02.12.2019 | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ ԸՍՏ ՀԱՅՏՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԻ. ԱՆՍՈՎՈՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԻՐԱՎԱԿԱՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ ԸՍՏ  ՀԱՅՏՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԻ. ԱՆՍՈՎՈՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել քաղաքական և իրավական ուսմունքների զեկուցումների ներկայացում:

Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Տարոն Սիմոնյանի հետ համատեղ նախաձեռնությամբ:

 

Զեկուցումների առանձնահատկությունն այն էր, որ ուսանողներից յուրաքանչյուրն ընտրել էր հայտնի փիլիսոփաներից մեկին և զեկուցումը ներկայացնում էր նրա անունից:

Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Տարոն Սիմոնյանի խոսքով, պետք է ոչ թե ռեցեպցիայի ենթարկել այլ ազգերի և պետությունների ներսում ձևավորված իրավունքի գաղափարը, այլ հակառակը. «Մենք ինքներս պետք է մեզանում այնպիսի իրավունք զարգացնենք, որ այլ ազգերն ընդօրինակեն մեզ: Մենք դրա համար բոլոր նախադրյալներն ունենք»:

Զեկուցումների նպատակն էր, բոլոր ժամանակների լավագույն մտածողների մոտեցումները ներկայացնելով, քննարկել, թե ինչպիսի պետություն և իրավական համակարգ պետք է ձևավորել Հայաստանում 2050 թվականին:

Զեկուցող ուսանողները նախընտրությունը տվել էին հիմնականում անտիկ փիլիսոփաներին՝ Պլատոն, Արիստոտել, Ցիցերոն:

Պետական կառավարման համակարգի վերաբերյալ փիլիսոփաների անունից արված զեկուցումներում ուսանողներն անդրադարձան միապետությանը, կառավարման խառը համակարգին և պատասխանեցին հնչեցված հարցերին:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հենրիկ Անտոնյանը ներկայացրեց Ցիցերոնի անունից պետական կառավարման համակարգի մասին զեկուցումը:

Մեր այն հարցին, թե ինչու է ընտրել հենց այդ փիլիսոփային, պատասխանեց, որ իրեն միշտ հետաքրքրել են Ցիցերոնի գաղափարներն ու մտքերը, քանի որ հայտնի փիլիսոփան գտնում էր, որ օրենքները պետք է ստեղծվեն պետական գործիչների կողմից՝ հանուն քաղաքացիների բարօրության և պետության ամբողջականության:

«Ըստ Ցիցերոնի՝ պետք է ստեղծվի այնպիսի պետական համակարգ, որտեղ բոլոր քաղաքացիները կունենան հավասար իրավունքներ ու պարտականություններ, որոնք կկատարեն բարեխղճորեն, իսկ պետական գործիչների կարևորագույն առաջադրանքը կլինի գործել ի շահ ժողովրդի»,- ասաց  նա:

Անի Պողոսյան