09.12.2008 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ԵՐԿՐԱՇԱՐԺ. 20 ՏԱՐԻ ԱՆՑ
ԵՐԿՐԱՇԱՐԺ. 20 ՏԱՐԻ ԱՆՑ
25 հազար զոհ, 250 հազար վիրավոր, 500 հազար անօթեւան:

20 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժի վերքերը դեռ թարմ են, բազմաթիվ հարցերը` անպատասխան: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ տեղի ունեցավ նման երկրաշարժ, ինչո՞ւ Հայաստանն այդքան անպատրաստ եղավ դիմակայելու աղետին, ո՞վ էր մեղավոր եւ ի՞նչ կարելի է անել` հետագայում էլ նույն սխալներից խուսափելու համար:

 

Այս հարցերը հուզում են ոչ միայն երկրաշարժերի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին, այլեւ այսօրվա ուսանողներին: ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն այսօր կազմակերպել էր սեմինար` «Բնական աղետներ` երկրաշարժ. արդի մարտահրավերներ, լուծման ուղիներ» թեմայով:

 

Ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ԱԻՆ ՍՊԱԾ) ներկայացուցիչներ, ովքեր ուսանողների հետ սեմինար անցկացրին երկրաշարժերի առաջացման, դրանց հետեւանքների, կանխատեսման եւ պաշտպանության մասին: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Հարություն Մովսիսյանն ասաց, որ ուսանողները եւս հանդես կգան զեկույցներով: «Այս սեմինարը հույժ կարեւոր նշանակություն ունի: Հայաստանը սեյսմիկ անկայուն գոտում է գտնվում, եւ հասարակության բոլոր անդամները, այդ թվում` ուսանողները, պետք է իրազեկ լինեն բնական աղետների, հատկապես երկրաշարժի մասին»,- ասաց ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը:

Նա հավելեց, որ միջոցառումները ոչ միայն պիտի ուղղված լինեն հանրության իրազեկմանը, այլեւ նախապատրաստեն նրանց արտակարգ իրավիճակներում խուճապի չմատնվելուն: ՍՊԱԾ սեյսմոլոգիայի բաժնի վարիչ Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց «Հայաստանի եւ հարակից տարածքների սեյսմիկ ռեժիմը եւ վտանգի գնահատումը» թեման` նշելով, որ Հայաստանում բնական աղետների 94 տոկոսը բաժին է հասնում երկրաշարժերին: ՍՊԱԾ կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանն էլ ներկայացրեց Հայաստանում կառուցվող շենքերի սեյսմակայունության թեման:

 

«Սպիտակում եւ Լենինականում երկրաշարժի հետեւանքով փլված շենքերը սխալ ինժեներական հաշվարկների արդյունք էին: Բայց քանի որ ավերվել էին ոչ բոլոր շինությունները, ուստի հասկանալի է, որ կային ճշգրիտ հաշվարկված եւ նախագծված կառույցներ, որոնք շատ քիչ են տուժել 7 մագնիտուդով եւ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով»,- ասաց մասնագետը: ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ Գրիգոր Գրիգորյանն էլ ցավում է, որ մենք նույնիսկ այսքան տարի անց պատրաստ չենք դիմակայելու բնական աղետներին: Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դասախոս Կամո Ալեքսանյանն ունկնդիրներին ներկայացրեց 88-ի երկրաշարժի մասին իր հեղինակած պոեմը` «11-ն անց 41» վերնագրով:

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։