14.10.2021 | 
Հասարակություն
ԱՐԴԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ. ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ
ԱՐԴԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ. ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաներից 5-ը ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:

Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթն իր բնույթով աննախադեպ էր. գիտական խմբում կարող էր ընդգրկվել 6-7 անդամ, որից երկուսը պարտադիր պետք է լինեին մինչև 35 տարեկան (12 ամսից խումբը կարող է համալրվել ևս 2 մագիստրոսով), իսկ թեմայի տևողությունը՝ 60 ամիս։

 

Մրցույթի շրջանակում ֆինանսավորման երաշխավորված «Գյուղատնտեսական հողատարածքների աղակալումը՝ որպես արդի էկոլոգիական հիմնախնդիր. դրանց բարելավման նորարարական մեթոդները» գիտական ծրագիրը ներկայացրել է Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնը:

 

Գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գիտական խումբը բաղկացած է 7 անձից: Խմբում ընդգրկված է նաև Կենսաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի երկու մագիստրոս, որոնք արդեն մի քանի տարի ակտիվորեն մասնակցում են ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին:

 

Նախագծի հիմնական նպատակն է նորարարական մեթոդների կիրառմամբ համալիր գնահատել Արարատյան դաշտի ռիսկային շրջանների հողերի աղակալվածության աստիճանը և առաջարկել կանխարգելման ուղիներ, կիրառելով ռեմեդիացիայի (բարելավման) նորարարական մեթոդներ՝ առաջարկել աղակալված հողերի բարելավման արդյունավետ ուղիներ:

 

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է գիտական հանրությանը տրամադրել հողերի աղակալվածության և դրա հետևանքով հողերի դեգրադացիայի գործընթացի գնահատման նորարարական գործիքներ՝ հարամրեցված Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին և հողատիպերին»,- ասաց ծրագրի ղեկավարը:

 

Կարեն Ղազարյանը, խոսելով գիտական ծրագրի արդյունավետության մասին, նշեց, որ վերջինիս շրջանակում իրականացվող հետազոտության արդյունքները հնարավորություն կտան ավելի ճիշտ կառավարելու աղակալված հողատարածքները՝ այդ շրջաններում կիրառելով ռեմեդիացիայի նորարարական մեթոդներ, ինչն իր հերթին կնպաստի ինչպես այդ շրջանների հողերի էկոլոգիական վիճակի բարելավմանը, այնպես էլ՝ գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

 

«Մտադիր ենք նաև տարածաշրջանում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ուղղությամբ որոշումներ ընդունելու աշխատանքներին մասնակցող շահագրգիռ կազմակերպություններին և ֆերմերներին տեղեկություն տրամադրել հողերի էկոլոգիական վիճակի, դրանց բարելավման արդյունավետ մեթոդների և աղակալված հողերում բարձր բերքատվություն ապահովող մշակաբույսերի վերաբերյալ»,- հավելեց ԵՊՀ դոցենտը:

 

Նրա խոսքով, վերջնարդյունքում նախատեսվում է առաջարկել համապատասխան բնապահպանական միջոցառումներ ոչ միայն հողի վիճակը բարելավելու, այլև աղակալումը կանխելու ուղղությամբ, քանի որ տնտեսապես շատ ավելի արդյունավետ է կանխել հողերի աղակալումը, քան բարելավել արդեն աղակալված հողերը:

 

Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալը նշեց, որ նպատակ ունեն հնգամյա գիտական թեմայի շրջանակում խորացնելու կրթության և գիտության կապը, ապահովելու դրանց ներդաշնակ ու փոխկապակցված զարգացումը. «Մասնավորապես գիտական թեմայում ներգրավվելու են ԵՊՀ մագիստրոսներ և ասպիրանտներ, իսկ որպես կամավորներ՝ բակալավրիատի ուսանողներ, որոնք իրենց տեսական ուսուցման ընթացքում ձեռք բերած գիտելիքները կամրապնդեն գիտահետազոտական աշխատանքներում»։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը: