21.05.2019 | 
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ  ՆՈՐ ՓԱԹԵԹԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի նոր փաթեթի շնորհանդեսը:

Մագիստրոսական այս ծրագիրն իր գործունեության 7 տարիների ընթացքում հասցրել է ունենալ 66 շրջանավարտ, որոնցից  39-ը, այսինքն՝ մոտ 60 %-ն անցել է մասնագիտական աշխատանքի։

Բացման խոսքով հանդես եկավ «Տարածաշրջանային քաղաքականություն» ՄԿԾ ղեկավար, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ  Նարեկ Գալստյանը:

«Երբ մենք որոշեցինք բացել այս մագիստրոսական ծրագիրը, մեր առջև դրել էինք 3 հիմնական նպատակ՝ կրթական ծրագրի մշակման կատարելագործում, բարձրակարգ մասնագետների պատրաստում և փոխադարձ աջակցություն՝ մասնագիտական և աշխատանքային հարցերում»,-պարզաբանեց Նարեկ Գալստյանը:

Այնուհետև մագիստրոսական ծրագրի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու Էրիկ Դավթյանը ներկայացրեց  տասը պատճառ այն մասին, թե ինչու պետք է դիմել «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրին:

 

Այդ պատճառները շատ տարբեր են ՝սկսած առաջարկվող հարուստ էլեկտրոնային գրադարանից, գնահատման համակարգից, վերջացրած դասախոսական արհեստավարժ կազմով:

«Մեր խնդիրն է ավելի հետաքրքրիր դարձնել ուսանողների ուսումնառության ծրագիրը, դրա շնորհիվ մեր նյութերն անընդհատ փոփոխվում և համալրվում են»,- նշեց Էրիկ Դավթյանը:

«Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նարեկ Գալստյանն էլ ասաց, որ  ուսանողները կարող են պարբերաբար մասնակցել արտասահմանյան ծրագրերի, քանի որ գնահատման համակարգն ուսանողների շարժունակությունը դյուրին է դարձնում:

«Մեր ծրագրի հաջողության ցուցիչն այն լավ հեղինակությունն է, որը ծրագիրն ունի աշխատաշուկայում,- շեշտեց Նարեկ Գալստյանը,- մեր ուսանողներն աշխատում են  պետական կառավարման համակարգում, վերլուծական կենտրոններում և լրատվամիջոցներում»:

Նրա խոսքով, «ՏաՔա» ծրագիրն իր մեջ ներառում է ինչպես փորձի փոխանակում, այնպես էլ ուսանողական ժամանցի կազմակերպում, որին ավելանալու են նաև  «ՏաՔա» արշավները:

Այնուհետև ելույթով հանդես եկան «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները, որոնք պատմեցին իրենց փորձառության և հաջողության բանաձևի մասին:

 

Ելույթներով հանդես եկան նաև  ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ , քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը և «Տարածաշրջանային քաղաքականություն» ՄԿԾ դասախոս, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, որոնք նշեցին այն կարևոր քաղաքական նշանակության մասին, որն ունի մագիստրոսական ծրագիրը:

««Տարածաշրջանային քաղաքականություն» ծրագրի շնորհիվ  ուսանողը ճանաչում և հետազոտում է տարածաշրջանը,  ծանոթանում է նրա առանձնահատկություններին, ուսումնասիրում է ընթացիկ քաղաքական գործընթացները և դառնում պահանջված մասնագետներ, որոնց կարիքը մենք շատ ունենք»,- նշեց Գարիկ Քեռյանը:

 

Անի Պողոսյան