28.10.2011 | 
Կրթություն, Հասարակություն
ԱՇԽԱՐՀԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԱՇԽԱՐՀԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում մեկնարկեց հոգեբանական եռօրյա միջազգային գիտաժողովը:

Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը հոկտեմբերի 28-ից 30-ը կազմակերպել է «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով: Աշխարհի 12 պետությունների 43 համալսարաններից ավելի քան 200 մասնագետներ առաջիկա երեք օրերի ընթացքում կներկայացնեն 50-ից ավելի զեկուցումներ:

 

Գիտաժողովի նպատակն է քննարկել կիրառական եւ տեսական հոգեբանության արդի հիմնախնդիրները, գտնել համընդհանուր եզրեր եւ մշակել համագործակցության հեռանկարներ: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Վերջիններս հատկապես կարեւորեցին այսպիսի գիտաժողովների առկայությունը հոգեբանության մտքի զարգացման գործում: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց համալսարանում հոգեբանական մտքի զարգացման պատմությունը եւ այժմյան ձեռքբերումները: Կարեւորելով գիտաժողովի նշանակությունը` նա ավելացրեց. «Հուսով եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կհեռանա հոգեբանության զարգացմանն ուղղված նոր ու թարմ մտքերով եւ իհարկե Հայաստանի մասին ջերմ տպավորություններով»:

 

Գիտաժողովի բացմանը ներկա էր ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով կարծում է, որ նմանօրինակ գիտաժողովները մեր գիտական մտքին հնարավորություն են տալիս ի մի բերելու անցյալի ավանդները եւ հասկանալու ներկան. «Հուսով եմ, որ այսպիսի գիտաժողովները կունենան իրենց շարունակությունը, որոնք կմիավորեն աշխարհում այս ոլորտի առաջատար մասնագետներին»: Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը մինչ զեկուցումների մեկնարկն ազդարարելը հյուրերին ներկայացրեց գիտաժողովի ծրագիրը, որը ներառում է ոչ միայն գիտական զեկուցումներ եւ քննարկումներ, այլեւ ծանոթություն Հայաստանի մշակութային ավանդույթների հետ: Նա նաեւ ներկաներին պատմեց Հայաստանում հոգեբանության ակունքների, զարգացման եւ ներկա վիճակի մասին: Նշենք, որ հոկտեմբերի 29-ին եւ 30-ին գիտաժողովը կանցկացվի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը: