12.10.2021 | 
ԱՆՀԱՏՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԵԾԱՆԱԼՈՒ Է ՆԱԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ՏՏ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ » ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՆՀԱՏՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԵԾԱՆԱԼՈՒ Է ՆԱԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ՏՏ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ » ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Հ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել «ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management Introduction)» խորագրով դասընթաց, որը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ProductCamp Academy»-ի համագործակցության արդյունքում:

Դասընթացը վարում էր «Productcamp academy»-ի դասընթացավար Անի Կարապետյանը, որը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց  նախագծերի կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները:

Հանդիպմանը մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու  նախագծերի կառավարման ոլորտի մասին  տեսական գիտելիքներ, ուսումնասիրեցին պրակտիկ նախագծերի օրինակներ:
 

«Աշխարհում բոլոր նախագծերն իրականացվում են նույն տրամաբանությամբ և հաջորդականությամբ. նախ որոշվում են նախագծի իրականացման ժամկետները՝ աշխատանքների սկիզբն ու ավարտը, կատարվում են ուսումնասիրություններ և հետազոտություններ, հստակեցվում է բյուջեն»,- ասաց Անի Կարապետյանը:

 

Անդրադառնալով  ինչ է նախագիծը հարցին՝ դասընթացավարը  մեջբերեց «Project Management Institute»-ի սահմանումը, ըստ որի՝ նախագիծը ժամանակավոր ջանք է, որը նպատակ ունի ստեղծել եզակի ապրանք, ծառայություն կամ արդյունք:

Բանախոսի խոսքով, ցանկացած նախագիծ միշտ ժամանակավոր է լինում՝ ունենալով աշխատանքների համար սահմանված հստակ ժամկետ, և դրա վերջում մարդիկ արձանագրում են լավ արդյունք:

 

Անի Կարապետյանը, անդրադառնալով նախագծերի կառավարման հիմունքներին, ներկայացրեց «Agile» ծրագրային ապահովման մանիֆեստը՝ նշելով, որ այն բաղկացած է 12 սկզբունքից և 4 արժեքից, որոնց մեջ մտնում են անհատի դերի բարձրացումը, աշխատանքային միջավայրը կարևորումը փաստաթղթաշրջանառությունից, հաճախորդի հետ համագործակցության կարևորումն անկախ պայմանագրում առկա կետերից, փոփոխություններին պատրաստ լինելը:

 

«Լավ նախագծի ղեկավարը պետք է գիտակցի, որ իրեն ներկայացրած նախագիծն ամեն պահի կարող է փոփոխության ենթարկվել, կարող են փոխվել նաև պահանջները, ուստի այս ամենին պետք է պատրաստ լինել և թիմին էլ նախապատրաստել»,- ասաց Անի Կարապետյանը:

Անի Պողոսյան