03.03.2021 | 
Կրթություն
«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ՁԳՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻՆ»․ ՄՈՆԻԿԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ՁԳՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻՆ»․ ՄՈՆԻԿԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մոնիկա Իսրայելյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է:

Ysu.am-ը Մոնիկայի հետ զրուցել է մասնագիտության ընտրության, նկատելի հաջողությունների և ապագա ծրագրերի մասին։

 

Մանկուց շրջապատված եմ եղել ապագա բժիշկներով, ինչն էլ նպաստել է, որ իմ մեջ բժշկության հանդեպ սեր ծնվի:

 

Այսպես է մեկնաբանում Մոնիկան իր մասնագիտության ընտրությունը և հետագա անելիքների մեկնարկը։

 

«Դեռ այն ժամանակ պարզ էր, որ լինելու եմ այդ ոլորտի ներկայացուցիչ։ Վերջնական որոշումս կայացրի ավարտական դասարանում՝ ընտրելով դեղագիտության ոլորտը։ Որոշման կայացման մեջ մեծ դերակատարում է ունեցել նաև հայրս»,- նշում է ապագա դեղագետը։

 

Նրա խոսքով, բուհում ուսանելու տարիներին՝ հատկապես մագիստրատուրայում սովորելու ժամանակ, սկսել է հասկանալ, որ ուսման դժվարություններով է պայմանավորված հետաքրքիր ուսանողական կյանքը։

 

«Շատ արագ է անցնում ժամանակը, նույնիսկ չես հասցնում շունչ քաշել, բայց արդեն ավարտվում է մի ամբողջ կիսամյակ։ Քանի որ համալսարանում ուսանելը կյանքի կարևորագույն փուլն է, ես վստահաբար կարող եմ ասել, որ հենց այս փուլում են մարդիկ ձեռք բերում իրենց լավագույն ընկերներին»,- ասում է Մոնիկան։

 

 

Ուսանողական կյանքի անբաժանելի մասը, ըստ ուսանողուհու, իրեն դասավանդող լավագույն դասախոսներն են․ «Այդ հարցում էլ է բախտս շատ բերել։ Ձեզ ծանո՞թ է այն զգացողությունը, որ հպարտ ես միայն այն բանի համար, որ քեզ դասավանդում է այս կամ այն դասախոսը, որն իր ուրույն ներդրումն ունի գիտության զարգացման մեջ»։ 

 

Մասնագիտական հաջողության հասնելու համար անհրաժեշտ են սեփական սխալն ընդունելու կարողություն, անկոտրում կամք:

 

Անդրադառնալով ոլորտում հաջողության հասնելու բանաձևերին՝ Մոնիկան կարևորում է վերոնշյալ երեքը. «Ես թվարկեցի ցանկացած ոլորտում հաջողության հասնելու բանաձևերը, սակայն ֆարմացիայի հարցում կարևոր է հատկապես անկոտրում կամքը, քանի որ, եթե ցանկանում ես զբաղվել գիտական նորարարությամբ, պետք է նպատակիդ հասնելու համար երբեք չընկճվես, այլ վերլուծես ու փորձես այնքան, մինչև հասնես ցանկալի արդյունքի»։

 

Մոնիկայի նպատակն իր ոլորտում լավագույն մասնագետ դառնալն է։

 

Նպատակին հասնելու համար նա ոչ միայն յուրացնում է մասնագիտական գիտելիքները, այլև ինքնակրթվում է։

 

«Չեմ սիրում սովորել ուղղակի սովորելու համար։ Ունեմ ընկերներ, որոնց հետ մշտապես զբաղվում ենք ինքնակրթմամբ, սովորում և պատրաստվում ենք քննություններին՝ անկախ օրվա ժամանակահատվածից, այդպես շատ ավելի հետաքրքիր է, նաև չես հոգնում։ Եթե ինչ-որ բան չենք հասկանում, միմյանց բացատրում ենք այնպես, որ նույնիսկ տարիներ անց կհիշենք, թե ինչ օրինակներով ենք հասկացել այս կամ այն հարցը»,- պարզաբանում է ապագա դեղագետը։

 



Իմ մոտիվացիայի աղբյուրը սեփական ուժերը գերազանցելն է։


«Չեմ սիրում համեմատվել որևէ մեկի հետ, այլ փորձում եմ գրանցել նոր հաջողություններ և մոտիվացվել դրանցով»,- անկեղծանում է Մոնիկան։

Ըստ նրա՝ այսօրվա ուսանողին պակասում են պատասխանատվության զգացումը և առավելագույնին հասնելու ձգտումը․«Շատ կարևոր է վերացնել  միջակության գաղափարը և ձգտել սեփական ոլորտում հասնել առավելագույնին»։

 

Ուսանողուհին խորհուրդ է տալիս նաև երբեք չընկճվել դժվար իրավիճակներում և հիշել, որ այդպիսով կյանքը պատրաստում է ավելի մեծ հաջողությունների։

 

Մոնիկան մասնագիտություն ընտրելու կարևոր ու պարտադիր նախապայման է համարում վերջինիս հանդեպ սերը. «Մասնագիտությանը սիրահարվել ուժգին, քանի որ այդ սերը շատ փակ դռներ է բացում, ինչն էլ մեծացնում է հետաքրքրությունը մասնագիտության հանդեպ»։

 

Անդրադառնալով լավագույն ուսանող ընտրվելու սպասելիքներին և պարտավորեցնող քայլերին՝ Մոնիկան նշում է. «Ասել, որ չեմ սպասել, ճիշտ չի լինի, քանի որ, եթե ինքդ ես հավաքում թղթերդ և լրացնում դիմումը, ուրեմն արդեն իսկ ունես սպասելիքներ։ Ոչ ոքի չէի ասել, որ դիմել եմ, ինքս ինձ ասացի՝ կընտրվեմ, լավ է, չէ՝ էլի լավ է»։

 

Ես պարտական եմ ծնողներիս իմ նույնիսկ չնչին հաջողությունների համար։ Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ իմ այսօրվա հաղթանակը նրանց երեկվա աշխատանքի արդյունքն է։

 

«Եթե երբևէ նորից հարցնեն այս մասին, միևնույն է, իմ պատասխանն անփոփոխ է մնալու»,- ամփոփում է ուսանողուհին։

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ». ԱՌՑԱՆՑ ՎԵԲԻՆԱՐ
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացել է առցանց վեբինար՝ «Հայկական ժառանգությունն Անիի տարածաշրջանում և հետևանքները Արցախի համար» խորագրով:
«ՀՆԴԿԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի «Աճեմյան» գրադարանում այսօր ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնդկական փիլիսոփայական դպրոցներ» խորագրով դասախոսություն։