31.10.2019 | 
Հասարակություն
ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԻ ԿԵՐՊԱՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԱԾ 5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐՆ ՈՒ ՖԻԼՄԵՐԸ. ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԻ ԿԵՐՊԱՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԱԾ  5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐՆ ՈՒ ՖԻԼՄԵՐԸ. ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Տարբեր մասնագիտությունների մասին պատմող գրքերն ու ֆիլմերը բազմաթիվ են, բայց քիչ են այն ֆիլմերն ու գրքերը, որոնք ոգևորում են ընթերցողին և դիտողին, թերևս, գաղտնիորեն ու նրբորեն փոխանցում մասնագիտական գաղտնիքները, նուրբ անցումներով կերտում մասնագիտական այնպիսի կերպար, որը փորձում է դառնալ լավագույնը՝ իր ճանապարհին հայտնված բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով:

ysu.am-ը սկսում է նոր շարք. ոլորտի մասնագետները ներկայացնում են այն գեղարվեստական գրքերն ու ֆիլմերը, որտեղ լավագույնս ներկայացվում են մասնագիտության պատմությունը, կերպարաստեղծման արվեստն ու մասնագիտական հմտությունները:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ու Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի ասիստենտ Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում ներկայացրին մասնագիտական այն հինգ գրքերն ու ֆիլմերը, որոնք անմիջապես կլանում են թե՛ լրագրող ընթերցողին ու հեռուստադիտողին, թե՛ այլ մասնագիտություն ունեցող անձանց:

 

«Առանձնապես շատ չեն այն ֆիլմերը, որոնց գլխավոր հերոսները լրագրողներ են։

Իրականում հակառակը պետք է լիներ, որովհետև լրագրությունն այնպիսի մասնագիտություն է, որը թույլ է տալիս ստեղծել անձնականի և մասնագիտականի բախում, կոնֆլիկտ»,- նշում է Նաղաշ Մարտիրոսյանը և առանձնացնում այդ հինգ ֆիլմերը:

1. «Քաղցր կյանք», «La Dolce vita», 1960 թ. (ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի)

«Քաղցր կյանքը» անջնջելի հետք թողեց ոչ միայն կինոյի պատմության, այլև լրագրության վրա՝ շնորհիվ մի երկրորդական կերպարի, որը հետապնդում էր աստղերին ու անսպասելի լուսանկարում նրանց: Նրա ազգանունն էր Պապարացցո (թարգմանաբար՝ «աներես մոծակ»):

«Պապարացցո ազգանունը շատ արագ զրկվեց անհատականությունից ու մի նոր մասնագիտության, ավելի ճիշտ՝ լրագրողական ժանրի սկիզբ դրեց: Դրանից հետո պապարացիներ կոչվեցին աստղերի անձնական կյանքի սկանդալային մանրամասներ որոնող ու վաճառող լուսանկարիչները»,- այսպես է մեկնաբանում ֆիլմի ընտրությունը Ն. Մարտիրոսյանը և խորհուրդ է տալիս անպայման դիտել:

2. «Արջամկան օրը», «Groundhog Day», 1993 թ., (ռեժիսոր՝ Հարոլդ Ռեմիս)      

Այս տրագիկոմեդիան հիմնված է կրկնության վրա: Ինքնասիրահարված հեռուստալրագրող Ֆիլ Քոնորսը (Բիլ Մյուրեյ) պետք է հեռուստառեպորտաժ նկարահանի ձմռան գալուստը գուշակող արջամկան մասին ու արագ տուն վերադառնա:

Բայց վրա է հասնում բուքը, նրա նկարահանող խումբը կտրվում է աշխարհից ու պատանդ մնում փոքրիկ քաղաքում:

Հերոսները ժամանակային ծուղակում են հայտնվում. կրկին ու կրկին ձգվում է նույն օրը։ Ժամանակը կանգ է առել, ու մարդն անգամ մահանալ չի կարող: Նա դատապարտված է ապրելու այդ չարաբաստիկ օրը կես տարի շարունակ, մինչև գտնում է ժամանակն ու շրջապատն իր հետ հաշտեցնելու հնարքը:

«Ֆիլմում կա մի դրվագ, որը շատ լավ բնութագրում է լրագրողի աշխատանքի էությունը: Երբ Ֆիլին հարցնում են, թե ի՞նչ կանի, եթե իմանա, որ աշխարհի վերջը մոտեցել է, նա պատասխանում է. «Կընտրեմ ամենահարմար ու բարձր կետը, որից կնկարահանեմ տեղի ունեցող իրադարձությունները»»,- ասում է Ն. Մարտիրոսյանը:

3. «Պոչը շարժում է շանը», «Wag the Dog», 1997 թ. (ռեժիսոր՝ Բարրի Լևինսոն) 

Սրամիտ ու լարված սյուժեով ֆիլմ, որի հիմքում այն համոզմունքն է, թե զանգվածային մեդիան ունակ է կառուցելու զուգահեռ մի իրականություն, և այդ իրականությունն ավելի համոզիչ է, քան կյանքը:

Մոտենում են ԱՄՆ նախագահական ընտրությունները, բայց գործող նախագահը լուրջ խնդիրներ ունի. նա մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ, ինչը նշանակում է, որ նրա օգտին քվեները պակասելու են: Եվ այս գրեթե անհուսալի իրավիճակում օգնության է գալիս կինո-մեդիա փորձագետը (Դասթին Հոֆման), որը սկսում է վարպետորեն կառուցել նոր՝ վիրտուալ մի իրականություն:

Սկիզբ է առնում ու գնալով ավելի խորանում ոտքից գլուխ կեղծ մի պատմություն։

 

Ֆիլմը հետաքրքիր ավարտ ունի. ֆեյքն անմահ է, նույնիսկ եթե մահանում է նրա հեղինակը։ Ասել է թե՝ պատերազմ (տեղեկատվական) սկսելը հեշտ է, ավարտելը՝ դժվար։ 

4. «Մասնագիտությունը՝ լրագրող», «Professione: Reporter» «The Passenger», 1975 թ. (ռեժիսոր՝ Միքելանջելո Անտոնիոնի)

Հայտնի լոնդոնյան հեռուստալրագրող Դեյվիդ Լոքը (Ջեկ Նիկոլսոն) արդեն երկար ժամանակ է՝ աֆրիկյան երկրներում ռեպորտաժներ ու ֆիլմեր է պատրաստում ապստամբների, արյունոտ բռնակալների ու վերջ չունեցող բախումների մասին: Կյանքը, որը նա տեսնում է հեռուստախցիկով, դադարել է հուզել ու հետաքրքրել, իսկ ցավն ու մահն ընդամենը ռեպորտաժի նյութ են:

 

Դեյվիդ Լոքն ուզում էր ողջ աշխարհը ցույց տալ իր ռեպորտաժներում, իսկ  սեփական կյանքի հետ չգիտեր ինչ անել: Հետաքրքիր է, որ ֆիլմում հերոսն անընդհատ շարժման մեջ է․ միշտ ճամփորդում է, տեղաշարժվում, թվում է, որ եթե հանկարծ կանգ առնի, կյանքը կավարտվի: Երևի այդպիսին է լրագրողի մասնագիտությունը, որը փոխում է մարդու ներքին ռիթմն ու ստիպում ապրել այլ ռիթմով։
 

5. «Նյուզրում»՝ «Լուրերի սենյակ», «The Newsroom», 2012-2013 թթ․ (գաղափարի հեղինակ՝ Ահարոն Սորկին) 

«Նյուզրումը» սերիալ է, որը, սակայն, ամբողջական ֆիլմի նման է կառուցված: Հիմքում կաբելային հեռուստատեսության լուրերի բաժնի աշխատանքն է, որի աշխատակիցներն ամեն օր լուրերի թողարկում են պատրաստում և միաժամանակ հասցնում սիրահարվել, վիրավորվել, ներել, ընկերանալ, ատել ու ամուսնալուծվել:

Եվ գրեթե ամեն օր փրկում են աշխարհը՝ իրենց լսարանին ճշգրտված, հավասարակշռված ու թեժ տեղեկատվություն մատուցելով, այսինքն՝ իրենց գործը ոչ միայն լավ, այլև արագ են անում:

Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դասախոս Դավիթ Սարգսյանը լրագրության մասին պատմող և լրագրողի կերպարին անդրադարձած ստեղծագործություններից առանձնացնում է հետևյալը:

 

«Այստեղ գալիս են բոլորը»

«Ամերիկացի գրող և մեդիահետազոտող Քլեյ Շըրքին ավելի քան մեկ տասնամյակ առաջ գրեց «Այստեղ գալիս են բոլորը» գիրքը: Դրա ոճը նոն-ֆիքշն է, հեղինակը պատմում է, թե ինչպես է համացանցն ազդում հասարակական հարաբերությունների վրա: Թեև վերջին տասնամյակում համացանցը երկրաչափական պրոգրեսիայով զարգացել է, մարդկային հարաբերությունների բնույթն անփոփոխ է: Օրինակ՝ Շըրքին պատմում է, թե ինչպես է Նյու Յորքում մի աղջիկ տաքսու մեջ կորցնում իր հեռախոսը, իսկ նրա ընկերը, կորսված իրը գտնելու մղումով տարված, հատուկ հավելված է ստեղծում գողոնը հայտնաբերելու նպատակով: Հեղինակը հատկապես հետաքրքրական է նկարագրում, թե ինչպես է տեխնոլոգիական զարգացումն ազդում մարդկային փոխարաբերությունների վրա»,- ասում է Դ. Սարգսյանը:

«Վիշապի դաջվածքով աղջիկը»

Շատերին է հայտնի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմը, բայց քչերը գիտեն, որ դա նախ հրաշալի վեպ է՝ շվեդ լրագրող և գրող Սթիգ Լարսոնի եռերգության առաջին դետեկտիվ վեպը: Դիպաշարը խիստ բնորոշ է հայ լրագրողներին. խոշոր ձեռներեցը դատի է տվել մի լրագրողի զրպարտության մեղադրանքով: Նրան հնարավորություն է տրվում զբաղվելու լրագրողական բացառիկ հետաքննությամբ, նա ցնցող դետեկտիվ բացահայտումներ է անում և իրեն դրսևորում որպես խիզախ ու սկզբունքային մարդ: Իհարկե, հետաքրքրական են նաև գլխավոր հերոսի սիրային արկածները, որոնք լրացնում են վեպի բուն սյուժեն: Լարսոնի վեպն այն քիչ դեպքերից է, երբ անգամ ֆիլմի դիտումից հետո գրքի ընթերցումը խիստ հետաքրքրական է ու անակնկալ բացահայտումներով լի:

«Այծի տոնը»

Պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան քաղաքական բովանդակությամբ մի բացառիկ վեպ ունի՝ «Այծի տոնը»: Նա գեղարվեստորեն արտացոլել է լատինաամերիկյան ամենաարյունարբու բռնապետներից մեկի՝ Ռաֆայել Տրուխիլյոյի կառավարման շրջանը: Այս վեպը քաղաքագիտության հարյուրավոր դասագրքերից շատ ավելի պատկերավոր կսովորեցնի լրագրողներին, թե ինչպես է ծագում ու ձևավորվում բռնապետությունը: Այն ներկայացված է մի քանի սերունդների կողմից ու հետաքրքրական է համակարգային մտածողություն ձևավորելու, անձին ու երևույթը տարբեր չափումներով ընկալելու տեսանկյունից:

 

«Վախ. Թրամփը Սպիտակ տանը»

Ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն Պոստի» խմբագիր և ուոտերգեյթյան բացահայտման հեղինակ Բոբ Վուդվորդը հասցրել է արդեն տասնյակ գրքեր հեղինակել, որոնք ոչ այնքան հրապարակախոսական, որքան գեղարվեստական ոգով ու շնչով են կարդացվում: Վուդվորդի վերջին գործը «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքն է, որտեղ հանգամանորեն վերլուծում է, թե ինչպես արտահամակարգային և ապաքաղաքական գործիչը դարձավ աշխարհի գերհզոր պետության առաջնորդ: Վուդվորդն ամերիկյան նախագահների կյանքի ու գործի լավագույն գիտակներից է՝ սկսած դեռևս Ռիչարդ Նիքսոնից, որը հրաժարական տվեց հենց նրա լրագրողական հետաքննության արդյունքում:

«Մի քիչ արև պաղ ջրի մեջ» 

Ահա այս գրքով էլ Դավիթ Սարգսյանն ամփոփում է մասնագիտության մասին պատմող լավագույն ստեղծագործությունների հնգյակը:

Ֆրանսուհի գրող Ֆրանսուազ Սագանի «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» վեպը ևս լրագրողի մասին է, ավելի ճիշտ՝ ծանր հոգեբանական վիճակում գտնվող լրագրողի և նրա ընկերուհու սիրավեպի: Սիրային սյուժեն, իհարկե, վեպի կարմիր թելն է, բայց Սագանի այս վեպը լավագույնս ներկայացնում է 20-րդ դարի թերթային լրագրողի կյանքը, նրա մասնագիտական աճն ու նշանակումը խմբագրի պաշտոնում: Ժամանակակից լրագրողի կյանքն այլ ռիթմով է ընթանում, բայց վեպը մեկ շնչով կարդացվում է նաև այսօր:

 

Պատրաստեց Անգին Խաչատրյանը

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության անդամներն «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի հանրայնացման նպատակով հանդիպել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 13 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը