26.11.2021 | 
Հասարակություն
«ԿՅԱՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐՆ ԵՆ». ԱԼԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
«ԿՅԱՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐՆ ԵՆ». ԱԼԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԵՊՀ հաշվապահական հաշվառման վարչության աշխատավարձերի բաժնի ավագ հաշվապահ Ալինա Ստեփանյանն արդեն 33 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Տիկին Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում իր գործն ու Մայր բուհն ընդհանրապես, սիրով է պատասխանում յուրաքանչյուր զանգին և ամենայն պատասխանատվությամբ վերաբերում ամեն մի հանձնարարությանը:

- Տիկի՛ն Ստեփանյան, ե՞րբ է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը

 

- 29 տարեկան էի, երբ աշխատանքի անցա Երևանի պետական համալսարանի հաշվապահության աշխատավարձերի բաժնում: Ընդհանրապես սիրում եմ մարդկանց հետ շփվել, ինչն ինձ համար ոգեշնչման մի առանձնահատուկ աղբյուր է: Սիրում եմ օգնել մարդկանց, երբ դիմում են ինձ, և անում եմ հնարավոր ամեն բան, որ որևէ մեկն այստեղից դժգոհ չհեռանա: Դա շատ կարևոր է ինձ համար:

 

 

- Ի՞նչ դերակատարություն ունի Մայր բուհը Ձեր և ընդհանրապես հասարակական կյանքում:

 

- 1988 թվականից այստեղ եմ: Պետք է ասել՝ շատ եմ սիրում համալսարանն ու իմ աշխատանքը: Յուրաքանչյուր օր հաճույքով գալիս եմ աշխատանքի, քանի որ ԵՊՀ-ն արդեն հարազատ տուն է դարձել ինձ համար: Իսկ համալսարանի դերն ու նշանակությունը հանրային կյանքում, կարծում եմ, շատ մեծ են, քանի որ այստեղ երիտասարդ սերունդը ոչ միայն կրթություն է ստանում, այլև որպես իսկական քաղաքացի է դաստիարակվում՝ յուրացնելով նաև մարդկային միջանձնային հարաբերություններում շատ կարևոր ունակություններ: Կարելի է ասել՝ Մայր բուհը նաև կյանքի դպրոց է:  

 

- Բացի աշխատանքից՝ նախասիրություններ ունե՞ք:

 

- Տանը շատ ծաղիկներ ու տարբեր բույսեր ունեմ, որոնք հաճույքով խնամում եմ: Սիրում եմ նաև խոհանոցում լինել և համեղ ուտեստներ պատրաստել:

 

 

- Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը կամ կարգախոսը, որով առաջնորդվում եք կյանքում:

 

- Կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելու հարցում ինձ օգնում է իմ համբերությունը: Իսկ որպես կարգախոս և կյանքի շարժիչ ուժ են բարությունն ու, միանշանակ, սերը:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ համալսարանականներին:

 

- Երիտասարդ համալսարանականներին խորհուրդ կտամ անձնվիրաբար նվիրվել մեր Մայր բուհին և աշխատել ի շահ վերջինիս: Յուրաքանչյուր համալսարանական պետք է նախևառաջ բարձր պահի ԵՊՀ-ի պատիվն ու անունը:

 

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը:
«MINERVA» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՊՀ HR ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ՈՒ ԱՐՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետազոտական 406 լսարանում տեղի է ունեցել հիբրիդային ձևաչափով կազմակերպված հանդիպում-քննարկում, որի ընթացքում ԵՊՀ երիտասարդ հետազոտողներին և ասպիրանտներին ներկայացվել են «MINERVA» ծրագրի շրջանակում իրականացված քայլերն ու ընթացիկ գործողությունները։