27.10.2021 | 
Գիտություն
ԵՊՀ ԿԵՆՍԱՔԻՄԻԿՈՍՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՑՈՒՄԸ
ԵՊՀ ԿԵՆՍԱՔԻՄԻԿՈՍՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՑՈՒՄԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Օրգանական թափոններից կենսազանգվածի և կենսաէներգիայի փոխակերպման կենսաքիﬕական ուղիների բնութագրումը և օքսիդավերականգնողական կարգավորումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։

Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար Աննա Փոլադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայումս մեծ հետաքրքրություն են ներկայացնում օրգանական թափոնների մշակումը և կենսավառելիքի, կենսաէլեկտրաէներգիայի՝ որպես բարձրարժեք արտադրանքի ստացումը:

 

Նրա խոսքով, ծրագրի նպատակն է հետազոտել օրգանական թափոնների կենսափոխարկման ընթացքում կենսաքիմիական ուղիները, հիմնական ֆերմենտների դերը և օքսիդավերականգնողական կարգավորումը կենսազանգվածի և կենսաէներգիայի արտադրության խթանման համար։

 

 

Աննա Փոլադյանն ընդգծեց, որ ծրագրի ընթացքում իրականացվելու է ՀՀ-ում հասանելի արտադրական և գյուղատնտեսական թափոնների նախամշակում, ինչպես նաև հետազոտվելու է դրանց հետագա յուրացումը կիրառական և կենսատեխնոլոգիական նշանակություն ունեցող մի շարք մանրէների կողմից. «Կուսումնասիրվի բակտերիաների կենսազանգվածի, կենսաէներգիայի (կենսաջրածին, կենսաէթանոլ և կենսաբութանոլ) և խմորման այլ վերջնանյութերի արտադրությունը, կբացահայտվի թափոնների կենսաքիմիական փոխակերպումների և կենսազանգվածի ձևավորման մեջ օքսիդավերականգնողական պոտենցիալի (ՕՎՊ) դերը»:

 

Ամբիոնի վարիչի խոսքով, կուսումնասիրվեն մշակված օրգանական թափոնների յուրացման ընթացքում հետաքրքրություն ներկայացնող վերջնանյութերի խթանված արտադրության համար պատասխանատու հիմնական ֆերմենտների ակտիվությունները և դրանց օքսիդավերականգնողական կարգավորումը. «Կիրականացվի նաև ֆերմենտների մեկուսացում ջրածնային վառելիքային սարքի գործարկման համար, որի արդյունքում կստեղծվի վառելիքային սարքի նախատիպը»:

 

 

Ծրագրում ընդգրկված են 2 ավագ մասնագետ և 5 երիտասարդ գիտնական:

 

Խմբի օտարերկրյա գործընկերը Գերմանիայի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի պրոֆեսոր Գարի Սովերսն է։ Նրա գիտական հետազոտություններն ուղղված են մանրէների մրջնաթթվային և ջրածնային նյութափոխանակությունների ուսումնասիրմանը։

 

«Ծրագրի ավագ մասնագետները պրոֆեսոր Սովերսի հետ համագործակցությունը սկսել են դեռևս 2010 թվականից և միջազգային գրախոսվող ամսագրերում ունեն համահեղինակած բազմաթիվ գիտական հոդվածներ»,- ասաց Ա. Փոլադյանը։

 

 

Գիտական ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ պրոֆեսոր Գ. Սովերսի հետ համագործակցության շնորհիվ խմբի անդամները կծանոթանան մոլեկուլային կենսաբանության տարբեր մեթոդների, որոնք անհրաժեշտ են նոր մուտանտների ստացման, ֆերմենտների մեկուսացման, հիդրոգենազ (Հիդ) ֆերմենտների բնութագրման համար, ինչպես նաև այդ մեթոդներն ու վառելիքային սարքերի տեխնոլոգիան կներդնեն ԵՊՀ հետազոտական խմբում։

 

Ա․ Փոլադյանի համոզմամբ, նշված բոլոր նպատակների իրականացումը բեկումնային կլինի կենսազանգվածի, կենսաէներգիայի և օրգանական թթուների ալֆա թեստավորման, օրգանական թափոնների արժևորման և թափոններից արժեքավոր արտադրանքի կենսաքիմիական վերափոխման նոր տեխնոլոգիայի նախատիպի ստեղծման հարցում. «Ստացված արդյունքները կնպաստեն մանրէներում ածխածնի տարբեր աղբյուրների յուրացման ընթացքում խմորման մասին հիմնարար գիտելիքների զարգացմանը, մանրէների կուլտիվացման համար էժան աղբյուրների կիրառման նոր հնարավորություններ կընձեռեն, մասնավորապես՝ սուրճի և գարեջրի արտադրության թափոններ, պանրի և կաթնաշոռի արտադրության շիճուկ, գլիցերոլի խառնուրդ՝ որպես տարաբնույթ բակտերիական կենսազանգված ստանալու արդյունավետ աղբյուրներ: Այս ծրագրի իրագործումը կապահովի ոչ միայն մատչելի կենսաէներգիայի արտադրություն, այլև կնպաստի ՀՀ-ում թափոնների մշակման էկոլոգիական խնդրի լուծմանը»։  

 

 

Գիտական ծրագրի շրջանակում նախատեսվում է ամբիոնում ստեղծել թափոնների հետազոտության, կենսաքիմիական հատկությունների չափման նոր մեթոդներ, օրինակ՝ տարբեր ֆերմենտային ակտիվությունների, նյութափոխանակության և ռեդօքս հավասարակշռության գնահատման, թափոնների ուսումնասիրման նոր գործիքներ, ինչպես նաև մշակված նոր մեթոդներն ընդգրկել ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի կրթական ծրագրերի լաբորատոր աշխատանքների գործընթացում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում այսօր իր աշխատանքներն է սկսել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համագործակցության շրջանակում:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին: