01.11.2021 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅԺՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՌԼԻՆԻ ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՅԺՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՌԼԻՆԻ ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Աննա Թադևոսյանն ու Տաթևիկ Հարությունյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում այժմ ուսումը շարունակում են Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Ուսանողների հետ զրուցել ենք արտերկրում սովորելու առավելությունների ու դժվարությունների մասին։

«Շատ ուրախ ենք, որ ԵՊՀ-ն փոխանակման մի շարք ծրագրերի շրջանակում  ուսանողներին նմանատիպ հնարավորություն է ընձեռում։ Հումբոլդտի համալսարանում մենք ուսումնասիրում ենք նոր մեթոդներ ու համակարգչային տարբեր ծրագրեր, որոնք հետագայում կարող ենք կիրառել մասնագիտական ոլորտում»,- ոգևորությամբ պատմեցին ուսանողները և ընդգծեցին, որ արտերկրում ուսանելը հնարավորություն է տալիս ծանոթանալու արտասահմանյան կրթական համակարգին, ձեռք բերելու նոր ծանոթություններ, ինչպես նաև իրականացնելու փորձի փոխանակում։

 

 

Նշենք, որ որպես «Էրազմուս+»-ի շահառուներ՝ ԵՊՀ ուսանողները ստանում են ամենամսյա կրթաթոշակ՝ կեցության կարիքները հոգալու համար։ Փոխանակման ծրագրի տևողությունը 5 ամիս է։

 

Խոսելով արտերկրում սովորելու դժվարությունների մասին՝ նրանք նշեցին, որ   ուսանողների մեծ քանակության պատճառով չեն կարողացել բնակվել Հումբոլդտի համալսարանի ուսանողական հանրակացարանում, ուստի բնակարան են վարձակալել։

 

 

«Սկզբում փոքր-ինչ լարվում էինք, ամեն ինչ նոր էր. պետք էր ընտելանալ միջավայրին, սակայն լարվածությունն անմիջապես անցավ, քանի որ առաջին իսկ օրը համալսարանում մեզ շատ ջերմ ընդունեցին։ Դասընթացներին մեզ հետ մասնակցում են տարբեր երկրներից ժամանած ուսանողներ, որոնք շատ ընկերասեր են և բարի։ Անմիջական ու բարեհամբույր են նաև դասախոսական անձնակազմն ու միջազգային կապերի բաժնի աշխատակիցները, որոնք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք զգանք մեզ ինչպես տանը»,- անկեղծացան Աննան և Տաթևիկը։

 

 

Հումբոլդտի համալսարանում դասավանդվող առարկաների մասին խոսելով՝ նրանք նշեցին, որ կան մի շարք առարկաներ, որոնցից գիտելիքներ ունեն, կան նաև նոր առարկաներ, որոնք շատ հետաքրքիր են և հաճույքով են սովորում։  

 

«Ուշագրավ էր մասնակցել Գերմանիայում մեծ շուքով նշվող «Halloween» տոնին։ Այստեղ մեծ շուքով նշվում է նաև Սուրբ ծնունդը, որին սկսում են պատրաստվել դեռևս հոկտեմբերից, մթնոլորտը շատ դրական է և հաճելի»,- պատմեցին ուսանողները։

 

 

Անդրադառնալով արտերկրում ուսումնառության դրական կողմերին՝ Աննան և Տաթևիկը նշեցին, որ ուսանելուց բացի՝ այցելում են երկրի պատմամշակութային վայրեր՝ փորձելով համադրել հաճելին օգտակարի հետ. «Արդեն այցելել ենք Բեռլինին մոտ գտնվող Պոտսդամ քաղաք, որտեղ գտնվում է հայտնի Սանսուսիի այգին, որն ունի հարուստ բուսատեսակներ և տարբեր թանգարաններ։ Ցանկանում ենք այցելել Գերմանիայի այլ քաղաքներ ևս, իսկ եթե հասցնենք, անպայման մեկնելու ենք հարևան պետություններ»,- նշեցին ուսանողները։

 

 

Աննան և Տաթևիկը խորհուրդ տվեցին բոլոր այն ուսանողներին, որոնք ցանկանում են մասնակցել արտերկրում ուսումնառության փոխանակման ծրագրերին, չերկմտել, լինել համարձակ և վստահ դիմել. «Շատ կարևոր է անգլերենի իմացությունը, որն օգնում է մարդկանց հետ հաղորդակցվելիս։ Պետք է միշտ ուշադիր լինել, հետևել իրադարձություններին, քանի որ արտերկրում ուսանելու փոխանակման ծրագրերն անընդհատ թարմացվում են, և գործում են նորերը»։

 

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

Այլ նորություններ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱԼԻ 220-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ռուս գրող, բառարանագիր, ազգագրագետ Վլադիմիր Դալի 220-ամյակին նվիրված միջոցառումը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8-րդ եզրափակչի շրջանակում այսօր մրցել են երկու թիմ՝ իրենց կողմ և դեմ դիրքորոշումները հայտնելով «Հայերը չպետք է անցկացնեն իրենց հանգիստը Թուրքիայում» թեմայի վերաբերյալ: