Փետրվարի 11-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն ուսանողներին ներկայացրին էկոնոմիկայի նախարարության վերափոխված կառուցվածքը, գործունեության ոլորտները, հիմնական ուղղությունները , ինչպես նաեւ այն կարեւորագույն ծրագրերը, որոնք կխթանեն բարեփոխումների իրականացումը նախարարությունում:
«Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ունի 40-ից ավելի թափուր պաշտոն` հիմնականում պահանջվում են կրտսեր մասնագետներ: Կարծում եմ` այս հանգամանքը ձեզ կշահագրգռի, որովհետեւ չեք բախվի աշխատանքային փորձ չունենալու այն կարեւորագույն խնդրին, որ այսօր պահանջում են գործատուները: Մեզ հարկավոր են իրենց մասնագիտությանը տիրապետող, բանիմաց, պրպտող, պատասխանատու երիտասարդ մասնագետներ:
Մենք նպատակ ունենք Էկոնոմիկայի ոլորտում բարեփոխումների դաշտն ընդլայնել եւ պատրաստ ենք այստեղ առատ ներդրումներ կատարել»,- ասում է Ներսես Երիցյանը: Էկոնոմիկայի նախարարությունը ոչ միայն առեւտրի մասնագետների պակաս ունի, այլեւ` իրավաբանների, թարգմանիչների, միջազգայնագետների, արդյունաբերական ճյուղերի մասնագետների, սոցիոլոգների, ինժեներների եւ այլն: Մեկ ամսվա ընթացքում նախարարությունը կհայտարարի թափուր աշխատատեղերի մրցույթ, որին կարող են ուսանողները ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջից (www.mineconomy.am):
Ի դեպ, ԵՊՀ կարիերայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցը նախարարին համագործակցության առաջարկ արեց` նպատակ ունենալով ուսանողության ավելի լայն զանգվածներին իրազեկելու նախարարության թափուր աշխատատեղերի առկայության մասին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նախ ողջունեց նախարարի այցը համալսարան եւ ավելացրեց. «Այսպիսի հանդիպումները մեր ուսանողների համար շատ կարեւոր են: Թեեւ համալսարանը տալիս է տեսական գիտելիքներ, այնուամենայնիվ, մեր ուսանողներն աշխատանքային փորձի, պրակտիկայի կարիք ունեն: Այս առումով մենք շատ անելիքներ ունենք, իսկ այսպիսի հանդիպումներն օգնում են որոշակիորեն լրացնելու այդ բացը»: