03.09.2020 | 
Հասարակություն
«ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՄ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՍ ՉԷԻ ՓՈԽԻ». ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՍՊԻՐԱՆՏ ԱՐԵԳ ՀՈՒՆԱՆՅԱՆ
«ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՄ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՍ ՉԷԻ ՓՈԽԻ». ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՍՊԻՐԱՆՏ ԱՐԵԳ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ 4 ասպիրանտի ներկայացրած թեմաները հաղթող են ճանաչվել Գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթում և ստանալու են պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի ասպիրանտ Արեգ Հունանյանը մրցույթի հաղթողներից է:

Ներկայացրած թեմայի, կարևորության, արդիականության և այլ հարցերի շուրջ ysu.am-ը զրուցել է մրցույթի հաղթող Արեգ Հունանյանի հետ:

 

-         Ի՞նչ թեմա եք ներկայացրել մրցույթին: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ թեման, ո՞րն է թեմայի արդիականությունը:

 

-         Մրցույթին ներկայացրել եմ «Անագի օքսիդի նոր երկչափ նյութեր և դրանց կիրառությունը գազային սենսորներում» թեման, որի նպատակն է անագի օքսիդի համակարգում նոր՝ 2D նյութեր հայտնաբերել և ուսումնասիրել դրանց ադսորբցիոն, էլեկտրոնային, մագնիսական հատկությունները՝ գազային սենսորներում և պոտենցիալ այլ կիրառությունները հասկանալու համար: Քանի որ ամբիոնի հիմնական ուղղվածությունը գազային սենսորներն են, մեր հետազոտություններն էլ են այդ ուղղությամբ։ Գազային սենսորներում 2D նյութերի կիրառությունը շատ խոստումնալից է դրանց ադսորբցիոն յուրահատուկ հատկությունների շնորհիվ։ Մինչ այս հետազոտությունը ծավալային ուղղությամբ էինք հետազոտություններ կատարում, իսկ երբ սկսեցին շատանալ 2D նյութերի հետ կապված հետազոտությունները, հասկացանք, որ այդ ուղղությամբ դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք փորձում ենք լուծել: Հետազոտական թեմայի համար կոնկրետ անագի օքսիդի 2D նյութերի ուսումնասիրությունն ընտրել ենք երկու պատճառով։ Առաջինն այն է, որ դրա ծավալային, այսինքն՝ եռաչափ նյութերը, օրինակ՝ ծավալային անագի մոնօքսիդը, անագի երկօքսիդը, լայնորեն կիրառվում են գազային սենսորներում, իսկ երկրորդ պատճառն այն է, որ անագի օքսիդի երկչափ նյութերի համակարգում եղած հետազոտությունները քիչ են և թերի։

 

-         Ի՞նչ մարտահրավերներ ու խնդիրներ կան ոլորտում:

 

-         Ոլորտը կոչվում է հաշվարկային ֆիզիկա կամ քվանտային քիմիա, որի խնդիրն է, օգտագործելով համակարգչային ռեսուրսները, կանխատեսել նյութերի հատկությունները, կանխագուշակել նոր նյութեր և այլն։ Նշեմ, որ այդպիսի հետազոտություններով՝ մասնավորապես նոր նյութերի կանխատեսմամբ Ռուսաստանում զբաղվում է մեր հայրենակից Արտյոմ Օգանովը։ Ոլորտի հիմնական խնդիրն է աջակցել փորձարարներին և արագացնել հետազոտական գործընթացը, քանի որ նմանօրինակ հետազոտությունները փորձարարական տեսակետից շատ ժամանակատար և ծախսատար են։ Մարտահրավերները շատ են, որոնցից են, օրինակ, ավելի զգայուն գազային սենսորները, մեծ ունակությամբ մարտկոցները և այլն:

 

 

-         Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը:

 

-         Դպրոցից սկսած՝ մեծ է եղել հետաքրքրությունը ֆիզիկայի, մաթեմատիկայի և ծրագրավորման նկատմամբ: Բակալավրիատում ուսուցմանս զուգահեռ ծրագրավորմամբ էի զբաղվում, բայց հետո զգացի, որ այս ուղղությունն ավելի հետաքրքիր է, ու մեծ խնդիրներ կան, ուստի որոշեցի այս ուղղությամբ շարունակել: Ապագայում նույնպես նպատակ ունեմ զբաղվելու հենց այս ոլորտի հետազոտություններով՝ հույս ունենալով լուծել դեռևս չլուծված մի շարք խնդիրներ:

 

-         Եթե ռադիոֆիզիկան չընտրեիք, ո՞ր մասնագիտությանը նախապատվությունը կտայիք:

 

-         Եթե այնպես ստացվեր որ հնարավորություն չլիներ այս մասնագիտությանը ծանոթանալու, ամենայն հավանականությամբ ծրագրավորմամբ կշարունակեի։ Այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ այս ոլորտում եմ և հնարավորության դեպքում որոշումս չէի փոխի։

 

-         Ի՞նչ դեր է ունեցել ԵՊՀ-ն Ձեր՝ որպես մասնագետի կայացման հարցում:

 

-         ԵՊՀ-ն ինձ հնարավորություն է տվել ծանոթանալու ոլորտի մասնագետների հետ, ստանալու բազային կրթություն, հասկանալու արդի խնդիրները։ Հետագայում արդեն հասկանալով, թե որ ուղղությամբ կարող եմ ներդրում ունենալ, ընտրեցի այս մասնագիտական ուղղվածությունը։ Իմ՝ որպես մասնագետի կայացման համար պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ մեր ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, մասնավորապես ղեկավարիս՝ պարոն Վլադիմիր Հարությունյանին, և մեր ամբիոնի գիտաշխատող Հայկ Զաքարյանին։

 

-         Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք Ձեր ոլորտում:

 

-         Քանի որ ոլորտը համեմատաբար նոր է, Հայաստանում էլ առայժմ բավական զարգացած չէ։ Դեռևս շատ քիչ խմբեր կան, որ այս ուղղությամբ հետազոտություններ են անցկացնում։ Ընդհանուր առմամբ կցանկանայի, որ ուշադրությունը ոլորտի նկատմամբ ավելի մեծ լիներ, և երիտասարդների շրջանակում էլ հետաքրքրություն լիներ զբաղվել նմանօրինակ հետազոտություններով։

 

-         Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք:

 

-         Երաժշտությամբ եմ զբաղվում, ազատ ժամանակ ֆլեյտա եմ նվագում, ունենք ֆուտզալի թիմ։ Սիրում եմ մեքենա վարել և հնարավորության դեպքում շրջել Հայաստանի տեսարժան վայրերով։

 

 

Հասմիկ Ասլանյան

Այլ նորություններ
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ: