29.11.2021 | 
Կրթություն
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱԼԻ 220-ԱՄՅԱԿԻՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱԼԻ 220-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ռուս գրող, բառարանագիր, ազգագրագետ Վլադիմիր Դալի 220-ամյակին նվիրված միջոցառումը:

Միջոցառմանը, որը կազմակերպել էր Ռուս բանասիրության ֆակուլտետը, ներկա էին դեկան Պավել Բալայանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

Միջոցառման ընթացքում զեկուցումներով հանդես եկած Ռուս բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները նախ ներկայացրին Վլադիմիր Դալի կյանքն ու գործունեությունը՝ փաստելով, որ նա ռուսական բառի և ժողովրդական իմաստության ամենահարուստ գանձարանի ստեղծողներից մեկն է եղել:

 

«Վլադիմիր Դալը կարողացել է բառարանային նյութը դասակարգել՝ ըստ բների, ինչը նորարարական մոտեցում էր բառարանների ստեղծման գործընթացում»,- ասաց Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանող, միջոցառման ժամանակ զեկուցմամբ հանդես եկող  Քրիստինե Գրիշկովան:

 

Վլադիմիր Դալի ծավալած գրական գործունեության և ստեղծած արժեքավոր գրականության  մասին զեկուցմամբ հանդես եկավ նաև ֆակուլտետի ուսանող Արուսյակ Գրբոյանը, որը նախ անդրադարձավ  նրա գրական  ստեղծագործություններին ՝ պատմելով  Դալի՝ «Ռուս ժողովրդի առածներ» ուշագրավ ժողովածուի մասին:  Ժողովածուն իր մեջ ներառում է ավելի քան երեսուն հազար առակներ և ասացվածքներ, այնուհետև  անդրադարձավ Վլադիմիր Դալի և ռուս հանճարեղ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծանոթության և ընկերության պատմությանը:

 

 

«Վլադիմիր Դալի հավաքագրած շատ ասացվածքներ կարելի է անվանել արվեստի իրական գործեր, որոնցում ճշմարտացիորեն և վառ արտացոլվել է ռուս ժողովրդի կյանքը»,- ասաց Քրիստինե Գրիշկովան:

Անդրադարձ կատարվեց նաև Դալի այն ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են ռուսերենի բարբառներին և դրանց դասակարգմանը:

 

Ուսանողները պատմեցին նաև «Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարան»-ի մասին, որը պարունակում է 200.000 բառ և ընդգրկում 19-րդ դարի ռուսաց գրավոր ու բանավոր լեզուների և բարբառների բառապաշարը, փոխառությունները, դարձվածքները։

 

Բոլոր զեկուցողները բարձր գնահատեցին Վլադիմիր Դալի կատարած լեզվաբանական ուսումնասիրություններն  ու ծավալած գրական  գործունեությունը՝ մատնանշելով, որ իր կատարած անգնահատելի աշխատանքի և արժեքավոր ժառանգության համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև «Լոմոնոսովի անվան» մրցանակի:

Միջոցառման ավարտին ուսանողները ներկայացրեցին իրենց կողմից պատրաստած Դալի և նրա հայտնի բառարանի մասին տեսահոլովակը։

 

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ. ԵՍ ԱՅՍՕՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ». ԱՍՏՂԻԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն-ֆրանսերեն հաղորդակցության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Աստղիկ Շմավոնյանն այժմ սովորում է Ֆրանսիայի Լիլ քաղաքի Լիլլի համալսարանի կիրառական օտար լեզուների ֆակուլտետում:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը սկսում է «ՀՀ անվտանգության հիմնախնդիրները» խորագրով գիտական դասախոսությունների շարք: