26.09.2008 | 
«ՈՒՐ ԱԼ ԵՐԹԱՄ, ՊԻՏԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՌԱՄ…»
«ՈՒՐ ԱԼ ԵՐԹԱՄ, ՊԻՏԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՌԱՄ…»
Այս տարի լրանում է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակը:
Այսօր Երեւանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով: Այն կրում էր «Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը եւ ժամանակակից աշխարհը» խորագիրը: Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մի շարք ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ եւ ուսանողներ: Միջոցառման սկզբում հանդիսատեսին ներկայացվեց մեծանուն գրողի վերաբերյալ ֆիլմ, որից հետո բացման խոսքով հանդես եկան Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանն ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Այս աշունը հարուստ էր մեծ ու փոքր հոբելյաններով, բայց ուզում եմ առանձնացնել հայ պանծալի երեք զավակներին` Վիլյամ Սարոյանին, Վիկտոր Համբարձումյանին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա.-ին: Այսօր հավաքվել ենք` վառ պահելու տաղանդաշատ ու ինքնատիպ հայ գրողի հիշատակը: Գրող, որի պատմվածքներն ու հերոսները եղել են մեր մանկության անբաժանելի մասնիկները»,- ասաց Արամ Սիմոնյանը: Գրողի կերպարը ներկայացնող զեկույցներ էին պատրաստել ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի եւ Վրաստանի Ա. Ծերեթելու անվան պետական համալսարանի մի շարք գիտնականներ ու դասախոսներ: Բանախոսները հայերեն եւ ռուսերեն ներկայացրին Սարոյան գրողի` ամերիկացի եւ հայ լինելը, երկու ազգերի մշակույթների արտացոլումը նրա ստեղծագործություններում, նաեւ` առանձին գործերի վերլուծություններ: Զեկուցումների հիմնական գաղափարն ամերիկյան գրականության ներկայացուցչի հայ լինելն էր եւ նրա ստեղծագործությունների հայկականությունը: Զեկույցների թեմաներն ընդգրկում էին Սարոյանի ստեղծագործական գրեթե ողջ կյանքը` «Ինքնության որոնումը Սարոյանի ստեղծագործություններում», «Կրոնական ենթատեքստը Վ.Սարոյանի դրամատուրգիայում», «Մարդը եւ պատերազմը Վ.Սարոյանի ստեղծագործություններում», «Գրաքննությունը Սարոյանի հայեցակետից», «Վիլյամ Սարոյանը` էսսեիստ» եւ այլն: