւ հարակից բնագավառների լավագույն մասնագետները հանդես են եկել միասնական մոտեցմամբ:

 

Հազար օրինակ ձեռնարկ տրվել է ԵՊՀ գրադարանին, սակայն դա բավարար չէ բուհի ուսանողների համար, առաջարկներ հնչեցին գիրքը վերատպելու վերաբերյալ: ԵՊՀ գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանն ասաց, որ Երեւանի այլ բուհերից ու Արցախի պետական համալսարանից դիմել են` ձեռնարկ ձեռք բերելու համար: «Գրքափոխանակման ծրագրի շրջանակներում մեր գործընկեր գրադարաններին եւս այս ձեռնարկից կտրամադրենք»,- նշեց գրադարանի տնօրենը: Համահեղինակները կարծիք հայտնեցին, որ հնարավոր է դասագրքի էլեկտրոնային տարբերակը եւս ուսանողներին հասանելի դարձնել` համացանցի միջոցով:

 

Աշոտ Ալեքսանյանն էլ հեղինակային իրավունքը չխախտելու նպատակով առաջարկեց ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը ուսանողներին տրամադրել հեղինակների գրավոր համաձայնությունից հետո: Դասագրքի համահեղինակ, Էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ Գեւորգ Փիրումյանն առաջարկեց ձեռնարկի մեկական օրինակ ուղարկել ՀՀ կառավարություն, Բնապահպանության եւ Արդարադատության նախարարություններ եւ Լեզվի պետական տեսչություն, որպեսզի որոշումներում ու մյուս փաստաթղթերում ոլորտին վերաբերող ձեւակերպումները ճիշտ ներկայացնեն: «Էկոլոգիան գիտություն է, բնության պահպանությունը`աշխարհայացք»,- համառոտ բացատրեց պրոֆեսոր Փիրումյանը:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: