03.10.2019 | 
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ԿԱ». ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ԿԱ». ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել բաց դասախոսություն՝ «IoT and Smart Tecnologies» խորագրով:

Դասախոսությունը կազմակերպել էր ԵՊՀ ՈՒԳԸ-ն միջազգային 6-րդ գիտական նստաշրջանի   շրջանակում:

Դասախոսությանը, որը վարում էր ԵՊՀ դասախոս, ծրագրավորող Վահրամ Մարտիրոսյանը, ներկա էին Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուսանողներ:

Վահրամ Մարտիրոսյանն ուսանողներին ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում «IoT»-ը, ինչպիսի բարդություններ ունի, ինչ կարող է դրանից ստանալ մարդը, և ինչ է սպասվում ծրագրավորողին:

««IoT»-ը կամ իրերի համացանցը, որը միմյանց հետ առարկաների փոխազդեցության ցանցի գաղափարն է, արագ զարգացող ոլորտներից է և թույլ է տալիս ստեղծել «Smart» տներ, «Smart» մեքենաներ, «Smart» քաղաքներ,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը,- այս մոտեցումը հնարավորություն է տալիս գտնելու հարմարավետ լուծումներ և գործելու նոր հորիզոններ է բացում»:

Խոսելով ՏՏ ոլորտի մարտահրավերների մասին՝ Վահրամ Մարտիրոսյանն առանձնացրեց տվյալների հետ աշխատելու խնդիրը, երբ անհրաժեշտ է լինում այդ տվալները որոշակի մշակման ենթարկել:

 

«Այդ խնդրով որոշ չափով զբաղվում է նաև արհեստական բանականությունը, որը տվյալների անվերջ բազմությունից փորձում է պետքական ինչ-որ բան ստանալ»,- ասաց բանախոսը:

Ապագայում հաջողակ ծրագրավորող և լավ մասնագետ դառնալու համար նա ուսանողներին խորհուրդ տվեց որքան հնարավոր է լավ սովորել մաթեմատիկան, հիմքային ծրագրավորման գաղափարները, դրանից հետո՝ նոր միայն ծրագրավորման լեզուն և դառնալ ծրագրավորող:

«Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մեծ ներուժ կա, քանի որ այն ժամանակ, երբ Հայաստանում արտադրվում էին համակարգիչներ, և կային ծրագրավորողներ, աշխարհի շատ երկրներում դրանք դեռևս գոյություն չունեին, և մենք այդ ավանդույթները դեռևս չենք կորցրել»,-նշեց Վահրամ Մարտիրոսյանը՝ փաստելով, որ այս պահին մարդիկ ձգտում են ավելի հեշտ ապրել, որը բացասաբար կազդի ապագայում լավ մասնագետներ ունենալու վրա:

Անի Պողոսյան