12.10.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ՄՐՑՈՒՄ ԵՆ «ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»
ՄՐՑՈՒՄ ԵՆ «ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ»
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ հոսքի թիմի առաջարկած բիզնես-նախագիծն արժանացավ «ներդրողների» հավանությանը:

Այսօր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում մասնագիտական խաղ էր անցկացվում: Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ՈւԽ-ն: «Բիզնես խաղեր» անունով մրցույթին մասնակցում էին չորս թիմեր, որոնք ներկայացնում էին ֆակուլտետի չորս հոսքերը:

 

Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին չորս անդամներ` 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերից: Եվրոպական բուհերում լայն տարածում գտած այս խաղն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում համալսարանում: Եթե նախորդ խաղի դեպքում մրցող թիմերին հենց տեղում առաջարկվում էին իրավիճակներ, որտեղ նրանք պետք է կայացնեին տնտեսագիտական եւ շուկայագիտական բնույթի որոշումներ, ապա այս անգամ բիզնես առաջադրանքները մասնակիցները ստացել էին խաղից 2 օր առաջ:

 

Այս անգամ յուրաքանչյուր թիմ պետք է «ստեղծեր» կոնկրետ անունով եւ կոնկրետ գործառույթներով կազմակերպություն: 15 րոպեների ընթացքում թիմի անդամները ժյուրիին եւ հանդիսատեսին էին ներկայացնում իրենց կազմակերպության մարկեթինգը, ֆինանսական աղբյուրները, նախօրոք կատարած «SWOT», «PEST», «Անսոֆի մատրից» վերլուծությունները: Սրանցից յուրաքանչյուրի համար մասնակիցներն ստանում էին առանձին միավորներ: Ժյուրին 5 միավորանոց սանդղակով գնահատում էր նաեւ առաջարկվող նախագծի նորարարական կողմը:

 

Առաջին հոսքի թիմն առաջարկում էր ստեղծել միջազգային բեռնափոխադրումներ անող կազմակերպություն, 2-րդ հոսքի ներկայացուցիչները վստահեցնում էին, որ առավել շահավետ է քամուց ստացված էներգիայի վաճառքը: 3-րդ հոսքը ժյուրիին ներկայացրեց ինտերնետային եւ համակարգչային ծառայությունների ուսանողական փաթեթ, իսկ 4-րդ խմբի անդամներն առաջարկում էին արեւից ստացված էներգիա եւ դրանից օգտվելու համար նախատեսված հատուկ սարքավորումներ: Մասնակիցների ելույթներից անմիջապես հետո ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Միավորների չնչին տարբերությամբ առաջին մրցանակը շահեց ֆակուլտետի 2-րդ հոսքը ներկայացնող թիմը: Հողմային գեներատորների ստեղծմամբ եւ քամուց ստացվող էներգիայի վաճառքով զբաղվող կազմակերպության բիզնես-ծրագրի համար թիմը ներկայացնող ուսանողները ԵՊՀ ՈւԽ-ի կողմից ստացան պատվոգրեր եւ գրքեր: Ուսանողներին գնահատում էին ժյուրիի միանգամից 7 անդամներ: Նրանցից երկուսը, լինելով համալսարանի շրջանավարտներ, միջոցառմանը ներկայացնում էին ՀՀ գործարար աշխարհը: «Այսօր կրթական ոլորտը ուսանողությանը չի տալիս այնքան պրակտիկ գիտելիքներ, ինչքան նրանց անհրաժեշտ է ոլորտում աշխատելու համար:

 

Նման խաղերը հրաշալի հնարավորություն են տեսական գիտելիքները կիրառելու պրակտիկ տնտեսագիտության մեջ»,- ասաց ժյուրիի անդամ, «ՎՏԲ-Հայաստան բանկի» Սպանդարյանի մասնաճյուղի կառավարիչ Մեսրոպ Առաքելյանը, ով նաեւ դասավանդում է ֆակուլտետում: Նա մասնակիցներին գնահատում էր ոչ միայն ժյուրիի, այլեւ բանկի ներկայացուցչի տեսանկյունից: Արդյունքում «ՎՏԲ-Հայաստան բանկի» հատուկ մրցանակը շահեց 3-րդ հոսքի խմբի առաջարկած նախագիծը: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, կարեւորելով խաղի դերն ուսանողների մասնագիտական կողմնորոշման գործում, նշեց, որ խաղը մի նոր երանգ ու գիտական շունչ է տալիս տնտեսագիտության ֆակուլտետի արտալսարանային ժամանցին:

Այլ նորություններ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ս․թ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Վանաձորում կայացավ Համահայկական գիտաժողովը, որի կազմակերպիչներից էր Երևանի պետական համալսարանը։
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։