01.02.2022 | 
Ուսանողական, Հասարակություն
«ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՀԵՆԱՔԱՐԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ, ՈՐՆ ՕԳՆԵՑ ԻՆՁ ՀՄՏԱՆԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ
«ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՀԵՆԱՔԱՐԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ, ՈՐՆ ՕԳՆԵՑ ԻՆՁ ՀՄՏԱՆԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Արթուր Մխիթարյանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժնի 4-րդ կուրսի ուսանող է, «Էրազմուս+» փոխանակման ծրագրով սովորում է Հրադեց Կրալովե համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

Ուսումը շարունակելու մոտիվացիայի, արտերկրում ուսանելու, բաղձալի երազանքին հասնելու մասին

 

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժինը, որտեղ մեկ տարի սովորելուց հետո մեկնել եմ պարտադիր զինվորական ժամկետային ծառայության: Զարմանալի ու անհավանական կարող է թվալ, բայց հենց բանակից սկսվեց այս հետաքրքիր ուղևորությունը դեպի խոստումնալից ապագա։ Ծառայակից ընկերներս դարձան այն մոտիվացիոն ուժը, որն առաջ մղեց դուրս գալ «կոմֆորտ զոնայից» և տեղափոխվել Երևան՝ ուսումս շարունակելու։

 

2019 թ. սեպտեմբերից՝ բանակից անմիջապես հետո, ընդունվեցի ԵՊՀ։ Արտերկրում սովորելու ցանկությունն ինձ ստիպում էր դիմել փոխանակման տարբեր ծրագրերի։ Առաջին փորձս մերժվեց, բայց ես չհուսահատվեցի: Գիտե՞ք, մեր կյանքի ընթացքում պատահական իրադարձություններ չեն լինում, և եթե մի բան չի ստացվում այնպես, ինչպես ծրագրել էինք, նշանակում է՝ կյանքն ավելին է պատրաստում մեզ համար: Համակարգչային լեզվով ասած՝ «loading»-ի փուլում էի, ուստի պետք էր սպասել, սպասել ու տարիների ընթացքում ձեռք բերած փորձով ուղղել բոլոր սխալները։ Արդյունքում ստացվեց այդքան բաղձալի թվացող (հիմա բարձրաձայն ծիծաղում եմ) երազանքը. նույն ծրագրին դիմելու երկրորդ փորձն արեցի ու մեկնեցի Չեխիա՝ գիտելիքների և անհավանական արկածների հետևից:

 

 

Կրթական ու գիտական լավագույն ձեռքբերումը գրքեր կարդալու անսահման իղձն է, որը ստիպում է լինել ավելին, քան կաս:

 

Շուտով Հրադեց Կրալովե համալսարանի դիպլոմ եմ ստանալու, բայց ուզում եմ նշել, որ ԵՊՀ ուսանող լինելու ժամանակահատվածը թեպետ ավելի կարճ, սակայն շատ ավելի արդյունավետ էր: Մայր բուհը դարձավ առաջին և հենաքարային աստիճանը, որն օգնեց ինձ հմտանալ մասնագիտական ոլորտում։ Շատ ժամանակ չպահանջվեց՝ հասկանալու, որ մեր ֆակուլտետի դասախոսները լավագույն մասնագետներն են, և ուղղակի անհնար է ստանալ ավելի լավ կրթություն, քան տրամադրում է ԵՊՀ-ն։   

 

Տիեզերքը նպաստում է երազանքներիդ կատարմանը, պարզապես պետք է նրան հասցնես նպատակներդ:

 

Հասակակիցներիս խորհուրդ տալու փոխարեն փորձեմ պատմել արտերկրում սովորելու իմ թրեյլերը, որի գլխավոր հերոսը կարող եք լինել դուք՝ ձեր նախասիրություններով: Եվ այսպես. պատկերացրեք ֆուտբոլասերին, որը Եվրոպայի առաջնության լավագույն խաղերից մեկն է դիտում, ընթերցասեր երիտասարդին, որը Պրահայի ազգային գրադարանում է, լողափնյա հանգիստ նախընտրողին, որն Ադրիատիկ ծովի ափին արևն է վայելում, արկածներ փնտրողին, որը լատինաամերիկյան խնջույքի կիզակետում է, հին պատմության խելագարին, որը Հռոմում է։ Ինձ թվում է՝ այս ամենը բավական է: Ի դեպ, Էյնշտեյնը պնդում էր, որ պատկերացումն ավելի կարևոր է, քան գիտելիքը, քանի որ մարդը կարող է պատկերացնել անսահմանափակ հնարավորությամբ։ Պետք է հստակեցնել նպատակներն ու նախասիրությունները, ջանք ու եռանդ չխնայել դրանց գագաթնակետին լինելու համար:  Ինչպես ասում էր Սանտիագոն՝ «Ալքիմիկոսը» վեպի հերոսը, տիեզերքը նպաստում է երազանքներիդ կատարմանը, պարզապես պետք է նրան հասցնես նպատակներդ։

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ
Էլիզա Եղշատյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներից է: Նրա հետ զրույցի շրջանակն ընդգրկում է մասնագիտական հետաքրքրություններին, որպես մասնագետ կայացման գործում համալսարանի նշանակալի դերին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող թեմաներ: