04.01.2022 | 
Ուսանողական
«ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԽՈՍԵԼ ՔՈ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». ՉԵԽ ՈՒՍԱՆՈՂ ՅԱՆ ԲՈՐԻԼ
«ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԽՈՍԵԼ ՔՈ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». ՉԵԽ ՈՒՍԱՆՈՂ ՅԱՆ ԲՈՐԻԼ
Չեխիայի Մասարիկի համալսարանի մագիստրանտ Յան Բորիլը «Էրազմուս+» կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակում ուսումնառում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում: Յան Բորիլի հետ զրուցել ենք ԵՊՀ-ում ստացած իր տպավորությունների, Հայաստանի և Չեխիայի կրթական համակարգերի տարբերության, ինչպես նաև ուսանողների մասին:

 - Կպատմե՞ք Ձեր մասին: Որտե՞ղ եք սովորում: Ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

 

- Ես Յան Բորիլն եմ Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքից, որն իմ երկրում մեծությամբ երկրորդ քաղաքն է: Այժմ սովորում եմ Մասարիկի համալսարանի մագիստրատուրայում՝ ուսումնասիրելով գեոինֆորմատիկա և քարտեզագրություն: Այս տարի ավարտելու եմ ուսումնառությունս: Բացի սովորելուց՝ ես մեծապես հետաքրքրված եմ բոլոր տեսակի սպորտաձևերով (վազք, հեծանվավազք, դահուկ և այլն) ու պարզապես տարված եմ լեռներով: Հայաստանում մնալու ընթացքում ես չէի կարող բաց թողնել հնարավորությունը՝ բարձրանալու Արագած և Արարատ:

 

- Ի՞նչ ծրագրով եք եկել ԵՊՀ, ինչքա՞ն ժամանակ է, որ գտնվում եք այստեղ:

 

- Ես այստեղ եմ «Էրազմուս+» կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում: Այն փոխանակման ծրագիր է, որն իրականացվում է ԵՄ-ի, ԵՊՀ-ի և Մասարիկի համալսարանի կողմից: Ես պետք է գայի դեռ նախորդ տարի, բայց «COVID-19»-ի ու դրանով պայմանավորված հեռավար կրթության պատճառով իմ փոխանակումը երկու անգամ հետաձգվեց: Ես այստեղ եմ եկել սեպտեմբերին, մեկնելու եմ հունվարին: Ի դեպ, ծրագիրը հասանելի է թե՛ հայ, թե՛ ԵՄ ուսանողների համար, և ես բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել ծրագրին:

 

 

- Կպատմե՞ք այստեղ ստացած Ձեր տպավորությունների մասին:

 

- Մինչև Հայաստան գալս ես որոշակի փորձառություն ու գիտելիքներ ունեի հետխորհրդային երկրների վերաբերյալ, ու արդեն որոշակի գաղափար կար ձևավորված, թե ինչ է պետք ակնկալել, բայց, այնուամենայնիվ, ես շատ բաներից զարմացել եմ: Օրինակ՝ այն, որ այստեղ ես իմ կուրսի միակ ուսանողն եմ, ինչը երբեք չի կարող պատահել Չեխիայում: Դա իհարկե պայմանավորված է իմ ֆակուլտետում «Էրազմուս+»-ի ծրագրով սովորող ուսանողների թվով: Ես միակն եմ, քանի որ միայն ես եմ ընտրել անգլերեն դասընթացներ:

 

- Որքանո՞վ են նման և տարբեր Հայաստանի ու Չեխիայի կրթական համակարգերը:

 

- Ինչպես արդեն նշեցի, ես մենակ եմ դասերի հաճախում, ուստի ինձ համար բարդ է համեմատություն անցկացնելը: Սակայն կարող եմ ասել, որ զարմացած եմ, թե ինչքան անձնական կարող են այստեղ լինել դասախոսների և ուսանողների միջև հարաբերությունները. ամեն ինչ արվում է, ոչինչ խնդիր չէ: Այստեղ դու կարող ես խոսել քո դասախոսների հետ ցանկացած թեմայի վերաբերյալ: Չեխիայում միշտ որոշակի «հեռավորություն» կա ուսանողի և դասախոսի միջև:

 

- Իսկ ի՞նչ տարբերություններ կամ նմանություններ եք նկատել հայ և չեխ ուսանողների միջև:

 

- Հայ ուսանողների հետ սահմանափակ շփումներ եմ ունեցել, հիմնականում գիտաժողովների կամ այն ժամանակ, երբ ինչ-որ թեմաներ եմ ներկայացրել: Չեմ կարող նրանց գիտելիքների վերաբերյալ հստակ ինչ-որ բան ասել, բայց իսկապես տպավորված եմ, թե ինչքան ակտիվ են նրանք: Այստեղ ուսանողները մշտապես շատ հարցեր են տալիս, փորձում իմանալ ավելին, ինչը փոքր-ինչ անսովոր է իմ երկրում:

 

- Ձեր մաղթանքը մեր ուսանողներին և աշխատակիցներին:

 

- Ես բոլորին մաղթում եմ հաղթահարել կորոնավիրուսային այս ժամանակահատվածը, որը, հուսով եմ, շուտով կավարտվի: Չմոռանաք, որ գիտելիքն ամենակարևորն է, որ դուք կարող եք ստանալ:

 

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ՏՎԵԼ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ՄՏԱԾԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍԱՐԳԻՍ ՋԻԲԻԼՅԱՆ
Սարգիս Ջիբիլյանը կրկնակի դիպլոմով փոխանակման ծրագրով այժմ ուսումնառում է Ֆրանսիայի Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսում:
ԵՊՀ. ԳՈՀԱՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ ԴԵՊԻ «ԷՐԱԶՄՈՒՍ»
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մագիստրանտ Գոհար Առաքելյանն այժմ սովորում է Ռումինիայի Բրաշով քաղաքի Տրանսիլվանիայի համալսարանում: Նրա կարծիքով, սննդի անվտանգությունը Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման գերխնդիրներից է։