14.12.2021 | 
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱԲ-ԼՍԱՐԱՆ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱԲ-ԼՍԱՐԱՆ
«PRO ExTOUR» ծրագրի շրջանակում այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնում տեղի է ունեցել փորձառական զբոսաշրջության հաբ-լսարանի բացումը:

«PRO ExTOUR» ծրագրի հիմնական նպատակն է խթանել փորձառական զբոսաշրջությունը՝ որպես կայուն զարգացման ուղի Սևծովյան ավազանի տարածաշրջանի զբոսաշրջության բիզնեսի համար՝ արժևորելով բնիկ ժառանգության և մշակույթի ներուժը, նորարարական լուծումներն ու միջսահմանային համագործակցությունը:

Ծրագիրը զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ ունեցող երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Երևանի պետական (Հայաստան), Վառնայի կառավարման (Բուլղարիա) և Սալոնիկի համալսարանների (Հունաստան), ինչպես նաև «Վրացական արվեստի և մշակույթի կենտրոն» ՀԿ-ի (Վրաստան) ու «Խոհարարական արվեստ և հյուրընկալություն» ասոցիացիայի (Բուլղարիա) համատեղ նախաձեռնությունն է:



Ժամանակակից տեխնիկայով հագեցած հաբ-լսարանի բացմանը ելույթով հանդես եկավ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, որը, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ լսարանի ձևով բացված կենտրոնը միտված է նրան, որ մենք կարողանանք կապել կրթական համակարգը բիզնեսի, բիզնեսը՝ ապագա գործունեության, իսկ ապագան՝ Մայր բուհի հետ:

Նորաբաց լսարանում տեղի են ունենալու դասախոսություններ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար:

 

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով Միջազգային համագործակցության վարչությանը կատարած աշխատանքի համար, կարևորեց նմանատիպ փորձառական լսարանի ստեղծումը, որտեղ ձեռներեցները կարող են օգտվել փորձագիտական խորհրդատվությունից:

 

Հարկ է նշել, որ փորձառական զբոսաշրջության հաբ-լսարանի բացումն ունի մի շարք նպատակներ, այդ թվում՝ փորձառական զբոսաշրջության ոլորտում նորարարությունների, հետազոտությունների անցկացում և փորձարկում, սևծովյան տարածաշրջանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված գործունեության, իրադարձությունների քարտեզագրում ու ներկայացում, անդրսահմանային ցանցի և փորձառական զբոսաշրջությամբ զբաղվող ձեռներեցների ու մասնագետների պրակտիկայի պահպանում, ցանցային կապի, ձեռնարկատիրական հմտությունների ձևավորման, գաղափարների ստեղծման, մենթորության տեղական ծրագրերի նախագծում և իրականացում:

 

Հավելենք, որ նմանօրինակ հաբ-լսարանները պահպանելու են միմյանց միջև մշտական կապը, իսկ ծրագրի ավարտից հետո մշակելու են համատեղ նախագծեր: