19.11.2021 | 
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի փակման արարողությունը:

Աշնանային դպրոցի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդող՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներ Լուսինե Վասիլյանն ու Լիլիթ Աղբալյանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Հանրային ռադիոյի տնօրինությանը և աշխատակիցներին՝ նշելով, որ Հանրային ռադիոն ոչ միայն բացառիկ լրատվամիջոց է՝ միշտ երիտասարդ ու կենսունակ, այլև յուրահատուկ դպրոց:

«Երկրի մայր ռադիոընկերությունը լուսավոր կենսագրություն ունի, փորձառու և նվիրյալ աշխատակիցներ, նաև՝ մեծ լսարան»,- ասաց դեկանը՝ փաստելով, որ Հանրային ռադիոն մեր կյանքի բարդ ու հակասական շրջափուլերում երբեք վստահության ճգնաժամ չի ապրել:

 

 

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանն էլ առանձնահատուկ շեշտեց Հանրային ռադիոյի հետ ստեղծված համագործակցության կարևորությունը՝ փաստելով, որ այժմ ցանկացած ոլորտի զարգացում հնարավոր չէ ապահովել առանց հաջողված համագործակցությունների:  

«Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի կազմակերպած դպրոցը հաջողված համագործակցության դասական օրինակ է, և մենք բոլորս այսօր հարստացել ենք մի նոր հաջողված ծրագրով»,- փաստեց ԵՊՀ պրոռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով Հանրային ռադիոյին նմանատիպ հետաքրքիր դասընթաց անցկացնելու հնարավորության և դրսևորած պատրաստակամության համար:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն էլ ասաց, որ իրենց համար մեծ պատիվ էր աշխատել ԵՊՀ ուսանողների հետ՝ ձեռքը պահելով նոր սերնդի զարկերակի վրա:

 

 

Մեզ հետ զրույցում Հանրային ռադիոյի աշխատակից, ԵՊՀ դասախոս Լիլիթ Աղբալյանը,  ամփոփելով մեկշաբաթյա դպրոցի ձեռքբերումները, փաստեց, որ ուսանողները, գտնվելով Հանրային ռադիոյի նման ակադեմիական կառույցում, տարբերակելու են փողոցային լրագրությունը  ճշգրիտ, «ազնվական» և օբյեկտիվ լրագրությունից. «Դպրոցի սաները՝ որպես ապագա լրագրողներ, կարողանալու են հանրությանն ապահովել համակողմանի տեղեկատվությամբ, ինչի կարիքը վերջինս այս պահին ամենաշատն ունի»:

 

Աշնանային դպրոցի մասնակից Ռուզաննա Ստեփանյանն էլ շեշտեց, որ համալսարանում ձեռք բերած գիտելիքներն էլ ավելի ամրապնդվեցին դպրոցի արհեստավարժ մասնագետների շնորհիվ, որոնք ոլորտի առաջատար ներկայացուցիչներից են:  

 

Փակման հանդիսավոր արարողության վերջում դպրոցի մասնակիցները ստացան վկայագրեր, որից հետո Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհավորելով ուսանողներին, հույս հայտնեց, որ աշնանային դպրոցը շարունակություն է ունենալու այլ ձևաչափերով և բովանդակությամբ: